Ինչ նպատակ են հետապնդում ադրբեջանական սադրանքներն Արցախում. Աբրահամեանը 2 տարբերակ է նշում

ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը Sputnik Արմենիայի եթերում խօսել է վերջերս Արցախում գրանցուած ադրբեջանական երեք սադրանքների և դրանց նպատակների մասին։

Արցախում ադրբեջանցիների կողմից վերջին օրերին իրականացուած սադրանքներն ունեն երկու դրդապատճառ, որոնցից մէկը ռուսական խաղաղապահ առաքելութեան վարկաբեկումն է, միւսը` Արցախում վախի մթնոլորտի ստեղծումը։Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը։

Նա յիշեցրեց, որ Կարմիր Շուկայ և Նախիջևանիկ գիւղերի ուղղութեամբ իրականացուած ադրբեջանական սադրանքները եղել են նպատակային, գրանցուել են դիպուկահարների կրակոցներ։

Աբրահամեանի խօսքով` բացառուած չէ, որ տեղեկատուական–քարոզչական դաշտում հակառուսական մօտեցումները արտացոլուեն նաև Արցախում, որտեղ կայունութեան ու անվտանգութեան գլխաւոր երաշխաւորը հէնց ռուսական խաղաղապահ զօրամիաւորումն է։         Ըստ նրա` Ադրբեջանն աւանդաբար կիրառում է Արցախում վախի մթնոլորտ ստեղծելու և հայերի արտագաղթն իրենց օջախներից նախաձեռնելու մեթոդը։

ԱԺ պատգամաւորի խօսքով` վերջին սադրանքներից յետոյ ռուս խաղաղապահների միջամտութեամբ լարուածութիւնը թոթափուել է, չնայած որ ադրբեջանցիները նպատակաուղղուած սպառնացել են խաղաղ բնակիչների անվտանգութեանը։ Ըստ Աբրահամեանի` լուծումները պէտք է լինեն համակարգային, յատկապէս հայկական բնակավայրերի հարևանութեամբ գտնուող մարտական դիրքերը պէտք է ամբողջութեամբ տարհանուեն, առաւել ևս, որ նման պայմանաւորուածութիւններ եղել են այլ հատուածներում։

Յիշեցնենք, որ Արցախում վերջին օրերին ադրբեջանական 3 սադրանք է գրանցուել։

Կարմիր շուկայի ուղղութեամբ ադրբեջանցիները խոցել են տան բակում կանգնած քաղաքացիական մեքենան, որը պայթել է, Նախիջևանիկ գիւղի այգիներում աշխատող տրակտորի և 4 քաղաքացիական անձանց ուղղութեամբ ինտենսիւ կրակ է վարուել, իսկ երրորդ միջադէպը գրանցուել է Շուշիի յարակից հատուածով անցնող ճանապարհին, որտեղ ադրբեջանցիները քարերով հարուածել են հայ խաղաղ բնակչի մեքենային։

Leave a Comment

You must be logged in to post a comment.