Լոյս է տեսել Սամուէլ Կարապետեանի «Արցախի մանրատեղանուններ» գիրքը
Բեկոր եւ Մարիլու Փափազեանների հովանաւորութեան ներքոյ իրականացաւ եւ լոյս տեսաւ Սամուէլ Կարապետեանի վաղեմի երազանքներից մէկը՝ «Արցախի մանրատեղանուններ» գիրքը։ Սա իր տեսակի մէջ եզակի աշխատութիւն է, որում Սամուէլ Կարապետեանը ներկայացրել է վիմագիր արձանագրութիւններում, միջնադարեան գրաւոր աղբիւրներում, գրականութեան մէջ ներառուած մանրատեղանունները։ Այս մասին Սամուէլ Կարապետեանի «Արցախի Մանրատեղանունները» գրքի շնորհանդէսի ժամանակ ասաց Հայկական ճարտարապետութիւնը ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Էմմա Աբրահամեանը։ Տեղեկացնում է Yerkir.am-ը:
«Երբ Սամուէլն աշխատում էր Քոլատակ գիւղի մօտ գտնուող «Կօշիկ» անապատում, այնտեղ եկեղեցուն նուիրատուական արձանագրութիւններից մէկում ընթերցում է ձկնաւազ բառը, որից յետոյ հարցնում է գիւղացիներին, որոնք անմիջապէս արձագանգում են` ասելով, որ սա մեր ծկնաւազն է, եւ պարզւում է, որ այդ անունը կրող տեղամասը գտնւում է շուրջ 5 ու կէս քիլոմեթր հիւսիս-արեւելք՝ Թբլղուր գիւղի մերձակայքում, եւ հէնց այդ ժամանակուանից սկսած Սամուէլն իր առաջ նպատակ է դնում հաւաքագրել մանրատեղանունները, ճշգրիտ տեղորոշել եւ մոռացութիւնից փրկել։ Նա միշտ օրինակ էր բերում Արեւմտեան Հայաստանի մեր կորցրած տեղանունները, եւ ասում էր, որ պէտք է մենք կարողանանք փրկել մեր մանրատեղանունները՝ դրանք ճշգրիտ տեղորոշելով»,- ասաց նա։
Հիմնադրամի ղեկավարը նշում է, որ շատ կ՚ուզենար, որ մեր ազգագրագէտներն ու բանասէրները լծուէին մանրատեղանունների հաւաքագրման եւ քարտէսագրման գործին, իրենք ուղղակի ֆիզիքապէս չեն հասցնում։
«Սամուէլ Կարապետեանն աշխատանքները ամբողջացնում է 2002 թուականին ԱՄՆ-ի Հայ օգնութեան ֆոնտի «Գիտութիւն եւ կրթութիւն» ազգային հիմնադրամի յատկացրած դրամաշնորհի շնորհիւ եւ որոշում է, թէ ինչպիսին պէտք է լինի գիրքը։ Այսօր գիրքը հրապարակուել է այնպէս, ինչպէս պատկերացրել է Սամուէլ Կարապետեանը»,- նշեց նա։