Ինձ համար հայերի ամենամեծ յաղթանակը յիշողութիւնն է․ Նազենի Յովհաննիսեան
- (0)

ՅԱՍՄԻԿ ՊԱԼԷԵԱՆ
Ջահերով երթին ընդառաջ՝ դերասանուհի Նազենի Յովհաննիսեանը Երեւանում հանդիպում-քննարկում ունեցաւ երիտասարդների հետ «Հայկական ինքնութեան պահպանութեան կարեւորութիւնը» թեմայով։
Դերասանուհին նախ ներկայացրեց թեմային առնչուող իր պատկերացումները, տեսլականները, ապա պատասխանեց երիտասարդների հարցերին։
«Իմ դպրոցում ընդունուած չէր յատուկ այցելել Ցեղասպանութեան զոհերի յուշայամալիր։ Եթէ առանձին դասղեկը ցանկութիւն յայտներ, կազմակերպէր, ծնողներն էլ ծախսերը հոգային, կարող էր լինել, բայց ես չեմ յիշում այսպիսի դէպք։ Բայց ես յստակ յիշում եմ իմ երջանկայիշատակ ուսուցչին՝ Արմէն Մազմանեանին, որը ինստիտուտի առաջին կուրսում կազմակերպուած մեզ տարաւ Հայոց Ցեղասպանութեան յուշայամալիր, եւ ո՛չ ապրիլի 24-ին, այլ առանձին օր։ Թատերական ինստիտուտից ոտքով երկար, հանգիստ քայլում էինք, եւ նպատակը մէկն էր՝ պատմութեան հետ հաղորդակից դարձնելը», — պատմեց Նազենի Յովհաննիսեանը։
Նա նշեց՝ մեր պատմութիւնը մեզ կարող է առաջնորդել։
«Ինձ համար հայի ինքնաճանաչողութեան հիմքում ընկած է հայոց լեզուն։ Եւ ոչ թէ պարտադիր գրական հայերէնը, որով ցանկալի է խօսել․․․ Մարդիկ տարբեր են՝ տարբեր ընտանիքներից, տարբեր կենցաղներով։ Մենք ունենք մաշտոցեան գրեր, գրաբար, միջին հայերէն, արեւմտահայերէն, արեւելահայերէն, բարբառներ։ Մենք շատ հարուստ ենք մեր լեզուով ու տարբերութիւններով։ Երբ փոքր էի, շատ էի վախենում տարբեր լինելուց ու տարբերուող մարդկանցից։ Միեւնոյն ժամանակ, ինչը բնորոշ է մեզ՝ հայերիս, հակասում էի ինքս ինձ եւ ուզում էի տարբերուել։ Յետոյ ես հասկացայ, որ երբ մեծանում ես, կա՛մ կաս, կա՛մ չկաս։ Մեր տարբերութիւնն ամէն ինչի մէջ է՝ մեր անունից սկսած», — ասաց Նազենի Յովհաննիսեանը։
Խօսելով Հայոց Ցեղասպանութեան յուշայամալիր այցելելու եւ այնտեղ ունեցած յոյզերի մասին՝ դերասանուհին պատմեց․
«Ինչ քանդել են Հայոց Ցեղասպանութեան յուշայամալիրը, չեմ գնում, որովհետեւ բարկանում եմ, ցասումս շատ է։ Հետաքրքիր է, որ չենք ասում՝ «վերանորոգում են», ասում ենք՝ «քանդել են», որովհետեւ քանդե՛լ են։ Չեմ գնում, որովհետեւ դա ինձ սպանում է։ Առանց այդ էլ քանդուած եմ, հազիւ քարերս իրար վրայ եմ դնում։ Դնում եմ, այդ քանդուածութիւնն էլ տեսնում եմ, աւելի՛ եմ փլւում․․․ Բայց երբ այնտեղ եմ գնում, միշտ աղօթում եմ։ Ինձ համար դա մի յատուկ աղօթատեղի է։ Պատահական չէ, չէ՞, որ տարիներ առաջ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից սրբադասուեցին ցեղասպանուած մեր բոլոր հայրենակիցները։ Ինձ համար հայերի ամենամեծ յաղթանակը յիշողութիւնն է, որ ասում են՝ «իմ տատն ինձ պատմում էր․․․․»։ Ցեղասպանութեան յուշայամալիրը յիշողութեան յուրայատուկ կղզի է, ինչպէս Մատենադարանը, ինչպէս ձեր յիշողութեան մէջ առկայ դպրոցական տարիների մի դրուագ։ Ինձ համար հայերի ամենամեծ յաղթանակը յիշողութիւնն է, ինչպէս դարակում դրուած մի իրը, որ տեսնում էք ու ասում՝ «ես յիշեցի»»։
Ըստ դերասանուհու՝ աշխարհն այսօր ամէն ինչ անում է, որպէսզի ջնջի յիշողութիւնը մարդու ուղեղից, բայց մենք գիտենք՝ յիշողութիւնը կարեւոր է, քանի որ առանց դրա մենք կվերածուենք անհասկանալի անձնաւորութիւնների։ Նոյնն էլ մեր ազգային ինքնութեան մասին կարող ենք ասել․ եթէ չգիտենք մեր պատմութիւնը, չունենք պատմական յիշողութիւն, ուրեմն՝ մենք չենք կարող առարկայական կերպով հասկանալ ու ընկալել այսօրուայ պատմութիւնը, տեսնել վտանգները։
«Ուզում եմ այդ վտանգները տեսնելու կարողութիւնը զարգացնենք, բայց առանց լարուածութեան, առանց քաղցրաշունչ տեքստերի, այլ գործողութիւններով։ Ամէն օր ձեր մէջ ձեր գործողութիւնն ունեցէք՝ ձեզ փոխելու, ազնիւ լինելու ձեզ հետ՝ ի՞նչ եմ ուզում, ինչո՞ւ եմ ուզում եւ ինչպէ՞ս․․․․ Օրինակ՝ ես չեմ ուզում լինել քաղաքական ոլորտում․․․․ Ինձ այդ հարցը շատ են տալիս՝ չէ՞ք ուզում մտնել քաղաքական ոլորտ։ Եղբա՛յր, չե՛մ ուզում, որովհետեւ ես գիտեմ՝ ինչքան յուզական մարդ եմ։ Ինձ պէս յուզական մարդը քաղաքականութեան մէջ անելիք չունի։ Ես չեմ ուզում, որ լաւ մարդ լինի որեւէ քաղաքական գործիչ։ Ես ուզում եմ, որ լինի լաւ քաղաքական գործիչ։ Սրանք երկու տարբեր եզրոյթներ են։ Եւ ուզում եմ, որ լաւ քաղաքական գործիչը լինի հայամէտ՝ անկախ իր բոլոր դրական ու բացասական կողմերից։ Օրինակ՝ ես հիմա իմ չափորոշիչները սեղմել եմ ա՛յ այս աստիճան․ թո՛ղ լինի որակով գործիչ եւ հայամէտ։ «Որակով» ասելով՝ շատ բան եմ հասկանում», — ընդգծեց դերասանուհին։
«Հորիզոն»-ի թղթակիցը հարց ուղղեց Նազենի Յովհաննիսեանին․ ինչպէ՞ս պէտք է այսօր հայ ազգը, յատկապէս երիտասարդութիւնը ձեւակերպի պահանջատիրութիւնը, որպէսզի այն չմնայ միայն զգացմունքային մակարդակում, այլ լինի նաեւ իրաւական եւ քաղաքական գործօն։
Ի պատասխան մեր հարցի՝ Նազենի Յովհաննիսեանն ասաց․ «Կոնկրետ հարցը ձեւաւորում է կոնկրետ գործողութիւններ՝ ի՞նչ եմ ես ուզում, ինչո՞ւ եւ ինչպէ՞ս։ Այսինքն՝ մենք մեր պետութեան, պետական այրերի նկատմամբ պահանջատիրութիւնը լրիւ ձեւաւորել ենք, հասել ենք դրան, հիմա էլ Թուրքիայի՞ց ենք ուզում։ Ի՞նչ պիտի անի երիտասարդութիւնը. կարողանայ առաջին հերթին լինել երջանիկ, իր մէջ գտնել երջանկութեան կէտը ո՛չ թէ նրա համար, որ դրսում ամէն ինչ լաւ է կամ իր երկրում ամէն ինչ լաւ է, այլ որովհետեւ նա կարող ուժ է, եւ դա մեծ երջանկութեան առիթ է։ Իր տեսակի հաստատումից յետոյ միայն որեւէ անձ՝ երիտասարդ, թէ ահել, կկարողանայ ձեւակերպել իր պահանջատիրութիւնը, որ դա չլինի լոկ էմոցիոնալ պոռթկում, այլ դառնայ յստակ քաղաքական պատկեր, կամ քաղաքացիական․․․ Ի՞նչ պէտք է անի երիտասարդութիւնը․ չվախենայ արտայայտուելուց, բայց արտայայտուի այն պարագայում, երբ իսկապէս ուսումնասիրել է տուեալ թեման։
Ես ունեցել եմ այն բոլոր սխալները, որոնք բնորոշ են երիտասարդութեանը՝ մեծ-մեծ խօսել եմ, ծնողներիցս առաջ եմ ընկել։ Ինձ էլ թոյլ էին տալիս իմ ծնողները։ Լա՛ւն էին իմ ծնողները․ շատ ազատ էին թողնում։ Ու իմ աւագ սերունդը հաշուի էր նստում ինձ հետ։ Բայց հիմա հետադարձ նայում եմ ու հասկանում ամէն ինչ․․․ Մեր աւագ սերունդը ներքին ազատութիւն ունէր, նրանք ուզում էին լսել մեր կարծիքը, ինչպիսին էլ այն լինէր, ինչպէս էլ այդ կարծիքը նրանց ցաւեցնէր։ Ես իմ մասին, օրինակ, սովորել եմ լսել շատ վատ ու զզուելի կարծիքներ։ Ահաւոր ծանր գործողութիւններ են, շատ տհաճ, բայց օգտակար առողջութեան համար։ Ես կուզենամ, որ երիտասարդութիւնը սովորի ասել իր ասելիքը, բայց ոչ թէ նրա համար, որ այսկողմնային է կամ այնկողմնային, այլ որովհետեւ ունի յստակ մօտեցում։ Ցանկալի է, որ յստակ լինի իր դիրքորոշման մէջ՝ լինելով հայամէտ»։
Նազենի Յովհաննիսեանն անդրադարձաւ նաեւ մեր օրերում տիրող իրավիճակին, երբ քաղաքական դաշտում յաճախ տարբեր կարծիքներ ունեցող մարդիկ չեն կարողանում միմեանց լսել ու քաղաքակիրթ կերպով լսել միմեանց կարծիքները։
«Ժամանակին կար քաղաքական տարբեր դիսկուրս, ու մարդիկ իրար չէին սպանում, չէին թունաւորում, խօսո՛ւմ էին․․․ Մարդիկ տարբեր դիտանկիւններ ունէին, տարբեր հարցեր էին քննարկում, բայց իրար չէին թունաւորում ամէն վայրկեան, եւ դա կոչւում է քաղաքակրթութիւն։ Այսինքն՝ քաղաքական թեմաներ քննարկողները պարտադիր չէ, որ իրար համար ու իրար նկատմամբ լինեն գայլ։ Կարող են լինել երկխօսողներ, ու դա մենք կորցրել ենք։ Ու եթէ ես երբեւէ ունեմ յոյս, որ դա կվերականգնուի, ապա միայն երիտասարդութեան ծանր աշխատանքի շնորհիւ։ Շատ ծանր գործ է ու ձեր ուսերին մենք թողել ենք բեռ․․․․ Ձեր հարցին չկա միանշանակ պատասխան ու չկա յստակ բանաձեւ։ Ով ասի՝ խաբում է ե՛ւ իրեն, ե՛ւ Ձեզ։ Բայց որպէսզի մենք կարողանանք պահանջատէր լինել արտաքին ուժերի նկատմամբ, մենք պիտի կարողանանք մեր տանը հաւաքել մեր սենեակները, մաքրել աղբից մեր տունը։ Եւ աղբանոց կարող է դառնալ ընդամէնը մի հոգու անընդհատ փնթիութեան պատճառով՝ մտածուած կամ ակամայ․․․ Եւ ամէն անգամ, երբ մենք բացում ենք պատուհանը, որ մաքուր օդ գայ, բայց աղբը սենեակում դրուած է։
Հիմա այլաբանօրէն եմ արտայայտւում, բայց բոլորդ հասկանում էք․․․ Այդ աղբը շարունակում է գարշայոտել։ Եւ ես ինչպէ՞ս մեղադրեմ ԱՄՆ-ին, եթէ ես իմ տան մէջ գոռում էի, թէ իմ տան տէրը ես եմ կամ ես եմ տէրը իմ երկրի, բայց չեմ կարողանում ազատուել գարշայոտութիւնից, որովհետեւ թունաւորուած ենք։ Ու ես այդ ժամանակ հասկանում եմ, որ դրսի ուժերից որեւէ բան պահանջելուց առաջ ես իսկապէս պէտք է ես ինքս ինձ նայեմ ու ինքս ինձնից սկսեմ՝ բառացիօրէն ինքս ինձնից սկսեմ։ Ես այդպէս եմ ապրում ամէն Աստծոյ օր։ Բայց, իհարկէ, չի կարող ամէն ինչ լաւ լինել մեր երկրում, եւ չի կարող երիտասարդը երջանիկ զգալ իրեն, ինչքան էլ ես դա յորդորեմ, քանի դեռ միջաւայրում ամէն ինչ աւերակւում է եւ նա դա տեսնում ու գիտակցում է։ Եւ այստեղ գալիս է մեր էմոցիոնալ ու գիտակցական բախումը»։
Նազենի Յովհաննիսեանը վերջում նշեց՝ որքան համակարգի կողմից է վարքի դրսեւորում իրականացւում, այնքան էլ կարեւոր է անհատի կողմից ներազդեցութիւնը համակարգի վրայ։
«Ես շատ հաւատում եմ անհատի գործին։ Այո՛, համակարգերը յաճախ տալիս են ճեղքեր, եւ Իրան-Իսրայէլ-ԱՄՆ պատերազմը ցոյց է տալիս, որ անգամ այդպիսի գերտէրութիւնները տալիս են ճաքեր․ խօսքն ԱՄՆ-ի մասին է։ Բայց անհատը կարող է ներազդել։ Հետ գնանք մեր պատմութեան ակունքներ, քրիստոնէութեան ակունքներ։ Ինչի՞ց սկսուեց քրիստոնէութեան պատմութիւնը․ Քրիստոս կարողացաւ իր զոհաբերութեամբ փոխել աշխարհը։ Եւ մենք հասկացանք, որ կարող է մարդը, անհատը իր կամքով, իր զոհողութեամբ փոխել աշխարհը սիրով․ ոչ թէ ձեւական, այլ իրական սիրով»։
Յիշեցնենք՝ ապրիլի 23-ին՝ ժամը 20։00-ին, Երեւանի Հանրապետութեան հրապարակում կմեկնարկի Ջահերով երթը։ Այն կազմակերպում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Երիտասարդական միութիւնը «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան հետ։
Երթը նուիրուած է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին։ Երթը սկսուելու է Երեւանի Հանրապետութեան հրապարակում եւ աւարտւում Ծիծեռնակաբերդի յուշայամալիրում։ Ջահերով երթը խորհրդանշում է հայ ժողովրդի պահանջատիրութիւնը, արդարութեան ձգտումը եւ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ու դատապարտման կոչը։ Վառուող ջահերն ու մոմերը խորհրդանշում են լոյսը, յոյսը եւ ապրելու կամքը, սերունդների անխզելի կապն ու միասնականութիւնը։ Ջահերով երթն առաջին անգամ կազմակերպուել է մայրաքաղաք Երեւանում 1999 թուականին։ Այսօր արդէն ամենամեայ երթը տեղի է ունենում ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում եւ արտերկրում տարբեր կազմակերպութիւնների օժանդակութեան շնորհիւ։

