Կոչ ենք անում մերժել միասնականութիւնը խաթարող նախաձեռնութիւնները
Յայտարարութիւն
Համազգային միասնութիւնը, իրօք որ, հայ ժողովրդի համար միակ փրկութիւնը կարող է լինել այս վճռորոշ ժամանակահատուածում: Արցախի քաղաքական ուժերն ու իշխանութիւնները իրենց յայտարարութիւններում ու կոչերում միշտ էլ կարեւորել են եռամիասնութեան գաղափարը եւ այդ ուղղութեամբ ձեռնարկուող գործնական քայլերը: Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան իրականացման համար կարեւորագոյն հանգրուաններ են եղել մայր հայրենիքում եւ Արցախում տարբեր ձեւաչափերով կազմակերպուած համաժողովներն ու քննարկումները: Այդ հաւաքներում մեր հայրենակիցների շփումները առիթ են եղել աշխարհին, մեր բարեկամներին ու հակառակորդներին ապացուցելու, որ յանուն արժէքների եւ կենսական կարեւորութիւն ունեցող հարցերի՝ հայ անհատը, աշխարհի որ անկիւնում էլ լինի, պատրաստ է զոհողութեան ու նուիրումի, համախմբման ու բռունցքուելու: Անցած տասնամեակներին Արցախը եղել է այդ համախմբման հիմնական առանցքը, հանդիսացել է հայկական աշխարհի խմորիչը, մարմնաւորել է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի տեսլականը: Արցախով է սկսուել եւ Արցախով իմաստաւորուել իւրաքանչիւր համախմբման կոչ, իւրաքանչիւր համահայկական գաղափար:
44-օրեայ աղէտալի պատերազմից յետոյ, Արցախի պետականութեան պահպանման, ամրապնդման եւ վէրքերի ապաքինման առումով համոզուած ենք, որ մեծ դեր կարող է ունենալ համազգային արժէքների ու եռամիասնութեան գաղափարի շուրջ համախմբումը: Սոյն թուականի հոկտեմբերի 28-31-ը Երեւանում նախատեսւում է անցկացնել Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Այդ ժողովի օրակարգին եւ կազմակերպման ընթացքին իրենց վերապահումներն են արտայայտել Հայ Առաքելական Եկեղեցու հովուապետները՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսութիւնները: Գագաթնաժողովին չեն հրաւիրուել կամ բոյկոտել են Սփիւռքի ազդեցիկ քաղաքական կազմակերպութիւններ ու անհատներ:
Գագաթնաժողովի օրակարգը եւ նախատեսուած միջոցառումները պատշաճ ու համարժէք չեն անդրադառնում Արցախին եւ նրա առջեւ ծառացած մարտահրաւէրներին: Արցախը բացակայում է այս գագաթնաժողովից, այն պարագայում, երբ պէտք է համազգային տագնապի կոչնակ հնչեցնել: ՀՀ իշխանութիւնները ոչ մի ջանք չեն խնայում Արցախն ու Արցախի հարցը դուրս մղելու թէ՛ միջազգային, եւ թէ՛ համահայկական օրակարգից: Այս գագաթնաժողովը նշուած իրականութեան եւս մէկ ապացոյցն է: Արցախն անտեսող եւ կեղծ համահայկականութեամբ քողարկուած այս ժողովը անընդունելի պէտք է լինի բոլոր նրանց համար, ում համար թանկ են հայոց պետականութիւնը եւ նրա ամրութիւնն ապահովող հիմնասիւները:
Հիմք ընդունելով վերը նշւած իրողութիւնները՝ կոչ ենք անում մեր հայրենակիցներին, Արցախի պետական այրերին մերժել միասնականութիւնը խաթարող նախաձեռնութիւնները:
Արդարութիւն կուսակցութիւն
Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն
ՀՅԴ Արցախի կառոյց
24 հոկտեմբերի, 2022թ.