Կը ստեղծենք «Աղաւնոյ» պետութիւն՝ եթէ այսպէս շարունակուի. գիւղապետ

Լուրեր շրջանառուեցին, որ զինաթափւում են Արցախի՝ խաղաղարարների տակ գտնուող հատուածները: Հասկանալու համար՝ ի՞նչ զինաթափման մասին է խօսքը, Yerkir.am-ը զրուցել է Քաշաթաղի շրջանի Աղաւնոյ համայնքի ղեկավար, հայրենադարձ, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չաւուշեանի հետ։

Յիշեցնենք՝ «ԱՐԻ» ներդրումային ծրագրի շնորհիւ հիմնադրուած գիւղը գտնւում է Աղաւնոյ գետի ափին՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու հարևանութեամբ, դէպի Ստեփանակերտ ճանապարհին հանդիպող Արցախի առաջին գիւղն է։ Այն այսօր ընկնում է մարդասիրական միջանցքի տարածքում, որի անվտանգութիւնը պէտք է ապահովեն ռուս խաղաղապահները։  Չնայած Աղաւնոյից ընտանիքներ դուրս են եկել, սակայն մի մասը դեռ գիւղում է:

Գիւղ մտնողին այս օրերին դիմաւորում է համայնքի մուտքի մօտ զէնքով կանգնած գիւղապետը, ով գիւղում մնացած տղամարդկանց հետ միասին անձամբ է հսկում գիւղի անվտանգութիւնը:

«Սա մեր տունն է, մեր հողը, մեր ապրելու յոյսը և սա մենք չենք չափում մեթրով, մենք այն չափում ենք արիւնով, յանուն նրա նահատակուած ամէն հայի արիւնով»,- ասում է գիւղապետը և չի կարողանում թաքցնել ոչ յուզումը, ոչ էլ ցասումն ու ըմբոստացումը։

Հարցին՝ ակտիվ խոսւում է զինաթափման մասին, արդեօ՞ք իրենց էլ են պարտադրել զինաթափուել, կամ, առհասարակ ինչ զինաթափման մասին է խօսքը, Անդրանիկ Չաւուշեանը պատասխանեց, որ ռուս խաղաղապահները բոլորին պարտադրել են յանձնել զէնքը, հիմնաւորելով, որ նրանք կ՚ապահովեն բնակիչների անվտանգութիւնը և յաւելել, որ ստորագրուած պայմանագրով հինգ տարի նրանք զէնք կրելու իրաւունք չունեն:

«Ես չեմ ենթարկուել և չեմ ենթարկուելու, լսել եմ, որ Արցախի իշխանութիւնը յանձնել է զէնքը, բայց ես չեմ կարող դա անել, իմ գիւղի անվտանգութեան երաշխիքը միայն իմ զէնքն է»,- ասում է գիւղապետը՝ յաւելելով, որ չկայ ոչ մի երաշխիք գիւղի անվտանգութեան համար:

«Ոչ ոք ինձ գրաւոր երաշխիք չի տալիս, որ ես հանգիստ լինեմ գիւղի բնակչութեան համար, այն բնակիչների, որոնք ինձ են վստահել իրենց կեանքը: Ես այսօր գիւղապետ չեմ, այլ ժողովրդիս պաշտպանը։ Գիւղում ամէն օր կրակոցներ են լսւում, տեսանք՝ որքան գերեվարուածներ ունեցանք, մեր գիւղում կայ երեք անհետ կորած, ես ինչպէ՞ս պէտք է յանձնեմ զէնքը, կամ ու՞մ վստահեմ ինձ վստահուած պարտականութիւնը, գիւղի պաշտպանական գիծը մերն է, մենք չենք կարող այն չպաշտպանել: Ես մինչև այսօր իմ զինուորական հագուստը չեմ հանել և միշտ համար մէկ դրութեան պատրաստ վիճակում եմ»,- պնդում է գիւղապետը և աւելացնում, որ վերջին օրերին ռուս զինուորականներն ադրբեջանական կողմին ճանապարհ են տրամադրել Աղաւնոյի տարածքով, և այսօր ադրբեջանցիներն անցնում են իրենցից մի քանի մեթր հեռաւորութեամբ։

«Ժամանակաւոր տարածքներում, որտեղ իրենք պէտք է մնան, սկսել են շատ զինուորականներ կուտակել, ես ռուս խաղաղապահին վստահեմ, իսկ թուրքին կարո՞ղ եմ վստահել, ով չգիտեմ, թէ ինչ նպատակով է կուտակւում մեզանից մի քանի մեթր այն կողմ»,- նշում է նա։

Անդրանիկ Չաւուշեանն ըմբոստացել էր նաև, երբ նրան ասել էին, թէ պէտք է գիւղից հանես Հայաստանի դրօշը. «Ես Սիրիայի քաղաքացի եմ, Սիրիայում մենք միշտ վեհ ենք պահել մեր հայրենիքի դրօշը, իսկ մեր հայրենի հողի վրայ մեզ ասում են հանէք դրօշը, դա նշանակում է իմ մահը, և ես ասել եմ խաղաղապահներին՝ այն հանելու համար նախ ինձ ու իմ ընտանիքը պիտի սպանէք, որովհետև իմ ընտանիքի ամէն անդամ այդ դրօշի պահապան է։ Կը սպանե՞ն՝ թող սպանեն»։

Աղաւնոն սահմանագիծ է, պետական մարմինների կողմից չկայ յստակ պատասխան գիւղի հետագայ կարգավիճակի վերաբերեալ, և, եթէ այսպէս անորոշ շարունակուի, մենք կը ստեղծենք Աղաւնոյ պետութիւն. գիւղապետի հաստատակամ որոշումն է:

«Գիւղը հիմնուել է քարը քարի վրայ դնելով. Աղաւնոն պիտի ապրի և պիտի ապրի հայկական, մենք նոր ենք գնացել Դադիվանք մեր պատարագն արել, մենք այստեղ, մեր հողի վրայ ապրելու ենք և սա իմ համար կամ մահ կամ ազատութիւն է»,- եզրափակեց Անդրանիկ Չաւուշեանը։

ԱՐՄԻՆԷ ՄՈՒՔՈՅԵԱՆ ԹԱՇՃԵԱՆ

Leave a Comment

You must be logged in to post a comment.