Իշխանութիւնները թուրքերի հետ փաստաթուղթ են քննարկում. Իշխան Սաղաթելեան

Մենք դեռ ամիսներ առաջ յայտարարում էինք, որ այս իշխանութիւնները երկիրը տանելու են թուրքացման ճանապարհով. Դա ենթադրում է Թուրքիայից կախեալ պետութիւն՝ տնտեսական, անվտանգային եւ բոլոր իմաստներով: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում ճեպազրոյցի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը՝ յաւելելով, որ իրենք ամէն ինչ անելու են դա կանխելու համար:

«Սա լոկ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման խնդիր չէ, սա ուրացում է Հայոց ցեղասպանութեան, մեր անժամանցելի իրաւունքները, եւ առհասարակ, այն ինչ կատարւում է, չի բխում հայ ժողովրդի եւ Հայաստանի շահերից»,-ասաց նա:

Սաղաթելեանի խօսքով, Ադրբեջանը և Թուրքիան երբէք չեն կարող ազնիւ լինել իրենց մղումներում, որովհետև իրենք շատ բացայայտ օկուպացուած Շուշիում ստորագրուած հռչակագրով հաստատեցին, որ ցանկանում են մեր պետութեան վերացումը։

«Օրուայ իշխանութիւնները դա չեն հասկանում և երկիրը տանում են դէպի անդունդ։ Ինչ վերաբերում է բուն բանակցութիւններին, ասեմ աւելին՝ իրենք փաստաթուղթ են քննարկում, հակառակ պարագայում ամէն անգամ հաւաքւում են, ի՞նչ են անում։ Հաւանաբար մշակւում է ինչ–որ փաստաթուղթ և փորձում են ինչ–ինչ հարցերի շուրջ համաձայնութեան գալ։

Եթէ խօսքը վերաբերում է սահմանների բացմանը և յարաբերութիւնների կարգաւորմանը, դա կարող էին մէկ գրութեամբ կարգաւորել, բայց պարզ է, չէ՞, որ խօսքը ուրիշ հարցերի մասին է, նախապայմանների մասին է՝ թաքնուած կամ բացայայտ։ Այս պարագայում շատ գործողութիւններ Թուրքիան համաձայնեցնում է Ադրբեջանի հետ»,– ասաց Սաղաթելեանը։

Leave a Comment

You must be logged in to post a comment.