Թուրքական կայքը համեմատել է հայկական, յունական, հրէական ու թուրքական սփիւռքները
Թուրքական իշխանամերձ «Yeni Şafak» լրատուական կայքը «Ինչու՞ թուրքերը սփիւռք չունեն» վերնագրով յօդուածում համեմատել է ԱՄՆ-ում ու Եւրոպայում հայկական, յունական հրէական սփիւռքների և թուրքականի գործունէութիւնները:
Հեղինակը նախ իր տեսանկիւնից ներկայացրել է 3 սփիւռքների ձևաւորման պատմութիւնը, ապա անդրադարձել դրանց կողմից յաջողութեամբ իրականացուող «անթիւ հակաթուրքական արշաւներ» մասին:
Դրանից յետոյ անդրադարձ է կատարուել 60-ականներից ի վեր Եվւրոպա գաղթած աւելի քան 6մլն թուրքերի առկայութեանը, որոնց մեծամասնութիւնն ապրում է Գերմանիայում: Նշւում է, որ միայն 2021-ին Գերմանիայում խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում խորհրդարան է անցել 18 թուրքական ծագմամբ պատգամաւոր, թուրք պատգամաւորներ կան նաև Եւրախորհրդարանում, թուրք պաշտօնեաներ կան նաև դաշնութեան նահանգներում:
Այնուհետև հեղինակը յիշեցրել է, որ չնայած այս պատկերին՝ 2016-ին Գերմանիայի խորհրդարանում (Բունդեսթագ) ընդունուեց Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող օրինագիծը: Օրինագծին աջակցել է թուրքական ծագում ունեցող 11 պատգամաւոր, իսկ օրինագծի հեղինակը եղել է Թուրքիայից արտագաղթած Ջեմ Օզդեմիրը:
Ըստ յօդուածագրի՝ նմանատիպ պատկեր է նաև Զուիցերիայում, որտեղ 2020-ի ընտրութիւններով խորհրդարան անցած թուրքական ծագմամբ 4 պատգամաւոր աջակցեցին նոյն թուականին խորհրդարան բերուած «Քուրդ ժողովրդի ինքնորոշման իրաւունքը» անուանումով օրինագծին։
Նշւում է, որ գրեթէ նոյն վիճակն է եւրոպական այլ երկրներում՝ Հոլանդիայում, Բելգիայում, Դանիայում, Աւստրիայում ու Զուիցերիայում, որտեղ թուրք պատգամաւորներ ու այլ պաշտօնեաներ կան:
«Եթէ Թուրքիային վերաբերող հարցերում թուրք պատգամաւորները ցանկանում են Հռոմի պապից աւելի կաթոլիկ երևալ ու Թուրքիային դէմ օրինագծերին աջակցութիւն են ցոյց տալիս, նշանակում է, որ այս գործում ինչ-որ բան այն չէ»,- գրում է հեղինակն ու աւելացնում, որ այս հարցի լուծումը հնարաւոր է թուրքական պետութեանն ու ժողովրդի, Եւրոպայի թուրքական կազմակերպութիւնների ղեկավարների, թուրք գործարարների ու սփիւռքի թուրքերի՝ Թուրքիայում բնակուող ազգականների համագործակցութեամբ միայն:
www.ermenihaber.am