Թուրքիայի հին ու նոր հաւակնութիւնների քարտէսը

Վերջերս լոյս է տեսել ՀՀ ԳԱԱ (Գիտութիւնների Ազգային Ակադեմիա) Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, պատմական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, արեւելագէտ, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի նոր գիրքը՝ «Մուսթաֆա Քեմալ. պայքար Հայաստանի Հանրապետութեան դէմ (1919-1921 թթ.)»: Գրքում արծարծուած կարեւոր խնդիրների ու շեշտադրումների, Թուրքիայում այժմ ընթացող քաղաքական գործընթացների հետ դրանց աղերսների եւ մի շարք այլ կարեւոր խնդիրների մասին է անուանի գիտնականի հետ մեր զրոյցը:

– Պարոն Սաֆրաստեան, նախ՝ խօսենք Ձեր հեղինակած նոր մենագրութեան մասին՝ «Մուսթաֆա Քեմալ. պայքար Հայաստանի Հանրապետութեան դէմ (1919-1921 թթ.)»: Գրքի վերնագիրն ինքնին խօսուն է: Ներկայացրէք, խնդրեմ, աշխատութեան մէջ արտացոլուած կարեւոր փաստերը, եւ թէ ինչով են դրանք կարեւոր Հայ Դատի հետապնդման արդի գործընթացների համայնապատկերում:

– Ասեմ, որ այս գիրքը մաս է կազմելու աւելի մեծ աշխատութեան. որոշել եմ գրել Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր Մուսթաֆա Քեմալի ամբողջ կենսագրութիւնը՝ մինչեւ կեանքի վերջին օրերը: Այս մենագրութիւնը, կարծում եմ, կը նպաստի Աթաթուրքի՝ Թուրքիայի պետութեան, գիտական շրջանակների կողմից խեղաթիւրուած, աստուածացուած կերպարի իրական, աւելի խորը եւ բազմակողմանի ըմբռնմանը: Անչափ ծածկամիտ, շատ զգուշաւոր, նենգամիտ. նա շատ քիչ է արտայայտել իր իրական պատկերացումները եւ վերաբերմունքը հայ ժողովրդի, հայկական հարցի, Ցեղասպանութեան վերաբերեալ: 1915 թ. նա Արեւմտեան Հայաստանում չի եղել. սա փաստ է, սակայն 1916 թուականին նա մօտ մէկ տարով այնտեղ էր` որպէս զօրամիաւորման հրամանատար: Եւ որոշակի փաստեր կան, որոնք վկայում են հայ ազգաբնակչութեան մնացորդների վերջնական բնաջնջման գործում նրա անմիջական մասնակցութեան մասին: Սկզբնաղբիւրների մանրամասն քննութեան արդիւնքում՝ գրքում ներկայացուած են Աթաթուրքի որդեգրած քաղաքականութեան իրական նպատակները, այն գաղափարական հենքն ու դրդապատճառները, նաեւ գործունէութեան այն դրուագները, որոնք անմիջականօրէն առնչւում են Հայաստանի նկատմամբ նրա իրականացրած ակրեսիւ քաղաքականութեանը:

– Ի՞նչ աղբիւրներից էք օգտուել:

– Աշխատութիւնը հիմնուած է մի շարք կարեւոր փաստաթղթերի մանրազնին ուսումնասիրութեան վրայ՝ Մուսթաֆա Քեմալի հեղինակած կամ նրա ստորագրութիւնը կրող փաստաթղթերի, այդ թւում՝ գաղտնի եւ յոյժ գաղտնի, Ազգային ժողովի նիստերում նրա ելոյթների, այդ թւում՝ նաեւ գաղտնի, նրա հրապարակային ելոյթների ու հարցազրոյցների վրայ: Առանձնայատուկ հետաքրքրութիւն են ներկայացնում գրքում զետեղուած՝ թուրքական բանակի գլխաւոր շտապի կողմից հրատարակուող «Ռազմական պատմութեան փաստաթղթեր» խորագիրը կրող պարբերականի 1950 թ. լոյս տեսած հատորները, որոնցից մէկը նուիրուած է հենց Հայաստանի դէմ պայքարին: Գրքում ընդգրկուած են նաեւ զինադադարի եւ քեմալական շարժման տարիներին Կոստանդնուպոլսում գործող բրիտանացի հետախոյզ Ճոն Պենէթի յուշերը: Անգլիական աղբիւրները փաստում են, որ Սթանպուլ գալով՝ Քեմալն առաջինը հանդիպել էր Անգլիայի հետախուզութեան ներկայացուցիչների հետ. իր ծառայութիւններն էր առաջարկել: Կարեւոր տուեալներ կան նաեւ 1918 թ. վերջերից մինչեւ 1919 թ. Մայիս ընդգրկող ժամանակաշրջանի վերաբերեալ, երբ Մուսթաֆա Քեմալը, լինելով կայսրութեան մայրաքաղաքում, տարբեր դաւադրութիւններ ու խարդաւանքներ կազմակերպելով, փորձում էր իրականացնել իշխանութեան հասնելու վաղեմի երազանքը: Նա կայսրութեան արեւելեան վիլայէթներում նշանակում ստացաւ երիտթուրքական «Թեշքիլաթը Մահսուսէ»-ի (Յատուկ կազմակերպութեան) կողմից, որը Հայոց ցեղասպանութեան ընթացքում ներգրաւուած էր խաղաղ ազգաբնակչութեան զանգուածային կոտորածների գործում, եւ միւս երիտթուրքական կազմակերպութեան՝ «Քարաքոլի» օգնութեամբ պէտք է հող նախապատրաստէր Էնվերի վերադարձի համար, սակայն ամէն ինչ իր իշխանութեան գալու համար նախապատրաստեց: Մենագրութիւնում զետեղուած են նաեւ հատուածներ Աթաթուրքի նոթատետրային, օրագրային յուշագրութիւններից: Հետաքրքիր է, որ 1916 թ. դրանց մէջ նա նշում է, որ ճանապարհներին անընդհատ անտուն, թշուառ մարդկանց է տեսնում, բայց միաժամանակ պնդում է, որ նրանք թուրք էին, որոնց հայ «բանդիտներն» էին այդ վիճակին հասցրել: Այսինքն՝ դեռ այդ ժամանակուանից նա հիմքեր է գծել յետագայ կեղծարարութիւնների համար: Եւ նոյնիսկ աւելին՝ յետագայում իր պաշտօնական ելոյթներում Մուսթաֆա Քեմալը յայտարարել է, թէ հայերը ապստամբել են, եւ իրենք ստիպուած են եղել նրանց տեղահանել: Սա նաեւ ներկայիս պաշտօնական Անգարայի գաղափարական տեսակէտն է, որի հիմքը, ինչպէս նշեցի, հենց Մուսթաֆա Քեմալն է դրել:

– Անհերքելի ապացոյցներ կան, որ Հայոց ցեղասպանութիւնը երիտթուրքերի կողմից պետականօրէն ծրագրուած ու հետեւողականօրէն իրագործուած ոճրագործութիւն էր: Եւ երիտթուրքերից շատերը յայտնուեցին Աթաթուրքի կողքին:

– Երբ անգլիացիները Սթանպուլը գրաւեցին, 1919-1922 թթ. նրանց ճնշման տակ մի քանի երիտթուրքի նկատմամբ դատաստան իրագործուեց. նրանց կախաղան բարձրացրին: Յետագայում, սակայն, Աթաթուրքի հրամանով նրանք ազգի հերոսներ հռչակուեցին: Նա արգելեց նաեւ Պոլսում անգլիացիների ճնշման տակ ստեղծուած դատարանների գործունէութիւնը: Իշխանութեան գալուց անմիջապէս յետոյ Մուսթաֆա Քեմալը երիտթուրքերին, յատկապէս՝ «Թեշքիլաթը Մահսուսէ» երիտթուրքական կազմակերպութեան մարդասպաններին իր շուրջը համախմբեց եւ պաշտօններ տուեց: Նրանք դարձան նոր հիմնադրուած պետութեան` Թուրքիայի Հանրապետութեան հիմքը: Այսինքն` այդ պետութիւնը ի սկզբանէ հիմնուած է մարդասպանների եւ յանցագործների խմբի վրայ: Մուսթաֆա Քեմալը ոչ միայն անդամակցել է երիտթուրքական կուսակցութեանը եւ սերտօրէն համագործակցել գաղտնի «Թեշքիլաթը Մահսուսէ» եւ «Քարաքոլ» երիտթուրքական կազմակերպութիւնների հետ, այլեւ լիովին կիսել է նրանց հայատեաց քաղաքականութեան մօտեցումներն ու գործելակերպը: Ամբողջ ճշմարտութիւնը սա է:

– Ձեր սեղանին տեսնում եմ մի գիրք, որը հենց այսօր եմ ձեռք բերել, դեռ չեմ հասցրել ծանօթանալ՝ Սարգիս Մկրտչեանի հեղինակած՝ «Բանթուրքական հոսանքները ժամանակակից Իրանում»: Հետաքրքիր ու կարեւոր թեմա է, որի մասին, յոյս ունեմ, յետագայում կը զրուցենք նաեւ հեղինակի հետ: Հետաքրքիր կը լինի Ձեր դիտարկումներին ծանօթանալ ներկայիս բանթուրքիստական դրսեւորումների, հոսանքների վերաբերեալ: Ինչպիսի՞ ընդգրկում ու տարածում ունեն, որքանո՞վ է լուրջ նրանց գործունէութիւնը, եւ ի՞նչ սպառնալիքներ է այն պարունակում:

– Բանթուրքիզմի թեման շատ ընդարձակ է, եւ դրա դրսեւորումները վտանգաւոր են ինչպէս մեզ, այնպէս եւ ողջ աշխարհի համար: Թուրքական աշխարհաքաղաքական միտքը այժմ զգալի չափով հանդէս է գալիս հենց բանթուրքիզմի ձեւով: Բանթուրքիզմի եւ բանթուրանիզմի գաղափարները կոչուած են թուրքալեզու եւ ուգրոֆիննական ժողովուրդներին միաւորելու մէկ միասնական պետութեան՝ Թուրանի ստեղծման գաղափարի շուրջ: Հին ժամանակներում պարսիկներն իրենց պետութիւնն անուանել են Իրան, իսկ վայրի ցեղերով բնակեցուած Իրանի հարեւան տարածքները՝ Թուրան: Այս երկուսը մշտապէս հակամարտութեան մէջ են եղել: Այս իմաստով բանթուրքիստական ու բանթուրանական հոսանքները սպառնալիք են նաեւ Իրանի համար: Հետաքրքիրն այն է, որ բանթուրքիզմի գաղափարախօսութիւնն առաջացել է ոչ թէ Թուրքիայում, այլ Եւրոպայում՝ 19-րդ դարի 50-ական թուականներին: 19-րդ դարի 30-ական թուականներին, մասնաւորապէս՝ գերմանացի լեզուաբաններն սկսեցին ուսումնասիրել հնդեւրոպական լեզուները եւ առանձնացուեցին լեզուաընտանիքները, արդիւնքում նաեւ` թուրքական լեզուաընտանիքը, ուգրոֆիննականը (finno-ugric), որը թուրքականին մօտ է: 1848-1849 թթ. տեղի ունեցաւ հունգարացիների ապստամբութիւնը աւստրիական կայսրութեան դէմ, ու նրանք ցաւոտ պարտութիւն կրեցին: Այդ պարտութիւնից խիստ բարդոյթաւորուած՝ նրանց մտաւորականութիւնն սկսեց առաջ քաշել Մեծ Թուրանի գաղափարը: Հունգարերէնը, որ փաստացի ուգրոֆիննական լեզու է, հիմք հանդիսացաւ, որ յաղթանակած Աւստրիային ուղերձ յղեն՝ մենք էլ մեծ Թուրանի մասն ենք կազմում: Ես տեղեկութիւններ, փաստեր եմ հայթայթել, որ դեռեւս սոցիալիստական Հունգարիայում, 1970-ական թուականներին, «Թուրան» անուանումով գիտական ամսագիր էր լոյս տեսնում: Սա համոզմունքի մակարդակում է, որ, եթէ ուգրոֆիննական ու թուրքական լեզուները իրար մօտիկ են, ուրեմն նրանք սերում են մէկ ընդհանուր տարածքից` Թուրանից:

– Իսկ Եւրոպայում բանթուրքիստական հոսանքների գործունէութիւնն ինչո՞վ է առանձնանում մեր օրերում:

– Եւրոպայի շատ երկրներում հիմա թուրքական մեծ համայնքներ կան՝ Անգլիայում, Ֆրանսիայում եւ յատկապէս Գերմանիայում` շուրջ 2 մլն. մարդ: Եւ, անշուշտ, դրանցում գործում են «Գորշ գայլերի» կազմակերպութիւնները: «Գորշ գայլը» թուրքերի էթնիկական խորհրդանիշն է: Եւ «Գորշ գայլերի» կազմակերպութիւնները հենց բանթուրքիստական կազմակերպութիւններ են: Դրանք այսօր գործում են ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Եւրոպայում: Դրանք կառավարւում են հենց Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցութեան կողմից եւ, ըստ էութեան, ահաբեկիչներ են: Այսինքն` դրանց գործունէութիւնն այսօր մեծ վտանգ է նաեւ Եւրոպայի համար: Եւ զգալով այս վտանգը՝ դիցուք Աւստրիայում նրանց գործունէութիւնը խստօրէն արգելեցին:

– Ձեր մենագրութիւնում արծարծուած հարցերը, բերուած փաստերը կարեւոր են նաեւ Հայաստանի նկատմամբ ժամանակակից Թուրքիայի քաղաքականութիւնն աւելի խորն ըմբռնելու տեսանկիւնից: Թուրքիայում ինչպիսի՞ խմորումներ կան այսօր:

– Սրանից մի քանի տարի առաջ պարզ դարձաւ, որ Թուրքիայի գլխաւոր շտապն սկսել է նաեւ հայերէնը ուսումնասիրել: Այսինքն` Հայաստանը միանշանակ դիտարկւում է որպէս հակառակորդ: Կառավարող իսլամիստները դաշինք կազմեցին բանթուրքիստական «Ազգայնական շարժում» կուսակցութեան հետ, եւ բանթուրքիզմը ներկայումս պետականօրէն դիտարկւում է որպէս գաղափարական հիմք: Էրտողանն այժմ այն սկսում է որոշ չափով կիրառել իր քաղաքականութեան մէջ: Երկու տարի առաջ հրաւէր ստացայ մասնակցելու մի մեծ գիտաժողովի, որ Էրտողանի հովանու ներքոյ էր անցկացւում: Գիտաժողովում պէտք է քննարկուէր հետեւեալ հարցը. ինչպէ՞ս անել, որ թուրքերէնը դառնայ միջազգային լեզու: Այս հարցի բարձրացումը հիմնաւորում էին նրանով, որ աշխարհում այժմ տարբեր թուրքալեզու ժողովուրդներ կան, թուրքերէնը հսկայական տարածքային ընդգրկում ունի: Ի հարկէ, չգնացի: Ահա անգամ այսպիսի նկրտումներ կան:

Ինչպէ՞ս կարելի է հասկանալ Էրտողանի սադրիչ յայտարարութիւնը Հայոց ցեղասպանութեան 104-րդ տարելիցի կապակցութեամբ, որը մեծ աղմուկ բարձրացրեց։ Նա փաստօրէն արդարացրեց երիտթուրքերի կառավարութեան գործողութիւնները: Յիշեցնենք՝ Պոլսոյ հայ պատրիարքի փոխանորդ Արամ Աթէշեանին ուղղուած նամակում Թուրքիայի նախագահը ցաւակցութիւն էր յայտնել 1915 թ. Օսմանեան կայսրութիւնում զոհուած հայերի ժառանգներին։ Միեւնոյն ժամանակ, նա յայտարարել էր, որ հայերից շատերն իբրեւ թէ զոհուել են «այն անկարգութիւնների պատճառով, որոնք կազմակերպել էին հայկական հրոսակախմբերն ու զինուած խմբաւորումները»։ Եւ նա «ամենաողջամիտ որոշումը» որակեց «նման պայմաններում» հայ ազգաբնակչութեան տեղահանութիւնը:

– Էրտողանի այս աստիճան ակրեսիւ պահուածքը մի նպատակ ունի` մնալ իշխանութեան գլուխ նաեւ 2023 թուականից յետոյ, երբ կը նշուի Թուրքիայի Հանրապետութեան հռչակման 100-ամեակը։ Թուրքիայում այժմ համատարած վախի մթնոլորտ է տիրում: Այն բանից յետոյ, երբ ճնշուեց 2016 թ. յեղաշրջումը, սկսուեցին զանգուածային ձերբակալութիւնները: Հարիւր հազարից աւելի մարդ այժմ բանտում է: Վախի մթնոլորտն աննախադէպ է: Արգելուեց Պոլսի հաւաքը Ապրիլի 24-ի կապակցութեամբ: Էրտողանը յոյս ունի, որ 2023 թ.-ին կը յայտարարի Նոր Թուրքիա, եւ ինքն էլ կը դառնայ Թուրքիայի նոր հանրապետութեան հիմնադիրը՝ երկրորդը Աթաթուրքից յետոյ եւ կը սկսի Ազգային Ուխտի քարտէզը իրականութիւն դարձնել: Նա յոյս ունի, որ, օրինակ՝ Մոսուլը, Պաթումը, Թրակիան լիովին եւ այլն, որ դուրս են Թուրքիայի ներկայ սահմաններից, կը կարողանայ միաւորել: Եւ հենց այդ առումով բանթուրքիզմը իրեն այս պահին աւելի քան երբեւէ պէտք է, ու նա երկրում բռնաճնշումը աւելացնում է, որպէսզի իր իշխանութեանը ոչինչ չխանգարի:

Քնար Թադեւոսեան

«Հայ Զինուոր»

Leave a Comment

You must be logged in to post a comment.