Կեանքից հեռացել է Արցախեան Ազատամարտի մասնակից, Ալավերդու ՀՅԴ ջոկատի հրամանատար Սասուն Սիմոնեանը
Խոր կսկիծով յայտնում ենք ազատամարտիկ, Արցախեան գոյապայքարի մասնակից, Ալավերդու ՀՅԴ ջոկատի հրամանատար Սասուն Սիմոնեանի մահուան մասին և ցաւակցում հանգուցեալի ընտանիքին, հարազատներին ու մարտական ընկերներին։
Սասուն Սիմոնեանը ծնուել է 1951 թ. նոյեմբերի 19-ին, Ալավերդի քաղաքում։
1989-1990 թթ. մասնակցել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերին՝ Նոյեմբերեանի և Իջևանի շրջաններում։
1989 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ալավերդու ՀՅԴ ջոկատի կազմով կազմակերպել է Մարտակերտի շրջանի Ղազանչի գիւղի ինքնապաշտպանութիւնը։
1991 թ. մայիս-հուլիս ամիսներին ՀՅԴ ջոկատը նրա հրամանատարութեամբ մասնակցել է Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Վերին Շէն գիւղերի պաշտպանական մարտերին։ 1992 թ. ապրիլի 5-ից մինչև Շահումեանի շրջանի անկումը մասնակցել է Էրքեջի և Բուզլուխի պաշտպանութեանը։
Շահումեանի շրջանի հայաթափումից և նահանջից յետոյ ջոկատով միացել է ՀՅԴ վաշտին և մասնակցել Մարտակերտի շրջանի բնակավայրերի ինքնապաշտպանութեանը, որտեղ էլ յունիսի 29-ին վիրաւորուել է ձախ ոտքից։
Նրա հրամանատարութեամբ Թումանեանի կամաւորականները 2016 թ. ապրիլի 3-24-ը մասնակցել են ապրիլեան մարտական գործողութիւններին։
Մարտական գործողութիւնների ընթացքում ցուցաբերած արիութեան համար պարգևատրվել է Արցախի Արիութեան և ՀՀ Մարտական ծառայութեան մետալներով։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
ՀՅԴ Լոռու Մարզային կոմիտէ
ՀՅԴ Ալավերդու կոմիտէ
09.04.2020 թ.