Երկխօսութեան պայմանը առողջ բանականութիւնն է

Այս օրերին, երբ մեր երկիրը ներքաղաքական լարուածութեան մէջ է` մեր շուրջն ու մեզ հետ տեղի ունեցող իրադարձութիւնների պատճառով, ոմանք շարունակում են Դաշնակցութեան դէմ նոյն երգը երգել Ռոպերթ Քոչարեան եւ Սերժ Սարգսեան նախագահների հետ համագործակցութեան մասին: Հրատապ նշանակութի՞ւն ունի այսօր այդ հարցը, ի հարկէ ոչ, բայց չեմ կարծում, թէ մարդիկ չգիտեն ինչ են անում: Եթէ նման հրապարակումները պարզաբանումներ ստանալու նպատակ հետապնդէին ի հարկէ կարելի էր համապատասխան ձեւով արձագանգել դրանց, բայց երբ «մեղադրական փաստերի հիման վրայ կարդացւում են դատավճիռներ» ի հարկէ ուշադրութիւն դարձնելու կարիք չկայ, քանի որ Դաշնակցութիւնը որեւէ մէկի առաջ արդարանալու անհրաժեշտութիւն չունի: Այնուամենայնիւ երեւոյթը պարզաբանել արժէ, անդրադառնալով ՀՅԴ-իշխանութիւններ նախորդող երկու տասնամեակների եւ դրանից էլ այն կողմ անցնող փոխյարաբերութիւնների թեմային:

Նախ, եթէ իշխանութիւնների հետ փոխյարաբերութիւնների հարցն է մէջտեղ բերւում ինչո՞ւ խնդիրը չի քննւում աւելի վաղ շրջանից, երբ Դաշնակցութիւնը նաեւ համադրել է գործողութիւնները անկախ Հայաստանի առաջին իշխանութիւնների հետ՝ արցախեան պատերազմական գործողութիւնների հարցում, կայացման շրջանում, միջազգային ատեաններում, հայկական երկու հանրապետութիւնների հետապնդած խնդիրների, ֆինանսական եւ ոչ ֆինանսական աջակցութիւնների ուղղութեամբ, օժանդակել է Հայաստանի նորաստեղծ դիւանագիտական ներկայացուցչութիւններին եւ այլն: Սա կրկնեմ այն տարիներին, երբ Հայաստանում իշխանութիւնը հալածում էր կուսակցութեանը, իսկ ՀՅԴ-ն ընդդիմադիր կոշտ կեցուածք էր որդեգրել:

Ի դէպ, եթէ նման համագործակցութիւնը այդքան մեծ մեղք է ինչո՞ւ որեւէ քննադատութիւն չի հնչում այսօրուայ վարչապետի հասցէին, ով իր քաղաքական դաստիարակութիւնը ստացել է ՀՀՇ-ի խոհանոցում, ով եղել է Լեւոն Տէր-Պետրոսեանի դաշնակիցը 2008 թուականի ընտրութիւններում՝ առաջնորդուելով Արցախը յանձնելու պլատֆորմով: Ինչ վերաբերում է Դաշնակցութեանը, ապա յիշեցնեմ եւս մէկ փաստ, որ գուցէ եւ դուր գայ Դաշնակցութեան վարկով խիստ մտահոգներին: 1920 թուականի Դեկտեմբերին, իշխանութիւնը բոլշեւիկեան յեղկոմին յանձնելուց 1-2 օր անց ՀՅԴ բարձրագոյն մամինը՝ Բիւրոն շրջաբերական յղեց կուսակցութեան շարքերին, որով յայտնում էր, որ ինքը հարկադրաբար լքում է երկիրը, սակայն հազարաւոր դաշնակցականները կարող են ներգրաւուել պետական աշխատանքներում նոր իշխանութեան պայմաններում շարունակելով ծառայութիւնը հայրենիքին:

Բոլոր ժամանակներում Դաշնակցութիւնը տարբերակել է պետութիւնը իշխանութիւնից եւ երբեք չի մտահոգուել, թէ պետութեանն իր ծառայութեամբ կարող է ուղղակի կամ անուղղակի ձեւով օգտակար լինել նաեւ օրուայ իշխանութիւններին: Դաշնակցութեան համագործակցութիւնների հարցը քննողները ինչո՞ւ չեն ցանկանում լուսաբանել նաեւ այն հարցը, որ Փաշինեանի առաջարկին ընդառաջելով Դաշնակցութիւնը դաշինք կազմեց եւ նրա հետ, իսկ այն բանից յետոյ, երբ խզուեց այդ դաշինքը ընդդիմադիր դիրքորոշում որդեգրած ՀՅԴ-ն այդուհետ էլ շարունակեց աջակցութեան առաջարկներ ներկայացնել իր կողմից քննադատուող իշխանութեանը:

Այստեղ անդրադառնանք հարցին թէ ինչո՞ւ մէկ դէպքում ստացուել է ուղղակի համագործակցութիւնը, իսկ այլ դէպքերում՝ ոչ: Պատճառը շատ պարզ ու ակնյայտ է. ի տարբերութիւն առաջին եւ չորրորդ ղեկավարների երկրորդն ու երրորդը չէին տառապում ամենագէտի, ինքնասիրահարուածի եւ անհանդուրժողի բարդոյթներով եւ պատրաստ էին լսելու դիմացինին, քննարկելու եւ համատեղ լուծումներ փնտրելու ազգային այլեւայլ հիմնահարցերի վերաբերեալ: Մօտ քսան տարի Դաշնակցութեան ղեկավարութիւնը մշտական շփումների մէջ է եղել Հայաստանի բարձրագոյն ղեկավարութեան հետ: Յաճախ նման քննարկումները ստացել են բանավէճերի բնոյթ, յաճախ յաջողել է ընդհանուր լուծումների յանգել, իսկ յաճախ էլ չի յաջողել: Պատահել է նաեւ, որ տեսակէտների բեւեռացում է եղել եւ օրինակ իշխանութեան դէմ Դաշնակցութիւնը ձեռնարկել է հրապարակային պայքար: Յիշեցնեմ բոլորին յայտնի հայ-թուրքական արձանագրութիւնների օրինակը: Այն ժամանակ Դաշնակցութիւնը մէկ կողմից ճնշում գործադրելով, իսկ միւս կողմից քաղաքական պայքարը չհասցնելով ներքին թշնամանքի փորձեց իշխանութեանը համոզել ու ստիպել, որ ետ կանգնի թուրքերի հետ «հաշտութեան» սայթաքուն ճանապարհից: Որքան էլ զարմանալի կարող է թուալ, բայց այդ պայմաններում Հայաստանի թիւ մէկ պաշտօնեան որոշեց շրջագայել Սփիւռքում եւ համազգային կարեւորութեան հարցի վերաբերեալ լսել նաեւ սփիւռքահայութեան տեսակէտը:

Հաւանաբար նա հրաշալի պատկերացնում էր, թէ ինչ է լսելու Սփիւռքում, ուր իրեն դիմաւորողների մի ակտիւ հատուածը դարձեալ դաշնակցականներն էին լինելու: Սփիւռքը իր քաղաքական եւ այլ բազմազանութեամբ նոյնպէս եղաւ կոշտ, բայց ոչ թշնամական: Այդպէս հայ ժողովուրդը հայոց քաղաքական-պետական ուժերի հետ ձեւաւորում էր համազգային եւ ներպետական քաղաքական հանդուրժողութեան մշակոյթ՝ անկախ նրանից, թէ կողմերը ինչ տեսակէտ կ’ունենային միմեանց նկատմամբ, ինչն այսօր յաջողութեամբ փլուզում է Նիկոլ Փաշինեանը: Ի դէպ, եթէ այդ մշակոյթը արմատներ նետած չլինէր մեր երկրում չէր լինի նաեւ Նիկոլի թաւիշը, որովհետեւ այն ոչ թէ պայմանաւորուած էր ընդդիմութեան, այլ իշխանութիւնների հանդուրժողութեամբ՝ «յեղափոխականները» չէին յարձակելու ուժայինների վրայ: Իսկ թէ Փաշինեանի պատկերացումներն ինչ էին ներքաղաքական-ներհասարակական փոխյարաբերութիւնների վերաբերեալ այսօր ակնյայտ է ներհայկական պառակտուածութեան եւ թշնամանքի, համատարած քրէական հետապնդումների, վախի սերմանման, ուժայինների բիրտ գործողութիւնների, օրէնքներիի ոտնահարման, մատնութիւնների եւ ընդհանրապէս քաղաքական ընդդիմութեան յայտ ներկայացնողների դէմ քրէական, քաղաքական ու ամբոխային տոտալ յարձակում ձեռնարկելու մշակոյթի սերմանման պայմաններում:

Ինչ վերաբերում է 20 տարի երկիրը կառավարած իշխանութիւնների նկատմամբ Դաշնակցութեան վերաբերմունքին, ապա այս հարցում ՀՅԴ քննադատներին խորհուրդ կու տամ բացել այդ տարիների ցանկացած օրուայ թերթերը եւ նրանք դժուար թէ դրանցում քննադատութիւններ չգտնեն գործող իշխանութիւնների հասցէին: Համացանցում շատ տարածուած են երջանկայիշատակ Վահան Յովհաննիսեանի կոշտ ելոյթները ներկայացնող տեսանիւթեր: Այդ բոլոր տեսանիւթերը որ Լեւոն Տէր-Պետրոսեանի իշխանութեան օրօք չեն նկարահանուել հետաքրքիր է ո՞ւմ օրօք են արձանագրուել: ՀՅԴ բազմաթիւ գործիչների քննադատական նման ելոյթները բազմաթիւ են, եւ ում թւում է, թէ 2018 թուականին նոր թուարկութիւն է սկսուել կարող է մի քիչ քչփորել ձեռքի տակ եղած աղբիւրները եւ թարմացնել յիշողութիւնը:

Այս ամէնին Դաշնակցութեան անցեալով մտահոգները տեղեա՞կ չեն, թէ այսօր այդպէս է պէտք:

Տուեալ երեւոյթին հետեւողները կարող են նկատել, որ տեղի ունեցողը զուգակցւում է ՀՅԴի այսօրուայ վճռական դիրքորոշումների հետ՝ գործող իշխանութիւնների, մեր կարծիքով պետականաքանդ գործունէութեան նկատմամբ: Այսինքն, այս գործընթացներում Դաշնակցութեան դիրքերը թուլացնելու համար փորձ է արւում հարուածել նրան նաեւ կողքից ու թիկունքից, փորձել վարկաբեկել եւ ժողովրդին վանել ազգային խնդիրներով գործնականօրէն մտահոգ կուսակցութիւնից:

Արդէն երկու տարի նոր ուժերը իշխանութեան լիակատար տնօրինողներն են երկրում: Այս ընթացքում ոչ միայն խոստացուած բարեփոխումների հետքերը չկան, այլեւ ստեղծուած չեն այնպիսի հիմքեր ու նախադրեալներ, որոնք գոնէ յուսալի ապագայի ակնկալիքներ կարող էին ներշնչել: Դրա փոխարէն ոչ պալատական տնտեսագէտներն ու այլ մասնագէտները մռայլ կանխատեսումներ են կատարում մօտակայ հեռանկարի հետ կապուած: Սրան զուգահեռ խայտառակ, եթէ չասենք ողբերգական իրավիճակ է համաճարակը յաղթահարելու ճակատում: Այս ամէնին ինչպէ՞ս է արձագանգում իշխանութիւնը՝ հարձակումներով ընդդիմութեան դէմ, նոր դատավարութիւններով ու քրէական բնոյթի աղմկոտ մեղադրանքներով եւ հնի սաստկացող քննադատութեամբ: Ուզած, թէ չուզած մտքիդ մէջ համեմատութիւններն են զուգահեռւում, ինչպէս անցած դարի 20ականներին, երեսունականներին եւ նոյնիսկ դրանից յետոյ խորհրդային միութիւնում ոչնչացւում էր պետական-պաշտօնական գծին չհամապատասխանող ամէն ինչ: Հնի «յանցաւոր էութեան ու գործունէութեան» բացայայտման եւ հետապնդման մոլուցքով առաջնորդուել են մշտապէս նրանք, ովքեր ունակ չեն եղել լաւ բան անելու ժողովրդի համար, բայց հիւանդացած են եղել անսանձ ու անվերահսկել իշխանութեան տիրանալու մոլագարութեամբ:

Ուրեմն խորքում այլ խնդիր է: Խորքում Հայաստանում տարածուած, բայց բարեբախտաբար, արագօրէն յաղթահարուող այն համաճարակն է, որը կարելի է անուանել նիկոլապաշտութիւն: Զարմանալիօրէն ժողովրդավարութիւնից ու այլ մեծամեծ արժէքներից դատողները ընդօրինակում եւ խրախուսում են ամէն տեսակ քննադատութիւնը բոլորի հասցէին միայն ոչ Նիկոլ Փաշինեանի: Նիկոլ Փաշինեանի հեղինակութիւնը կեսարի կնոջ պէս կասկածից վեր է: Եւ չկասկածեք՝ Հայաստանում ինքն իրեն հաստատել փորձող ճորտութեան ու բռնիշխանութեան ներուժը վառ ընդունակութիւններից զուրկ Նիկոլ անձինը չէ, այլ պետական հաստատութիւնները նուաճած, համացանցային հարթութիւնում մի կողմից թշնամանք ու միւս կողմից պաշտամունք սերմանող մոլեռանդ կռապաշտների նօսրացող բանակինը:

Դաշնակցութեան համագործակցութեան որակը նորանկախ Հայաստանի այս կամ այն իշխանութեան հետ չափել կարող է միայն ի շահ երկրի ու պետականութեան իրականացուած աշխատանքի արդիւնաւէտութեամբ, ինչպէս եւ նրանով, թէ կուսակցութիւնը որքանով է կարողացել պահպանել ինքնուրոյնութիւնը: Կարող է գնահատուել նրանով, թէ տուեալ շրջանում երկրում զարգացման ինչպիսի գործընթացներ են տեղի ունեցել, որոնց մասնակիցն է իր չափով եղել Դաշնակցութիւնը: Իսկ ամպի պէս հալուող ամբոխի այն ծուէնները, որոնք կարծում են, թէ Փաշինեանի թուարկութիւնից առաջ ամէն ինչ սեւ է եղել, իսկ նոր թուարկութեան հետ ամէն ինչ դարձել է վարդագոյն գուցէ դեռ նոր փորձութիւնների կարիք ունեն: Յամենայն դէպս հասարակական թէ քաղաքական երկխօսութիւն հնարաւոր է նրանց հետ, ում առաջնորդում են ոչ թէ կոյր ատելութիւնն ու նոյնքան կոյր սէրը, այլ առողջ բանականութիւնը: Ոչ թէ օդ արձակուող պղպջակների պէս սուտ խոստումները, այլ այն իրականութիւնը, որն աչքի առջեւ է եւ ամէն օր զգում ես սեփական մաշկի վրայ:

Արտաշէս Շահպազեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.