«Կատարուած յանցանքի ընդունումը կ՚ազդի Թուրքիայի միջազգային վարկի վրայ, առաջ կու գան պատասխանատուութեան եւ փոխհատուցման հարցերը». Հարցազրոյց ցեղասպանագէտ Մարի Յովհաննիսեանի հետ

Հարցազրոյց՝ «Ուրացման քաղաքականութեան արմատները, նորօրեայ դրսեւորումները եւ նրանց հետեւանքները» գրքի հեղինակ Մարի Յովհաննիսեանի հետ

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ՝ «ՈՒՐԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ, ՆՈՐՕՐՅԱՅ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՒ ՆՐԱՆՑ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ» ԳՐՔԻ ՀԵՂԻՆԱԿ

ՄԱՐԻ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ ՀԵՏ

 

 

Հայոց ցեղասպանութեան ժխտման Թուրքիայի Հանրապետութեան պետական շարունակական քաղաքականութեան համատեքստում կարևորւում են ինչպէս հայ, այնպէս էլ օտարազգի հետազօտողների ուսումնասիրութիւնները։ Հայոց ցեղասպանութեան թուրքական ժխտողականութեան պատճառների և դրանց հետևանքների, քաղաքական, սոցիալական, հոգեբանական, մշակութային հարցերի շուրջ զրուցեցինք Հայաստանի ազգային արխիւի գիտահետազօտական բաժնի գիտաշխատող, քաղաքագէտ, ցեղասպանագէտ, «ՈՒՐԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ, ՆՈՐՕՐՅԱՅ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՒ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ» խորագրով մենագրութեան հեղինակ Մարի Յովհաննիսեանի հետ։

Հարցազրոյցը վարեց՝ Թեհմինէ Մարտոյեանը

Թ. Մարտոյեան. Թուրքիայի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի բարձրագոյն խորհրդատուական մարմնի վերջերս հրաւիրած նիստում նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի գլխաւորութեամբ, համաձայն պաշտօնական հաղորդագրութեան, քննարկուել են այն «գործողութիւնները», որոնք պէտք է իրականացուեն ընդդէմ «1915 թ. դէպքերի վերաբերեալ Թուրքիայի դէմ անհիմն պնդումների»։

Յարգելի՛ Մարի Յովհաննիսեան, ինչպէ՞ս կը մեկնաբանէք Թուրքիայի Հանրապետութեան վերոյիշեալ «գործողութիւնների ծրագիրը»։

Մ. Յովհաննիսեան. Սա եւս մէկ անգամ փաստում է, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանութեան ժխտումը մշտապէս գտնւում է քաղաքական օրակարգում։ Սա եւս մէկ անգամ փաստում է, որ Թուրքիան չի փոխուել, որ հայատյացութիւնը, ուրացումը Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականութեան անքակտելի բաղկացուցիչն են։ Այս փաստը եւս մէկ անգամ ապացուցում է, որ Թուրքիայի կողմից մերթընդմերթ հնչող «բարեկամական» կոչերն ու առաջարկները լոկ խաբկանք են միջազգային հանրութեան աչքում բարեմիտ երեւալու եւ արդի խնդիրներում հայերին մեղադրելու համար։ Սա եւս մէկ անգամ փաստում է, որ Հայոց ցեղասպանութեան ժխտումը բոլոր ուղղութիւններով՝ քաղաքական, գիտական, մշակութային մշակւում եւ կառավարւում է Թուրքիայի բարձրաստիճան պետական մարմինների կողմից։

 

Թ. Մարտոյեան. Կարևորելով Հայոց ցեղասպանութեան ժխտման Թուրքիայի Հանրապետութեան պետական քաղաքականութեան վերաբերեալ Հայաստանի Հանրապետութիւնում և արտերկրում հրատարակուած ձեր ուսումնասիրութիւնները, հետաքրքիր է յատկապէս ձեր վերաբերմունքը խնդրին։

Մ. Յովհաննիսեան. Շնորհակալ եմ ձեզ եւ բոլորին, ովքեր ծանօթ են եւ կարեւորում են ուսումնասիրութիւններս։ Անշուշտ, այս թեմայով ուսումնասիրութիւնները պէտք է լինեն շարունակական, քանի որ Հայոց ցեղասպանութեան ժխտումը` յանցագործութիւնն իրագործած պետութեան կողմից շարունակւում է։

Ոչ միայն Հայոց ցեղասպանութեան, այլեւ որեւէ այլ ցեղասպանութեան կամ յանցագործութեան ուրացումը աղէտալի է նախ եւ առաջ այն իրագործած պետութեան եւ ժողովրդի համար, ապա նաեւ ցեղասպանութիւնը վերապրած եւ համայն մարդկութեան համար։ Ցեղասպանութեան ժխտումը բազմաշերտ, բազմաճիւղ, ակներեւ, բայց նաեւ քօղարկուած յանցագործութիւն է։ Ցեղասպանութեան ժխտում յանցագործութիւնը իրագործւում է ամենատարբեր ռեսուրսների կիրառմամբ։ Ցավօք, բայց յաճախ ցեղասպանութեան ժխտման դէմ պայքարողները եւս ընկնում են ժխտողականների (ես յատուկ եմ կիրառում «ժխտողական» բառը, քանի որ ժխտողական քաղաքականութիւն մշակողները ժխտումը դարձրել են գաղափարախօսութիւն, գոյութեան գրաւական. սա այլեւս իրենց համար կենսակերպ է, իրենք սովորական ժխտողներ չեն) լաւ քօղարկուած ուրացման ծուղակը։ Յօրինում են երկիմաստ, առաջին հայեացքից անմեղ, բարեմիտ թուացող թէզ կամ առաջարկ, որի թէ՛ ընդունումը, թէ՛ մերժումը դառնում է քաղաքական շահարկման առիթ։ Անհրաժեշտ է պայքարել նախ այսօրինակ ժխտողականութեան դէմ, այլապէս առերեւոյթ լաւակամ առաջարկն ընդունելի կարող է դառնալ նաեւ Ցեղասպանութիւնը չժխտողների համար, ինչը նշանակում է, որ համալրւում են ժխտողականների շարքերը այն մարդկանցով, ովքեր կամ պայքարում են ժխտման դէմ, կամ պարզապէս անտարբեր են այս հարցի նկատմամբ։

 

Թ. Մարտոյեան. Ինչո՞ւ զբաղուել Ցեղասպանութեան ժխտողականութեան խնդրով։

Մ. Յովհաննիսեան. Ցեղասպանութեան ժխտողականութեան խնդրով զբաղուել նշանակում է պայքարել ցեղասպանութիւնների, ցեղասպանական գործողութիւնների իրագործման դէմ, պայքարել ցեղասպանութեան ժխտման դէմ, նպաստել արդարութեան վերականգնմանը, կանխարգելել նմանօրինակ յանցագործութիւնների կրկնութիւնը, ստեղծել արդարամիտ եւ արդարադատ, համերաշխ ու առանց հակամարտութիւնների միջավայր, որն ի վերջոյ կը բերի կայուն զարգացում խոստացող պայմանների ապահովում բոլորի համար։

Ցեղասպանութեան ժխտողականութիւնն ուսումնասիրելիս, պարզեցի, որ ժխտումը սկսւում է ցեղասպանութիւնից առաջ կամ դրան զուգահեռ։ Ժխտողականութեան բացայայտումն ու դրա տարածման կանխարգելումը ճիշտ ժամանակին կարող է օգնել խուսափելու ճակատագրական հետեւանքներից։ Ժխտումն ինքնին շատ վտանգաւոր երեւոյթը է։ Ես այս օրերին ուսումնասիրում եմ թագավարակի (COVID-19) գոյութեան, վտանգաւորութեան, տարածուածութեան, իրական սպառնալիք լինելու վերաբերեալ տարբեր երկրներում պետական մարմինների եւ հասարակութեան ժխտողական վերաբերմունքի դրսեւորումները։ Եզրակացութիւնս մէկն է՝ չլիներ մօտալուտ վտանգի ժխտումը, չէր լինի այն պատկերը, որն ունենք այսօր։ Սա շատ նման է նախացեղասպանական շրջանում թիրախաւորուած անձանց եւ կանխամտածուած ցեղասպանութեան զոհերի ժխտմանը, երբ մարդիկ պարզապէս չէին հաւատում, որ այդ սարսափելի դէպքերը կարող են իրենց հետ տեղի ունենալ։ Ճիշտ այնպէս, ինչպէս այս օրերին՝ շատերը չեն հաւատում հիւանդութեան գոյութեանը, քանի դեռ այն իրենց կամ իրենց հարազատ մէկի դուռը չի թակել։

 

Թ. Մարտոյեան. Ձեր համոզմամբ պատմութեան և իրականութեան հետ առերեսումն ու դրանից բխող հետևանքների վերացումը կարող է օգնել վերանայելու անցեալը, ազգային անվտանգութեանն ու ապագայի կայունութեանը սպառնացող որոշումները:

Մարի Յովհաննիսեան. Պատմութեան եւ իրականութեան հետ առերեսումն անհրաժեշտութիւն է նախ եւ առաջ այն մերժող, պատմութիւնը մասնատող եւ հատուածաբար ընդունող հասարակութիւնների եւ պետութիւնների համար։ Ոչինչ չի կարող սպառնալ ապագային այնպէս, ինչպէս անցեալի պարտքերը. սա է իմ համոզմունքը։ Ուզում ես ունենալ կայուն եւ անվտանգ ապագայ, պէտք է առանց վարանելու հաշիւներդ պարզես անցեալի հետ, վերադարձնես պարտքերդ, շտկես սխալներդ, այլապէս, ինչպէս իրաւամբ ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, «Չարիքը թաքցնելը կամ ուրանալը նման է թոյլ տալուն, որ վէրքը արիւնահոսի՝ առանց վիրակապելու այն»։

Այո՛, անհրաժեշտ է ուսումնասիրել անցեալում տեղի ունեցած բռնութիւնների, զանգուածային սպանութիւնների, ցեղասպանութիւնների ժխտման քաղաքականութիւնը, վերհանել խնդիրները, առաջարկել լուծումներ։ Ճշմարտութեան բացայայտումից, արդարութեան վերականգնումից եւ անպատժելիութեան վերացմանն ուղղուած ջանքերից բացի, հարկ է նաեւ կանխարգելել նմանօրինակ ոճրագործութիւնների կրկնութիւնը. Հայոց ցեղասպանութեան ժխտումն իր ձեւով ու կիրառելիութեամբ յաճախ է օրինակ ծառայել այլ ցեղասպանութիւնների ժխտողական քաղաքականութեան մշակման եւ իրականացման համար։

 

Թ. Մարտոյեան. մեկնաբանեք խնդրեմ Ձեր թէզը, համաձայն որի ցեղասպանութեան ժխտումն սկսւում է շատ աւելի վաղ, քան բուն յանցագործութիւնը:

Մ. Յովհաննիսեան. Պնդումը, որ ցեղասպանութեան ժխտումն սկսւում է աւելի վաղ, քան բուն յանցագործութիւնը, առաջին հայեացքից կարող է պարադոքսալ եւ անտրամաբանական թուալ, քանի որ, համաձայն ընդունուած կարծիքի, կարող է ժխտուել միայն այն, ինչ արդէն իսկ գոյութիւն ունի: Բայց դէպքերի եւ իրադարձութիւնների աւելի խորը եւ մանրազննին վերլուծմամբ պարզ է դառնում, որ յանցագործութիւն կատարող անձինք կամ մի ողջ պետական ապարատ նախ եւ առաջ պարարտ հող են պատրաստում կատարուելիք գործողութիւնները ժխտելու համար. յօրինում եւ տարածում այն միֆը, թէ այն, ինչ կատարուելու է, այն չէ, ինչ հետագայում կարող է տարատեսակ մեկնաբանութիւնների տեղիք տալ։ Յաճախ ցեղասպանութիւնից առաջ իրականացուող ժխտողական քաղաքականութիւնը շփոթում են ապամարդկայնացման հետ, որի նպատակն է զոհերին վատաբանելով՝ տուեալ հասարակութեան այլ անդամներին ցեղասպանական գործողութիւնների մէջ ներքաշել, մասնակից կամ յանցակից դարձնել։ Իսկ նախացեղասպանական ժխտումն ուղղուած է թիրախաւորուած զոհերին եւ միջազգային հանրութեանը եւ հետապնդում է գործողութիւններն անարգել աւարտին հասցնելու նպատակ։ Ժխտման այս մեթոտը կիրառւում է միայն ցեղասպանութիւնների ժխտման պարագայում։ Մի ողջ ազգի բնաջնջում իրականացնել ցանկացող պետական ապարատը կամ մարդկանց խումբն իր գործողութիւնները իրականացնելու համար պէտք է նախ համոզի հնարաւոր զոհերին, որ այն, ինչ սպասւում է, կատարուելու է յանուն իրենց իսկ անվտանգութեան եւ շահերի, քանզի զանգուածային սպաննութիւններ իրագործելու համար անհրաժեշտ է ձեռք առնել նախապէս ծրագրուած, բծախնդրօրէն մշակուած միջոցառումներ։ Սա արւում է նաեւ հնարաւոր պաշտպանութիւնից կամ երրորդ կողմի միջամտութիւնից խուսափելու մտադրութեամբ։

 

Թ. Մարտոյեան. Որո՞նք են Ցեղասպանութեան ժխտման շարժառիթները։

Մ. Յովհաննիսեան. Ինչպէս ցեղասպանութեան իրականացման, այնպէս էլ դրա ժխտման համար ահռելի մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ։ Ժխտողական քաղաքականութիւն որդեգրած պետութիւններն ու դրանցում ակտիւ մասնակցութիւն ունեցող անձինք (պետական պաշտօնեաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, գիտնականներ, ակտիւիստներ) լաւ փաստագրուած ոճրագործութիւնները եւ բռնութիւնները ժխտելու համար ունեն իրենց շարժառիթները։

Թուրքական ժխտողական քաղաքականութեան շարժառիթներից մէկն այն է, որ բռնութիւնը թուրքական իրականութեան մէջ դարերի ընթացքում դարձել է գոյութեան երաշխիք, իսկ դրա ժխտումը, ներթափանցելով մշակոյթի մէջ, վերածուել է ինքնութեան մի մասի եւ գոէութեան պահպանման առհաւատչեայի։ Այլոց նկատմամբ բռնութեան կիրառմամբ կայսրութիւն ստեղծելը, այդ բռնութիւններին մասնակցած անձանց հերոսացնելը ստեղծել են ինքնախաբէութեամբ սնուած, ստով ու կեղծիքով համակուած մի մթնոլորտ, որի քօղազերծումը հիմնայատակ կը քանդի այն գաղափարական հիմքերը, որոնց վրայ կառուցուել են ազգային ինքնութիւն, ազգային անվտանգութիւն, ապագայի վերաբերեալ ազգային տեսլական հասկացութիւնները, եւ այդուհետ անխուսափելի հարցերի տեղատարափը եւ պատասխանատուութեան ստանձնման պարտադրանքը կը փլուզեն երկիրը ներսից եւ դրսից։

Ժխտման պատճառներից մէկն էլ այն վախն է, որ կատարուած յանցանքի բացայայտ ընդունումը մեծապէս կ’ազդի Թուրքիայի միջազգային վարկի վրայ, առաջ կու գան պատասխանատուութեան եւ փոխհատուցման հարցերը։

Ժխտման դրդապատճառներից մէկն էլ այն է, որ ներկայիս Թուրքիայի հիմնադիրներն ու հերոսացած պետական գործիչներից շատերն անմիջական մասնակցութիւն են ունեցել Ցեղասպանութեան իրագործմանը եւ հարստացել են հայերի ունեցուածքը կողոպտելու միջոցով։

Ամփոփելով՝ կարելի է փաստել, որ քաղաքական դաշտում որպէս ժխտման շարժառիթներ հանդիսացել են արտաքին եւ ներքին մարտահրաւէրները։ Որպէս արտաքին գործօններ դիտարկւում են հայերի կողմից պահանջների ներկայացումը, իրաւական դաշտում հարցերի պարզաբանումը, գերտէրութիւնների կողմից հարցի շահարկմամբ քաղաքական, ռազմական, տնտեսական ճնշումները, իսկ ներքին հարցերը վերաբերում են ինքնութեան խնդիրներին՝ ոճրագործութիւններին մասնակցած ազգային հերոսների դիմակազերծում, ինքնութեան ճգնաժամի սաստկացում, պետութեան փոքրամասնութիւնների կողմից իրենց իրաւունքների բարձրաձայնում։

 

Թ. Մարտոյեան. Տարածաշրջանային խաղաղութեան պահպանման հարցում ի՞նչ դերակատարութիւն ունի ժխտողականութիւնը։

Մ. Յովհաննիսեան. Պատմութեան հետ առերեսումը տարածաշրջանային խաղաղութեան ապահովման եւ պահպանման գրաւականներից մէկը կարող է լինել։ Այո՛, Հայոց ցեղասպանութեան ժխտումը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղութեան հաստատման գործընթացին։ Արդէն մէկ դար շարունակուող պայքարը՝ հայկական կողմի՝ Ցեղասպանութեան ճանաչմանն ուղղուած եռանդուն ջանքերը, այն արտաքին քաղաքականութեան բաղկացուցիչ դարձնելու անդրդուելի որոշումը, ներազգային խնդիրների քննարկման մէջ մշտապէս Ցեղասպանութեան յիշողութեան եւ նորանկախ Հայաստանի պայմաններում նաեւ պահանջատիրութեան հարցի բարձրաձայնումը, այս ամենին զուգընթաց՝ թուրքական կողմի մոլեռանդ պայքարը՝ անցեալում տեղի ունեցած յանցագործութիւնների անխոտոր ժխտումը, թւում է, թէ անյաղթահարելի են դարձրել երկու ժողովուրդների միջեւ անջրպետի վերածուած թշնամանքի, հակակրանքի, կասկածանքի, անվստահելիութեան, որոշ չափով նաեւ վախի մթնոլորտը, որն անտարակոյս ձեւաւորել է քաղաքական եւ հասարակական մի միջավայր, որում ապագան անվտանգութեան առումով մշուշապատ է եւ անկանխատեսելի։

Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը փակ է 1994 թ. ի վեր եւ այն բացելու, յարաբերութիւններ հաստատելու նախապայմաններից մէկը եղել եւ մնում է Հայոց ցեղասպանութեան հարցը։ Փակ սահմանը խոչընդոտում է Հայաստանի, Թուրքիայի արեւելեան շրջանների եւ ամբողջ տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական զարգացմանը, որն առաջ է բերում քաղաքական անկայունութիւն։

Բացի այս, Հայոց ցեղասպանութեան փաստը, ցաւօք, որոշ պետութիւնների ղեկավարների համար դարձել է խաղաթուղթ Թուրքիայի հետ արտաքին քաղաքականութիւն մշակելու, սեփական շահերը պարտադրելու առումով։

 

Թ. Մարտոյեան. Հայոց ցեղասպանութեան թուրքական ժխտողականութիւնը ներթափանցել է նաև գիտական շրջանակներ։ Ձեր մեկնաբանութիւնը։

Մ. Յովհաննիսեան. Ցաւօք, բայց 1970-ական թթ. ի վեր ցեղասպանութիւնների ժխտումը ներթափանցեց նաեւ գիտական շրջանակներ, որը պայմանաւորած էր երկու հանգամանքով։ Նախ 1965 թուականից ի վեր սկսուեց Հայոց ցեղասպանութեան միջազային ճանաչման եւ դատապարտման գործընթացը, որը պէտք է հակազդեցութեան արժանանար Թուրքիայի կողմից։ Իսկ երկրորդ հանգամանքը 1970-ական թթ. առանձին գիտական ճիւղի՝ ցեղասպանագիտութեան սկզբնաւորումն էր։ Այս շրջանում հիմնադրուեցին ցեղասպանութիւնների ուսումնասիրման կեդրոններ, համալսարաններում բացուեցին ամպիոններ, հրապարակուեցին վերապրողների յուշագրութիւններ, լոյս տեսան գիտական ուսումնասիրութիւններ։ Այս ամէնն աւելի շատ իրականացւում էր Հոլոքոստի ուսումնասիրութեան շրջանակներում, սակայն մեծ էին նաեւ Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեանն ուղղուած ջանքերը։ Այսպէս օրինակ՝ ցեղասպանութիւնների ուսումնասիրութեանը նուիրուած առաջին գիտաժողովի կազմակերպումը խոչընդոտելու, Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ զեկուցումների չեղարկելունն ուղղուած լայնածաւալ աշխատանքները, Թուրքիայի բուռն արձագանգն ու հնչեցրած սպառնալիքները, Իսրայէլի ներգրաւուածութիւնը թուրքական ժխտողական քաղաքականութեան մէջ վկայում էին այն ժամանակ նոր-նոր սկսուող ու աստիճանաբար ահագնացող գիտական կեղծարարութեան մասին, որ պիտի ստուերէր գիտութեան՝ անաչառ ու արդար լինելու, իրականութիւնը ներկայացնելու առաքինութիւնը։ Թուրքիայի կառավարութիւնը Հայոց ցեղասպանութեան ուրացման քաղաքականութեան տարածման մէկ այլ՝ աւելի վտանգաւոր ու քօղարկուած մեթոտ մշակեց եւ կեանքի կոչեց, համաձայն որի «Թուրքիայի պատմութեան ուսումնասիրման եւ թուրքագիտութեան զարգացման» անուան ներքոյ սկսեցին ֆինանսաւորել արտասահմանեան, մասնաւորապէս ամերիկեան բուհերում գիտական, հետազօտական աշխատանքներ իրականացնող ուսանողներին եւ գիտնականներին, ովքեր հետագայում պէտք է շարունակէին իրենց գործունէութիւնը այդ կամ մէկ այլ հեղինակաւոր բուհում կամ գիտահետազօտական կեդրոնում, որի ականատեսն ենք մենք այսօր։

 

Հարցազրոյցը վարեց՝ Թեհմինէ Մարտոյեանը

Պատմական գիտութիւնների թեկնածու

Թանգարանային ցուցադրութիւնների կազմակերպման

բաժնի աւագ գիտական աշխատող

«Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ

 

Մարի Վլադիմիրի Յովհաննիսեանը ծնուել է 1985թ.-ին, Երևանում: 2006 թ. աւարտել է Երևանի պետական համալսարանի լրագրութեան ժբաժանմունքը, իսկ 2009-2010 թթ. ուսանել է Պուտապեշտի Կեդրոնական եւրոպական համալսարանի (CEU) Քաղաքագիտութեան ֆակուլտետում և ստացել մագիստրոսի կոչում:

2010-2012 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում՝ որպէս գիտաշխատող: 2016 թ. աշխատանքի է անցել Հայաստանի ազգային արխիւի գիտահետազօտական բաժնում:

2012 թ. Գերմանիայում անգլերէն լեզուով լոյս է տեսել Մ. Յովհաննիսեանի «Անցեալի և ներկայի բախումը. Հայոց ցեղասպանութեան հաւաքական յիշողութիւնը և թուրքական ժխտողականութիւնը» մենագրութիւնը:

2014 թ. Քարնէկի հետազօտական ծրագրի շրջանակներում հետազօտական աշխատանքներ է կատարել ԱՄՆ-ի Գլարք համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանագիտութեան ուսումնասիրութիւնների կեդրոնում:

2014 թ. մասնակցել է Զորեան ինստիտուտի և Թորոնթոյի համալսարանի կազմակերպած` Ցեղասպանագիտութեան և մարդու իրաւունքների համալսարանական դասընթացին: Մասնագիտական վերապատրաստումներ է անցել Հայաստանում, Իտալիայում և Սերպիայում:

Մարի Յովհաննիսեանը հեղինակ է մի շարք գիտական յօդուածների և հրապարակումների:

 

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.