Լայնածաւալ յարձակման դէպքում խաղաղապահները դիմադրութիւն ցոյց տալու ոչ մանդատ ունեն, ոչ էլ կարող են ունենալ․ Վրթանէսեան

Ադրբեջանի կողմից լայնածաւալ յարձակման դէպքում խաղաղապահները դիմադրութիւն չեն կարող ցոյց տալ, քանի որ, նախ և առաջ, դրա մանդատը չունեն։ Այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նշեց ռազմական վերլուծաբան Կարէն Վրթանէսեանը՝ շեշտելով, որ նման մանդատ չի էլ տրուելու խաղաղապահ ուժերին, քանի որ Ադրբեջանը ոչ մի պարագայում դրան չի համաձայնուի։ «Եթէ անգամ ենթադրենք, որ լայնածաւալ յարձակում է լինում, ու ռուսները որոշում են կռուել մեր կողմից, արդեօ՞ք Արցախում գտնուող խաղաղապահների կենդանի ուժը բաւարար է, արդեօ՞ք մատակարարում կարող են ապահովել՝ հաշուի առնելով այն, ինչ հիմա կատարւում է Ռուսաստանի շուրջ։ Այս բոլոր վտանգները՝ այն, որ յստակութիւն չկայ, մանդատ չկայ, որ ուժերը բաւարար չեն լուրջ սպառնալիքի դէպքում ինչ-որ բան անելու համար, նոյեմբերի 9-ի համաձայնագրի հրապարակումից անմիջապէս յետոյ տեսել եմ»,-ասաց Վրթանէսեանը՝ ընդգծելով, որ այդ բոլոր վտանգները տեսանելի էին նաև ՀՀ իշխանութիւնների համար, բայց նրանց խնդիրը ոչ թէ Հայաստանի անվտանգութիւնը, այլ՝ Նիկոլ Փաշինեանի անձնական իշխանութիւնն ապահովելը։

Նա չի բացառում, որ այս իրավիճակում Ռուսաստանը կը գնայ Ադրբեջանի հետ առճակատման՝ այն պարզ պատճառով, որ իր համար աւելի կարևոր խնդիրներ ունի լուծելու։

«Մեր անվտանգային խնդիրը կարող ենք լուծել միայն ՀՀ զինուած ուժերը արագ վերականգնելով և հնարաւորինս հզօրացնելով։ Դա չի արուել, հիմա էլ չի արւում, հակառակը՝ ամբողջ հրամանատարական բուրգը քայքայուել է, բանակի հեղինակութիւնը՝ գէտնին հաւասարեցուել․ դիմադրողականութիւնը վերականգնելու ուղղութեամբ ընդհանրապէս ոչինչ չի արուել։ 1,5 տարի կորսուած է»,-ասաց Վրթանէսեանը` ընդգծելով, որ մեր անվտանգային դիրքերը հիմա շատ աւելի թոյլ ու խոցելի են, քան 2020թ․ նոյեմբերի 9-ին։

Ոչ մի նախազգուշական յայտարարութիւն կամ դատապարտող կոչ Ադրբեջանին հետ չեն պահելու իր պլաններից՝ մասնաւորապէս հայերին ու Հայաստան պետութիւնը ոչնչացնելուց, – վստահ է վերլուծաբանը` ուշադրութիւն հրաւիրելով, որ Ադրբեջանն անմիջապէս բաց տեքստով արձագանքեց նաև Փառուխի ուղղութեամբ ադրբեջանական ներխուժումը դատապարտող Ռուսաստանի ՊՆ յայտարարութեանը` այդպիոսվ վերահաստատելով, որ ոչինչ չի կարող կանգնեցնել իրեն՝ իրագործելու իր ծրագրերը։

«Հերթով գրաւելով, աւերելով առաջ են գնում։ Է՞լ ինչ պէտք է անեն, որ հասկանանք, որ պլանաւորած ուզում են Արցախն ու Հայաստանը ոչնչացնել։ Իրենց պլաններում երբևէ որևէ բան չի փոխուելու»,-ասաց փորձագէտը։

Ադրբեջանի պլանները ձախողելու հարցում խաղաղապահների հետ մեծ յոյսեր, ինչպէս նշեց մեր զրուցակիցը, պէտք չէ կապել, սակայն առկայ ռիսկերին իշխանութիւնները կարևորութիւն չեն տուել։

«Իշխանութիւներն ընդհանրապէս չեն արձագանքում նման բաներին, ընդդիմադիրներից էլ եղան մարդիկ, որ ասացին՝ ինչո՞ւ ես անիմաստ խուճապ տարածում»,-յիշում է Վրթանէսեանը։ Ըստ էութեան, ժամանակին նոյն կերպ ուռճացուել է խաղաղապահի դերը և անտեսուել համաշխարհային փորձը։ Իսկ այդ փորձը, ինչպէս նկատում է Կարէն Վրթանէսեանը, ցոյց է տուել, որ խաղաղապահն անկայուն վիճակ է ենթադրում, ու նա այսօր կայ, վաղը կարող է չլինել։ Ահա թէ ինչու, ևս մէկ անգամ շեշտում է՝ բանակն արագ տեմպերով պէտք է վերականգնել և հզօրացնել։

 

Աղբիւր` Փաստինֆօ

Leave a Comment

You must be logged in to post a comment.