Իրական Հայաստանում չի կարող պատմական Հայաստանը չլինել. Լիլիթ Գալստեանի ելոյթը ԱԺ-ում
- (0)

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի ելոյթը ԱԺ Ապրիլ 16-ի նիստին.
«Սիրելի հաւյրենակիցներ,
Պրն. Փաշինեան, Վերջերս կառավարութեան նիստում յայտարարեցիք, թէ դուք եւ ողջ պետական համակարգը տգէտ է, եւ եօթ տարի մնացել էք նոյն դասարանում։ Սա խիզախ խոստովանութիւն է, բայց ոչ ամբողջը։
Դուք ոչ թէ եօթ, այլ 110 տարով էք յետ գնացել․ եթէ 1915-ի Ցեղասպանութեան սեւ էջն արձանագրուել է Հայոց պետականութեան բացակայութեան պայմաններում, ապա Արցախի ցեղասպանութիւնը տեղի է ունեցել ՀՀ անկախութեան եւ հենց ձեր իշխանութեան օրօք։
Իսկ պետական համակարգն ու ինստիտուտները չեն աշխատում կամ կաթուածահար են ոչ այնքան տգիտութեան պատճառով, ինչպէս պնդում էք, այլ՝ պատասխանատուութիւն չստանձնելու եւ պարզապէս ձեր կառավարչական քաոսի եւ յուզական անկայունութեան զոհը չդառնալու համար։
Վստահ եմ գիտակցում էք, թէ սուտ խոստումների եւ պետական շահերի ուրացման ինչ ժառանգութիւն էք թողնում, եւ, ցաւօք, շարունակում էք չակերտաւոր «ձեռքբերումներ» արձանագրել։
Ըստ Freedom House-ի վերջին զեկոյցի Հայաստանը, շարունակում է լինել գործադիրի ձեռքում կեդրոնացած, կիսաազատ երկիր:
Մարդու իրաւունքների կոպիտ խախտումների, ոստիկանական խոշտանգումների, արգելուած լուսաձայնային նռնակներ օգտագործելու եւ անպատիժ մնալու համար Հայաստանը դիրքի նուազում է արձանագրել։
Դուք դա լաւ գիտէք, որովհետեւ անձամբ՝ ըստ ձեր պատկերացումների՝ SMS-ով էք երկիր կառավարում, դատարանները շրջափակելու եւ դատաիրաւական համակարգին ուղիղ հրահանգներ տալիս։
Եւ հիմա կառավարման 7-րդ տարում խոստովանում էք, որ ձեզ չի յաջողուել արդարադատութեան եւ արդարութեան նոյնացում ապահովել։
Կարդում եմ ծրագրի կատարողականը եւ տպաւորութիւն ստանում, թէ այլ երկրի մասին է։
Յատուկ երեւակայութիւն եւ ցինիզմ պէտք է ունենալ արտաքին քաղաքականութեան ռազմավարութիւնն արդիւնաւէտ գնահատելու կամ՝ 2024-ը վերջին 20 տարուայ ամենախաղաղ տարին համարելու համար։ Այն դէպքում, երբ այդ «խաղաղ» տարում 40 զինծառայողի մահ է արձանագրոել, իսկ թշնամին շարունակում է ՀՀ տարածքների տարածքների սողացող զաւթումը։
Միջազգային բազմաթիւ այցերը ներկայացնում էք որպէս յաջողուած քաղաքականութեան ցուցիչ։ Իրականում այդ ամէնը դիւանագիտական անպտուղ թրաֆիկ է՝ նախաձեռնողականութեան եւ բաւարար կամքի բացակայութեամբ։
Այլապէս, միջազգային որեւէ կառոյցից եւ մասնաւորապէս ԵՈՒՆԵՍԿՕ-ից համարժէք գնահատական կը տրուէր Ատրպէյճանի կողմից Արցախի հայկական հետքը ջնջելու, շարունակուող մշակութային վանդալիզմի ու զեղծարարութիւնների առնչութեամբ։
Ո՞ւմ է պէտք ԵՈՒՆԵՍԿՕ-ի /Զինուած հակամարտութիւնների դէպքում/ մշակութային ժառանգութեան պաշտպանութեան կոմիտէում ՀՀ լիիրաւ անդամի կարգավիճակը կամ /2024 թ․ ստանձնած/ հնագոյն քաղաքակրթութիւնների ֆորումում մեր նախագահութիւնը, երբ Ատրպէյճանն մեզանից գողացած պատմութիւնն արդէն Վատիկանում է ներկայացնում, իսկ ԵՈՒՆԵՍԿՕ-ն անգամ մշտադիտարկում չի կազմակերպում։
Պրն. Փաշինեան, հումանիզմով ու համագործակցութեամբ տոգորուած ԱԳՆ-ն ՝ Ատրպէյճանին է տրամադրում ականապատ դաշտերի շուրջ հազար տեղեկամատեանն, երբ Պաքուում հայ ռազմագերիներ են խոշտանգւում։
Մինչ Արցախի հարցն այս ամպիոնից փակուած էք համարում, ձեր բարեկիրթ գործընկերը Արցախում հերթական հայկական գիւղն է ոչնչացնում։
Իբրեւ դիւանագիտական յաջողութիւն էք ներկայացնում ակնյայտօրէն կապիտուլիացիոն մի նախագիծ, ուր անդրադարձ չկայ հայ գերիների ազատման, բռնագրաւուած տարածքներն ազատելու, արցախահայութեան վերադարձի իրաւունքի մասին:
Սրանք բացթողումներ չեն, այլ Պաքուին միակողմանի զիջումներ, որոնք ամբողջովին ոտնահարում են մեր հաւաքական իրաւունքներն եւ հարցականի տակ դնում Հայաստանի անկախութիւնը: Աքսէոմատիկ ճշմարտութիւն է. պարտուածի հետ չեն բանակցում, պարտուածին պարտադրում են։
Բանակցային ֆիասկոյին, պատերազմի սպառնալիքին եւ ձեր վարկանիշի անկմանը զուգահեռ «իրական Հայաստանի» գաղափարախօսութիւնն էք քարոզում՝ յայտարարելով, թէ ձեր միակ նպատակը՝ Հայաստանի Հանրապետութիւնն է։
Կը համաձայնէի այս ձեւակերպումին, եթէ հենց ձեր իշխանութեան օրօք ապրած չլինէինք 2-րդ Ցեղասպանութիւնը:
Ռուբինեան եւ միւսներ, խանդավառ մոլուցքով տեղին-անտեղին առաջին հանրապետութիւնն էք յիշում ու մեղադրում դաշնակցութեանը: Յիշէ՜ք, Դաշնակցութիւնը 600 ամեայ պետականութեան բացակայութիւնից, Ցեղասպանութեան արհաւիրքից յետոյ հայ ժողովրդի մնացորդացից կազմակերպուած ազգ է կերտել ու քաոսից պետութիւն, որի իրաւայաջորդը դուք էք: Իսկ անցեալից դասեր են քաղում, ոչ թէ՝ ուրանում:
Դուք, նաեւ յայտարարում էք, թէ Հայաստանը երբեք այնքան ինքնիշխան ու անկախ չի եղել, ինչպէս հիմա։ Կարծես ձեր կատարեալ երջանկութեանը Արցախի կորուստն էր պակասում, հայ ռազմագերիների կեղեքումը, ու Արցախն էլ երբեք հայկական չի եղել։
Յիշեցնեմ, որ միջազգային հանրութիւնը՝ կոնկրետ Մինսկի խմբի ձեւաչափով, Լեռնային Ղարաբաղն ընդունել էր որպէս միջազգային իրաւունքի սուբիեկտ: Եւ Արցախի ողբերգութեան առանցքում ձեր սեփական զրօ կէտն է։
Պրն. Փաշինեան, դուք պառակտումի եւ հակադրելու անուրանալի տաղանդ ունէք։ Հիմա էլ հայ ժողովրդի փոխակերպման, Հայրենիքն ու Պետութիւնը միմեանց հակադրելու առաքելութիւն էք ստանձնել։
Պետութեան ձեր պատկերացումներն ու արժեհամակարգը խարսխում էք նիւթի, հարստանալու, լաւ ապրելու, խաշլամայ ուտելու առաջնային բնազդների վրայ։
Գաղափարներ, որոնք ոչ միայն հակագիտական են ու պրիմիտիւօրէն՝ սպառողական, այլեւ ապապետական եւ հանրային միտքը դեգրադացնող։
Իրական Հայաստանում չի կարող պատմական Հայաստանը չլինել։
Եւ դուք հայ մարդուն պատմական Հայրենիքից զրկելու ո՜չ բարոյական, ոչ էլ՝ քաղաքական իրաւունք չունէք։
Իրականում այս ամէնը ձեր պարտութիւնն արդարացնելու պարզունակ նպատակադրում է։
Որպէս սեփական ռազմավարական նպատակ էք մատուցում նաեւ նոր Սահմանադրութիւն ընդունելու Ատրպէյճանի պարտադրանքը։
Հիմա այն երեք միլիոն վարչապետի պիտակաւորում էք որպէս պետականազուրկ մտածողութիւն ունեցողի եւ ձեր զուգընկերուհու հետ յաւակնում էք նրանցից պետականակերտ ժողովուրդ կերտել:
Սա ակնյայտօրէն նախընտրական քարոզարշաւ է՝ վարչական ռեսուրսի՝ ձեր գնահատմամբ՝ տգէտների ներգրաւուածութեամբ։ Ի դէպ, ԵՊՀ-ում նորմալ սովորել-աւարտելու պարագայում կարելի էր ժամանակին ընկալել թէ Խորենացու «Ողբը», թէ՝ Թումանեանի «Դառնացած ժողովուրդը», թէ Վանոյին Մաթեւոսեանից զատել։
Եւ, այնուամենայնիւ, ոչ մի հանրային տրանսֆորմացիա չի ջնջի ձեր եօթնամեայ իշխանութեան յետագիծ իրական Հայաստանը՝ Արցախի հայրենազրկումով, 5000 հայ երիտասարդի արեամբ, արցախահայութեան ուրացուած իրաւունքներով, անվտանգային ճգնաժամով, պառակտուած հանրութեամբ ու նոր պատերազմի սպառնալիքով։
Իսկ դուք երեսունամեայ կայացած երկիր ու տէ ֆակտօ ինքնորոշուած Արցախ էիք ժառանգել։
Կառավարութեան նիստերից մէկում, այդ շէնքին անյարիր ենթամշակոյթով աղմկում էիք, թէ «թող փորձի մէկը թփրտայ»։ Իրականում շատերն են թփրտում, որովհետեւ երկրում ամենաթողութիւն է, եւ դրա ցուցիչը յանցագործութիւնների խայտառակ պատկերն է՝ ընտանեկան եւ կենցաղային բռնութեան աճ 168%, ընտանեկան սպանութիւններ 333%, թմրամիջոցների մաքսանենգութիւն 111 տոկոս եւ այլն։
Դուք սիրում էք աւազի վրայ տաճարներ կառուցել։ Դրանցից մէկն էլ 5 տարում 300 դպրոցի եւ 500 մանկապարտէզի միֆն է՝ երեք տարում շահագործման է յանձնուած ընդամէնը 40 դպրոցով։
Երրորդ տարին անընդմէջ ԿԳՄՍ ոլորտի կապիտալ ծախսերի կատարողականը 40%-ի շրջանակում է, իսկ կրթական հաստատութիւնների հիմնում, կառուցում, բարելաւում ծրագրերի միջին կատարողականը՝ 33 տոկոս է։ Այս ուսումնական տարին սկսուեց առանց 10 անուն դասագրքերի։
Ակադեմիական քաղաքի արկածախնդրութեան մասին․
13 մլրդ պետական պարտք կուտակած երկրում ահռելի գումարներ էք ծախսում քաղաքի կառավարման մոդելի կամ քաղաքաշինական նախագծման աշխատանքների վրայ, երբ բուն կրթութեան կազմակերպման, բուհերի եւ գիտական հաստատութիւնների խոշորացման մշակուած-հաշուարկուած ռազմավարութիւն գոյութիւն չունի։
Հայաստանը նահանջ է արձանագրել ձեր համար յաղթաթուղթ դարձրած նաեւ Կոռուպցիայի ընկալման ցուցանիշում․ Միջազգային կազմակերպութիւնները բարձրաձայնում են դատական համակարգի կախուածութեան, կոռուպցիայի դէմ պայքարի անարդիւնաւէտութեան, կառավարութեան ծախսերի անվերահսկելիութեան, ձեր թիմակիցների կոռուպցիոն սկանդալները կոծկելու, սելեկտիւ արդարադատութեան, ընդդիմադիրներին նկատմամբ բռնաճնշումերի, եւ շատ այլնի մասին։
Պրն. Փաշինեան, դուք պարտուել էք ե՜ւ դրսում, ե՜ւ ներսում։
Ոստիկանական բռնապետութիւնը, համատարած ձախողումները, մեղաւորներ նշանակելն ու հանրութեանը համոզելը, թէ՝ պարտութիւնն ու կապիտուլիացիան են մեր գոյութեան գրաւականը, այլեւս չեն աշխատում:
Եւ, այնուամենայնիւ, ձեզ չի յաջողուի խուսափել պատասխանատուութիւնից․․․»: