Ինչո՞ւ է Թուրքիան ցանկանում նուաճել Սիւնիքը. թուրքագէտի պարզաբանումները

Եթէ պատրաստւում էք ապրել Հայաստանում, ապա ձեր ցանկացած գործողութիւնը պլանաւորելիս պէտք է մշտապէս պատրաստ լինէք եւ գիտակցէք, որ Հայաստանի նկատմամբ կայ ծաւալապաշտութիւն, ու պէտք է դրան որեւէ կերպ դիմադրենք. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի թուրքագիտութեան ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Վարուժան Գեղամեանը ԵՊՀ-ում մեկնարկած «ՀՀ անվտանգութեան մարտահրաւէրները եւ Սիւնիքի մարզը. պատմութիւն եւ արդի մարտահրաւէրներ» խորագրով աշխատաժողովի ժամանակ:

Թուրքագէտը Սիւնիքում ծագած տարածաշրջանային խնդիրը դիտարկում է  Թուրքիայի շահերի տեսանկիւնից եւ մանրամասն բացատրում, թէ որն է Թուրքիայի ծաւալապաշտական նկրտումների պատճառը:

Գեղամեանի խօսքով՝ մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրութիւն ունեն բազմաթիւ պետութիւններ եւ առաջին հերթին այն պատճառով, որ այն գերակայ դիրք ունի իրեն հարեւան մակրոտարածաշրջանների նկատմամբ: Ըստ նրա՝ Սիւնիքի մարզը միջազգային խոշորագոյն առեւտրային ճանապարհներից բաժանւում է ընդամէնը մի պետութեամբ՝ Իրանով, որը հարեւան պետութիւնների մէջ ամենադրականն է տրամադրուած ՀՀ-ի նկատմամբ:

«Խոշոր մերձաւորարեւելեան, համաշխարհային բիզնես-կենտրոնները՝ օրինակ Տուպայը, Ապու Տապին, Քուէյթը, Քաթարը, որոնք խոշորագոյն ծովածոցեր են, Հայաստանին շատ աւելի մօտ են եւ անցնում են բարեկամաբար տրամադրուած երկրի տարածքով: Յիշեալ կենտրոնները մեզ աւելի մօտ են Մեղրիով, Կապանով, Գորիսով, քան վրաստանով, Սեւ ծովով եւ այլն: Այսինքն՝ մենք իրականում մեր տարածաշրջանային դիրքից կարող ենք օգտուել, սակայն չենք արել եւ չենք անում: Հիւսիս-Հարաւ ճանապարհը դրա իրականացման կարեւորագոյն հանգոյցներից մէկն է: Թուրքիան հասկանում է, որ Հայաստանը դառնում է տարածաշրջանային կոմունիկացիաների կարեւորագոյն կենտրոն, որոնք չեն գտնւում իր վերահսկողութեան ներքոյ: Երբ ասում են՝ Հայաստանը սեպ է թուրքական աշխարհի մէջտեղում, դա իսկապէս այդպէս է, տարածաշրջանը լիարժէք վերահսկելու կարեւոր խոչընդոտ է»,- ասաց թուրքագէտը:

Գեղամեանը շեշտեց՝ սա է պատճառը, որ ԽՍՀՄ փլուզումից անմիջապէս յետոյ, երբ Թուրքիան տեսաւ, որ ունի Հայաստանի նկատմամբ ծաւալապաշտական նախագիծ իրականացնելու հնարաւորութիւն, որը կար դեռեւս Օսմանեան կայսրութեան շրջանում, անմիջապէս լծուեց դրա իրականացմանը:

Մանրամասները՝ տեսանիւթում

https://youtu.be/iTKfLTqp1LU

Leave a Comment

You must be logged in to post a comment.