Երկու տարուայ ընթացքում Հայաստանի բնակչութեան բնական աճը նուազել է մօտ 2,9 անգամ

Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայութեան (ԱՎԾ) նախնական տուեալների՝ բնակչութեան բնական աճը յունուար-յուլիսին կազմել է ընդամէնը 1252 մարդ: Սա 1,8 անգամ պակաս է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի ցուցանիշից: Հաշուետու տուեալները 2019 թուականի յունուար-յուլիս ամիսների ցուցանիշի հետ համեմատելու դէպքում անկումն  կազմում է մօտ 2,9 անգամ: Այսինքն, բնական աճի դինամիկայի միտումները ակնյայտօրէն վատթարացող բնոյթ են կրում: Այլ բաների հետ մէկտեղ, իր դերն է խաղացել նաեւ բնակչութեան մահացութեան կտրուկ աճը COVID-19-ից՝ հաշուետու յունուար-յուլիսին աւելի քան 2,3 հազար դէպք (նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում՝ 0,8 հազար դէպք):

Հայաստանի մշտական բնակչութեան դինամիկայի վրայ բացասաբար է ազդում երկրի բնակիչների աճող արտագաղթը: Բերենք մէկ փաստ՝ 2018-2020 թուականներին եւ ընթացիկ տարուայ յունուար-յունիսին Ռուսաստանի քաղաքացիութիւն է ստացել 103,6 հազար մարդ: Նրանցից 21,9 հազարը (կամ ընդհանուրի 21%-ը) բաժին է ընկել ընթացիկ տարուայ յունվար-յունիսին:

Յիշեցնենք, որ անցեալ տարի Ռուսաստանի քաղաքացիութիւն էր ստացել 30,5 հազար մարդ, այդ թւում՝ յունուար-յունիսին 14,1 հազար մարդ: Դատելով վերը նշուած ցուցանիշներից՝ այս գործընթացն ակնյայտօրէն աճող բնոյթ է կրում: Միանգամայն հնարաւոր է, որ անցած տարուայ ռեկորդը գերազանցի այս տարի: Հասկանալի է, որ արտագաղթի գործընթացը միայն Ռուսաստանով չի սահմանափակւում: Հասկանալի է նաեւ, որ արտագաղթում են հիմնականում երիտասարդ ընտանիքները, այդ թւում՝ վերարտադրողական տարիքի տղամարդիկ եւ կանայք: Սա սպառնում է  կարճաժամկէտ հեռանկարում երկրի ժողովրդագրութեան մէջ անդառնալի բացասական հետեւանքներով:

Leave a Comment

You must be logged in to post a comment.