Ինչպէս փրկուեցաւ Դադիվանքը
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատուական համակարգի տնօրէն Վահրամ քահանայ Մելիքեանը Sputnik Արմենիային հետ հարցազրոյցի ընթացքին յայտնած է, թէ Ատրպէյճանի բռնագրաւած արցախեան տարածքներուն մէջ եկեղեցիներու և վանքերու պահպանման համար ինչ քայլեր կ՚առնուին։ Ան միաժամանակ պատմած է` ինչպէս յաջողեցաւ պահել Դադիվանքը։
բռնագրաւուած և Նոյեմբեր 9-ի համատեղ յայտարարութեամբ յանձնուած տարածքներուն մէջ մնացին Արցախի թեմի շուրջ 130 պատմական և նորակառոյց վանքեր և եկեղեցիներ, որոնց մէջ 4-7 դարու նշանաւոր սրբավայրեր, հազարաւոր խաչքարեր։ Հնարաւոր չեղաւ դուրս բերել անգամ եկեղեցական պարագաները, սրբանկարները և այլն։
Վահրամ քահանայ կը պատմէ նաեւ թէ ինչպէս փրկուեցաւ Դադիվանքը, վկայելով. «Երբ նոյեմբերի 9-ի համատեղ յայտարարութեամբ յստակ դարձաւ, թէ որ տարածքները պէտք է յանձնուէին Ատրպէյճանին, ակնյայտ էր, որ մի շարք մեր պատմական տաճարների հետ նոյն ճակատագրին պիտի արժանանայ նաև ճիշդ սահմանին գտնուող Դադիվանքը՝ արցախահայութեան համար կարևորագոյն այս ուխտատեղին։
«Այս մտահոգութեամբ և վտանգուած գործող վանքը փրկելու նպատակով Ամենայն հայոց հայրապետը դիմեց իր հոգևոր եղբօրը՝ Մոսկուայի և Համայն Ռուսիոյ պատրիարք Կիրիլ Ա.ին՝ վանքի հոգևոր առաքելութեան պահպանման գործում զօրակցութիւն բերելու համար։ Այսպիսով՝ Դադիվանքը ևս դարձաւ բանակցութիւնների առարկայ։ Արդիւնքում՝ շնորհիւ Կիրիլ պատրիարքի միջնորդական ջանքերի` հնարաւոր դարձաւ արձանագրել պատմական Դադիվանքի այսօրուայ կարգավիճակը։ Անձամբ Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինի ցուցումով ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավարութեան կողմից վանքի անվտանգութեան ապահովման նպատակով տեղակայուեց խաղաղապահների առանձին յենակէտ»։