Ընդդիմութեան գործողութիւնները երբեք պայմանաւորուած չեն եղել ու չեն էլ կարող լինել եղանակով, դրանք պայմանաւորուած են հնարաւորութիւններով․ Քրիստինէ Վարդանեան
- (0)
Շարունակում եմ պատասխանել SOSArtsakh հանրահաւաքի հետ կապուած հարցերին։
Այսօրուայ հարցը․
Ո՞ւր էր ընդդիմութիւնը 9 ամիս, ի՞նչու է լուռ խորհրդարանական ընդդիմութիւնը, արդեօ՞ք Արցախին աջակցելու համար պէտք է սպասել շոգերը /արձակուրդներն անցնեն կամ որեւէ կոնկրետ օրուայ
Խնդրում եմ ուշադրութիւն դարձնել, որ ընդդիմութեան՝ եղանակով պայմանաւորուած գործողութիւններ ծաւալելու մասին յաճախ խօսում են մարդիկ, ովքեր տարբեր եղանակային պայմաններում մասնակցել են նոյն ընդդիմութեան կազմակերպած գործողութիւններին։
Սա լաւագոյն օրինակներից է, ինչպէս է իշխանական քարոզչութիւնը թափանցում մեր մտքեր, ինչպէս են նրանց թեզերը դառնում նաեւ մեր խօսոյթի մաս։
Ընդհանրապէս, այժմ ԱԺ-ում ներկայացուած ընդդիմութիւնը 3 տարիների ընթացքում նախաձեռնել է իշխանափոխութեան 3 գործընթաց ու դա արուել է անկախ եղանակային պայմաններից։
Այս քարոզչական թեզը կրկնող մեր շատ հայրենակիցներ 2020 թ․ Նոյեմբերի 9-ից յետոյ՝ ձեան, անձրեւի, բացասական ջերմաստիճանի պայմաններում մասնակցել են հանրահաւաքների եւ երթերի, գիշերել են վրաններում, աւելին՝ նրանց մի մասն 2021 թ․ Ամանորն անցկացրել է Հանրապետութեան հրապարակում՝ վրանի տակ։
Նոյնը նաեւ նախընտրական պայքարի եւ Դիմադրութեան շարժման ժամանակ էր։ Այս անգամ արդէն գարնանային անձրեւների, ամառային շոգի պայմաններում։
Ընդամէնը մէկ տարի առաջ դարձեալ այս մարդկանցից շատերը նոյն ընդդիմութեան ներկայացուցիչների հետ ամրան անտանելի շոգին գիշերում էին վրաններում։
Սակայն երեք տարի շարունակ գործող իշխանութիւնները հետեւողականօրէն այս թեզը ներմուծեցին դաշտ եւ հիմա այն արդէն դարձել է քննարկուող թեմա։
Ընդդիմութեան գործողութիւնները երբեք պայմանաւորուած չեն եղել ու չեն էլ կարող լինել եղանակով, դրանք պայմանաւորուած են ընդդիմութեան հնարաւորութիւններով։
Ընդհանրապէս, կարծում եմ մեզ չի յաջողուել բացատրել մի կարեւոր միտք․ Հայաստանի եւ Արցախի համար մղուող պայքարն ընդդիմադիր ուժերի եւ գործիչների անձնական հարցն է։
Անձնական հարց ասելով նկատի ունեմ հենց անձնականը, այդ թուում նաեւ ֆիզիքական գոյութիւնը։ Եւ այստեղ գեղարուեստական չափազանցութիւն չկայ։
Յաճախ ենք լսում, Արցախի կորստից յետոյ անիմաստ է պայքարը, ընդդիմութիւնը սպասում է ինչ տալու է տայ, յետոյ անի իշխանափոխութիւն․․․
Մինչդեռ ընդիմադիր (գոնէ իրավիճակին տիրապետող) ուժերը եւ գործիչները գիտեն, որ Արցախի կորստի դէպքում ոչինչ չի աւարտուելու, որ չկայ գիծ, որտեղ Ատրպէյճանը եւ Թուրքիան կանգ են առնելու։ Պարզ է նաեւ, որ ինչպէս Նոյեմբերի 9-ից յետոյ գործող իշխանութիւնը չհեռացաւ, այնպէս էլ չի հեռանալու նոր Նոյեմբերի 9-ից յետոյ։
Այս իշխանութիւնը հեռանալու է, երբ իրեն հեռացնեն։ Այլապէս մնալու է որքան կարողանայ եւ անելու է այն, ինչ կարողանայ։
Իսկ այդ ինչ կարողանալու մէջ առաջին հերթին մտնում է երկրի ներսում ցանկացած դիմադրութեան օճախի` բառի բուն իմաստով վերացումը, եւ այստեղ միջոցների մէջ խտրութիւն չի լինելու, ինչպէս չկայ հիմա։
Հենց այս պատճառով Հայաստանի ու Արցախի համար պայքարը մեզ բոլորիս համար բառի բուն իմաստով պայքար է կեանքի համար։
Ինքներդ փորձէք պատկերացնել, օրինակ, ՀՅԴ-ն ինչպէս պէտք է շարունակի գործել Հայաստանում, որը գտնւում է Թուրքիայի ազդեցութեան տակ, կամ Արցախում, որտեղ չկան հայեր։
Հետեւապէս՝ Հայաստանի եւ Արցախի համար պայքարը մեր անձնական հարցն է։ Հայաստանի եւ Արցախի փրկութիւնը մեր անձնական փրկութիւնն է։ Ուստի այստեղ չի կարող դերակատար լինել եղանակը, կամ որեւէ այլ գործօն։
Ուրեմն՝ ո՞րն է ձգձգման պատճառը։
Հնարաւորութիւնները։ Սա առանձին ծաւալուն հարց է, ինչ հնարաւորութիւններ են հարկաւոր այսպիսի իշխանութեան հեռացման համար, դրանցից որքանն ունենք մենք այս պահին եւ ի՞նչ ենք անում, որ ունենանք մնացածը։
Այստեղ կարեւոր է հասկանալ, որ նիկոլական իշխանութիւնը այսբերգի գագաթն է միայն։ Մեր պայքարը Հայաստանում ամրացած, օտար ֆինանսաւորում եւ թշնամական ուղիղ աջակցութիւն ունեցող համակարգի դէմ է, ոչ թէ ապաշնորհ ինչ-որ թիմի, որին չենք կարողանում հեռացնել։
Ես երկար կարող եմ թուարկել ինչ է անում, օրինակ ընդդիմադիր ուժերից միայն մէկը՝ ՀՅԴ-ն, այս 9 ամիսների ընթացքում (Արցախում քաղաքական պատասխանատուութեան ստանձնում, իրավիճակի կայութեան ապահովման ուղղուած գործողութիւններ, Արցախում գետնի վրայ աշխատանք հանրութեան հետ, դիւանագիտական աշխատանք միջազգային դաշտում, օգտագործելով կուսակցական եւ ԱԺ լծակները, 24 ժամեայ նստացոյց դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչութեան դիմաց, ՀՀ-ում կազմակերպական աշխատանք մարզերում եւ Երեւանում, աշխատանք Սփիւռքի համայնքներում․․․աջակցութիւն Արցախի թեմայով իրականացուող բոլոր նախաձեռնութիւններին), սակայն հասկանալի է, որ տարուող որեւէ աշխատանք բաւարար չի կարող համարուել մեր այս պայմաններում։
Հիմա կարեւորը նաեւ այս զրոյցների ընթացքում հասկանալն ու ընդունելն է, որ մենք միասին դեռ ճանապարհ ունենք անցնելու, որը հեշտերից չի լինելու։ Այդ ճանապարհը բաղկացած է փոքր քայլերից, որոնց թուում են նաեւ հաւաքները եւ ցոյցերը։
Հայաստանում իշխանափոխութիւն հնարաւոր է ներսում գետնի վրայ ճիշդ աշխատելու, յուսալքութիւն թոյլ չտալու, անհրաժեշտ մոպիլիզացիա ապահովելու, արտաքին դաշտում համապատասխան աշխատանքի եւ մի քանի այլ գործօնների համադրման շնորհիւ։
Այս 9 ամիսների ընթացքում, առանց բացակայելու հանրային դաշտից, բոլոր ուղղութիւններով անելով այն, ինչ այս պահին մեր կարողութիւնների սահմանում է, շատ լաւ հասկանալով, որ փոփոխութեան համար կան բացեր, որոնք պէտք է լրացուեն, առնուազն ուժը, որը ես եմ ներկայացնում, զբաղուած էր նաեւ հենց այս հարցերով, որպէսզի հնարաւոր լինի նորից մի օր փողոցում գեներացնել շարժում։
Սակայն մինչ դա մենք պէտք է լուծենք Հայաստանում եւ Արցախում ստեղծուած իրավիճակի առնչութեամբ մեր յստակ անհամաձայնութիւնն ու բողոքն արտայայտելու խնդիրը, որը կարեւոր է նաեւ հետագայ գործընթացների համար։
Այս ճանապարհը մենք կարող ենք անցնել թէկուզ միմիանց հետ վիճելով, սակայն ելակէտ ունենալով պարզ ճշմարտութիւնը․ Հայաստանի եւ Արցախի փրկութիւնը մեր անձնական փրկութիւնն է։
Քրիստինէ Վարդանեան
ՀՅԴ անդամ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր