Կան հիմքեր կասկածելու, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը թափանցիկ չէ

Ինչքան էլ այս իշխանութիւններն ասեն, թէ Թուրքիայի հետ առանց նախապայմանների են բանակցում, ակնյայտ է, որ այդ նախապայմանները կան և ակնյայտ է, որ Հայաստանը գուցէ այդ նախապայմանները բաւարարելու խոստում տուել է։ Այս մասին Ազգային ժողուում այսօր լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

Նա նշեց, որ այդ առումով ընդդիմադիր պատգամաւորների զայրոյթը տեղին է։ Պատգամաւորը նշեց, որ հայ–թուրքական յարաբերութիւններում կան հիմքեր կասկածելու, որ այդ գործընթացը թափանցիկ չէ։

«Մենք միշտ ասել ենք, որ կողմ ենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատելուն, բայց իրենք հիմա էլ նախապայմաններ են դնում»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է ընդդիմութեան պայքարին, ապա նա ասաց, որ իրենք ռեսուրսներ են հաւաքում, քանզի պէտք է ունենան այնքան ռեսուրս, որպէսզի կարողանան իրականացնել ռազմավարական նպատակները։

Անդրադառնալով հայաստանեան ներքաղաքական կեանքի մասին առաջին նախագահ Լևոն Տէր-Պետրոսեանի օրերս արած յայտարարութեանը՝ պատգամաւորն ասաց․ «Նա փորձում է վեր դասել իրեն քաղաքական համակարգից, բայց պէտք չէ մոռանալ, որ այդ համակարգի հիմնադիրներից մէկը՝ Լևոն Տէր-Պետրոսեանն է, և այսօրուայ քաղաքական ուժը, որը գտնւում է իշխանութեան, նոյնպէս ստեղծուեց իր բարձր հովանու ներքոյ, չմոռանանք՝ ով էր Նիկոլ Փաշինեանը մինչև «Հայ ազգային կոնգրեսով» պատգամաւոր դառնալը, ընդամէնը մի ժուռնալիստ, ում քչերն էին ճանաչում»,–ասաց նա։

Leave a Comment

You must be logged in to post a comment.