Թէ՛ Հայրենիք, թէ՛ բնութիւն, թէ՛ սէր. Յ. Պէրպէրեանի նոր ժողովածուի շնորհանդէսը՝ Համազգայինի նախաձեռնութեամբ
Հայաստանում լոյս է տեսել սփիւռքահայ բանաստեղծ, հասարակական գործիչ Յարութիւն Պէրպէրեանի «Առաձգական» վերնագրով բանաստեղծութիւնների ժողովածուն:
Օրեր առաջ Համազգային Հայ Կրթական և Մշակութային միութեան Երևանի գրասենեակի նախաձեռնութեամբ, Աւետիք Իսահակեանի տուն-թանգարանում տեղի ունեցաւ գրքի շնորհանդէսը:
Հիմնական բանախօսներ՝ բանասիրական գիտութիւնների դոկտոր պրոֆեսոր Հենրիկ Էդոյեանը, գրաքննադատ, դոկտոր, պրոֆեսոր Դաւիթ Գասպարեանը, բանասիրական գիտութիւնների թեկնածու Քնարիկ Աբրահամեանը խօսեցին Յարութիւն Պէրպէրեան բանաստեղծի գրական վաստակի, նրա անցած ճանապահի ու ներկայում նրա գրականութեան համեմատական առանձնայատկութիւնների մասին:
Յարութիւն Պէրպէրեանն իր գրականութեամբ կարողացել է կամրջել անցեալն ու ներկան, ուրուագծել ապագայի տեսլականը: Նրա բանաստեղծութիւններում կայ թէ՛ Հայրենիք, թէ՛ բնութիւն, թէ՛ սէր։
Բանաստեղծի անձնական ապրումներն անկեղծ են, անմիջական ու խորհելու առիթ տուող իմաստնացած բանաձևումներով։ Այսպէս է գրողը մտնում գրական աշխարհ՝ գրականութիւն բերելով համամարդկային արժէքներ։
Շնորհաւորենք սիրելի գրողին՝ հաւատալով, որ Յարութիւն Պէրպէրեանով շարունակուելու են սփիւռքահայ գրականութեան աւանդութիւնները, և արդի բանաստեղծութիւնը նոր նշաձող է սահմանելու։
Ռուզան Առաքելեան