Իշխանութիւնները շարունակում են կոտրել բանակի մէջքը, գեներալներն էլ ջայլամի քաղաքականութիւն են վարում. պահեստազօրի գնդապետ

Ռազմաքաղաքական ղեկավարութիւնը պատերազմից յետոյ դասեր չի քաղել, պաշտպանութեան ոլորտի գահավիժումը շարունակւում է, իշխանութիւնները շարունակում են կոտրել բանակի մէջքը։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ազատամարտիկ «Կամաւորական շարժում» ՀԿ խորհրդի անդամ, պահեստազօրի գնադպետ Արտաշէս Մխիթարեանը։

«Ինչ վերաբերում է բարձարաստիճան սպաների վարքագծին, կեցուածքին, պիտի ասեմ՝ ջայլամի քաղաքականութիւն են իրականացնում. գլուխները աւազների մէջ մտած ձեւացնում են, թէ ոչինչ չի եղել, օրուայ հացի խնդիր են լուծում ու հայրենիքի պաշտպանութեան հարցը շատ չի հետաքրքրում։ Կարելի է ասել, որ սպաները, գնդապետները, գեներալները յայտնուել են այնպիսի իրավիճակում, որ չեն կարողանում իրենց բուն գործառոյթները իրականացնեն»,- ասաց նա։

Պահեստազօրի գնդապետի խօսքով՝ 2021 թ-ին պաշտապանութեան ոլորտի արդէն նախկին բարձրաստիճան ղեկավարների կալանաւորումը քաւութեան նոխազի փնտրտուքի արդիւնք է։

Արտաշէս Մխիթարեանը նաեւ յիշեցրեց, որ մի կողմից բանակի մէջքն են կոտրում, միւս կողմից էլ փորձում են պահեստազօրի, ազատամարտիկների վրայ ճնշումներ գործադրել, շատ դէպքերում նաեւ կալանաւորումներով, կեղծ քրէական գործերով, ինպէս օրինակ «Սիասական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասեանի դէպքում։

«Այդ գործընթացները լռեցնելու, պայքարը դադարեցնելու համար են արւում, բայց չի յաջողուելու, հայրենիքի կորստից բացի, ուրիշ բան չունենք կորցնելու»,- շեշտեց նա։

Արտաշէս Մխիթարեանը նշեց, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի արդիւնքում աւելին ենք կորցնելու։

«Այդպէս կը ճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, վերջնականապէս կը թաղէն Արցախի հարցը»,- եզրափակեց նա։

Անի Գէորգեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.