Իշխանութիւնների լուռ համաձայնութեամբ Արցախում հարցը լուծեցին, անցել են Հայաստանին

Լաչինի միջանցքի փակումը, ինչպէս յայտնի է, սկսուեց բնապահպանական կեղծ մեղադրանքներով։ Ի վերջոյ, դա յանգեցրեց նրան, որ Արցախում դադարեցին գործել հանքարդիւնաբերութեան ոլորտի այն ընկերութիւնները, որոնց նկատմամբ ատրպէյճանցի կեղծ բնապահպանները պահանջներ էին ներկայացնում։

Որքան էլ համարենք, որ այդ պահանջները շինծու էին, նրանք հասան իրենց նպատակին։

Փակուեցին ոչ միայն Դրմբոնի եւ Կաշէնի հանքավայրերը, այլեւ կաթուածահար եղաւ Ղարաբաղի ամբողջ տնտեսութիւնը։

Միջանցքի երկկողմանի փակումից, հետագայում՝ նաեւ ատրպէյճանական անցակէտի տեղադրումից յետոյ Ղարաբաղի տնտեսութիւնն արդէն հասցրել է հարիւրաւոր միլիոն տոլարների վնասներ կրել։ Կրիտիկական աստիճանի է հասել հումանիտար իրավիճակը։ Դադարել են գործել հանքարդիւնաբերութեան ու ոչ հանքարդիւնաբերութեան ոլորտի գրեթէ բոլոր ձեռնարկութիւնները։

Մինչ Հայաստանի իշխանութիւններին թուում էր, թէ Ղարաբաղով կ’աւարտուեն ատրպէյճանական «բնապահպանների» պահանջները, Ղարաբաղում «բնապահպանական» հարցերը լուծելու հետ, սահուն անցան Հայաստանին։

Նախ՝ խափանեցին սահմանամերձ Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը։

Այն բանից յետոյ, երբ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեանը բացայայտեց ծրագրի էութիւնը, իրականացուող շինարարութիւնը յայտնուեց ատրպէյճանցիների թիրախում ու կրակահերթերի տակ, ինչի հետեւանքով աշխատանքները դադարեցուեցին։

Մի քանի փորձեր արուեցին դրանք վերսկսելու համար, բայց ապարդիւն։

Նոյնիսկ այն, որ գործարանի տարածքում բարձրացուեց Միացեալ Նահանգների դրօշ՝ ի նշան նրա, որ ծրագիրն ամերիկեան մասնակցութիւն ունի, ոչինչ չտուեց։

Արդէն տեւական ժամանակ գործարանի կառուցման աշխատանքները դադարեցուած են։ Խօսւում է այն մէկ այլ անվտանգ վայր տեղափոխելու մասին, թէեւ դեռեւս վերջնական հաստատում կարծես չկայ։

Անկախ նրանից՝ կը լինի՞, թէ՞ ոչ, փաստն այն է, որ առնուազն այս փուլում խափանուել է Հայաստանում հայ-ամերիկեան կապիտալով մետալուրգիական գործարանի կառուցման ծրագիրը։ Իշխանութիւններն անկարող դուրս եկան նոյնիսկ Հայաստանի տարածքում, Հայաստանի սահմաններից ներս ապահովել մի քանի տասնեակ միլիոն տոլարանոց ներդրումային ծրագրի անվտանգութիւնը։ Ծրագրի ապագան անորոշ է ու հարցականի տակ՝ չնայած իրականացուած զգալի աշխատանքներին։

Ի վերջոյ, ո՞վ պիտի փոխհատուցի ներդրողի կատարած ծախսերն ու կրած վնասները, եթէ ծրագիր իրականացումը կասեցուի կամ նոյնիսկ տեղափոխուի մէկ այլ վայր։

Այսքանից յետոյ ինչպէ՞ս կարող են իշխանութիւնները խօսել Հայաստանում ներդրումների իրականացման համար ստեղծած արտակարգ պայմանների մասին, երբ չեն կարողանում անգամ ներդրողի տարրական անվտանգութիւնն ապահովել։ Իշխանութիւններն այնքան թոյլ են ու վախուորած, որ հակառակորդն իր կամքն է թելադրում սահմանից այս կողմ, պարտադրում, որպէսզի դադարեցուի հաստատուած ու մեկնարկած ներդրումային ծրագրի շինարարութիւնը։

Այսքանից յետոյ, ի՞նչ սպասելիքներ կարող են լինել երկրի սահմանների պաշտպանութեան ու անվտանգութեան առումով։

Զարմանալի չէ, որ իշխանութիւնների նման պահուածքից յետոյ, ատրպէյճանցիները գնալով աւելի լկտի են դառնում ու նոր պահանջներ ներկայացնում՝ արդէն Հայաստանի սուվերեն տարածքում տասնեակ տարիներ գործող ընկերութիւնների նկատմամբ։

Երասխի գործարանի շինարարութեան դադարեցմանը հասնելուց յետոյ անցել են հանքարդիւնաբերութեան ոլորտի գործող ընկերութիւններին ու հնարաւոր բոլոր միջոցներով փորձում են կեղծ բնապահապանական խնդիրներ առաջադրել։ Երբեմն էլ դա անում են հայաստանեան բնապահպանների միջոցով, որոնք յայտնուել են ատրպէյճանցիների ծուղակում եւ օգտագործւում են քարոզչական նպատակներով։

Այս ամէնը, անկախ նրանից, թէ ինչպէս կը ներկայացուի, ունի Հայաստանի տնտեսութեանը վնասելու նպատակ։ Բայց անիմաստ է կարծել, որ նպատակը միայն դա է։

Տեսանք, թէ Ղարաբաղում «բնապահպանական» քօղի տակ սկսուած ակցիաներն իրականում ի՞նչ նպատակ էին հետապնդում եւ ինչո՞վ աւարտուեցին։

Որքան էլ Հայաստանի պարագայում իրավիճակը մի փոքր այլ է, այնուհանդերձ ոչինչ բացառուած չէ մի իշխանութեան պարագայում, որը պատրաստ է յանուն շինծու խաղաղութեան ու իշխանութիւնը պահելու՝ գնալ ցանկացած զիջման։

Այն, ինչ անում են Ատրպէյճանի «բնապահպաններն» իրենց կեղծ բնապահպանական մտահոգութիւններով, վնասում է Հայաստանի հանքարդիւնաբերութեանը, առաջին հերթին՝ ներդրումային գրաւչութեանն ու ներդրումների ներգրաւմանը։ Եւ դա տեղի է ունենում ոլորտում վերջին շրջանում ի յայտ եկած դժուարութիւնների պայմաններում։ Թէեւ անգամ այդ վիճակում հանքարդիւնաբերութիւնը շարունակում է առանցքային ու համակարգային նշանակութիւն ունենալ Հայաստանի տնտեսութեան համար, էական դեր կատարել ոչ միայն ՀՆԱ ձեւաւորման, այլեւ արտահանման, պետական պիւտճէի եկամուտների ապահովման, աշխատատեղերի ստեղծման, ինչպէս նաեւ սոցիալական խնդիրների լուծման գործում։

Չհաշուած վերջին մէկ տարուայ յայտնի իրադարձութիւնները, որոնք վերարտահանումների շնորհիւ փոխել են Հայաստանի արտաքին առեւտրի ու արտահանման կառուցուածքը, հանքարդիւնաբերութիւնը միշտ էլ եղել է Հայաստանից իրականացուող արտահանումների առաջատարը։ Արտահանման գրեթէ մէկ երրորդը եղել է այս ոլորտի հաշուին։

Այստեղ են ձեւաւորւում նաեւ պիւտճէի եկամուտների գրեթէ 10-11 տոկոսը։

Այս հոսքերն են, որոնք փորձում են կասեցնել ատրպէյճանական «անյայտ ծագման բնապահպանները», թէեւ նրանց թիրախներն աւելի հեռու են տանում, ինչպէս եղաւ Ղարաբաղի պարագայում։

Յակոբ Քոչարեան

168.am

Comments are closed.