«Դրօշակ»-ի Առաջնորդող. Յաղթանակները Հպարտ ու Արժանապատիւ Մարդկանց Ժառանգութիւնն Են
- (0)
Մայիսը աւանդաբար տօնական է եղել մեզ համար, հպարտութիւն են ներշնչել այս ամսին նուաճած պատմական յաղթանակները, շօշափելիօրէն զգացել ենք, որ մեր միասնականութեամբ ունակ ենք հրաշքներ գործելու: Այսօր մայիսը եւ մայիսեան յիշարժան օրերը անցկացնում ենք գլխիկոր, նուաստացած, սեփական կողմնորոշիչներն ու յենարանները կորցրածի շփոթմունքով: Սեփական իշխանութեան թշնամական լռութեան պայմաններում մի քանի կազմակերպութիւններ եւ անհատներ յիշեցին եռատօնի մասին, եւ վստահութիւն յայտնեցին, որ ոչինչ աւարտուած չէ, վերադարձ լինելու է, եւ Շուշիի ազատագրումը կրկնուելու է:
Հայաստանի վարչապետը թոկը վիզը գցած կենդանու պէս մեկնեց Մոսկուա եւ ֆաշիզմի դէմ տարած յաղթանակը նշող առաջնորդների կողքից քարշ եկաւ օտարի, արհամարհուածի, աւելորդի հոգեբանութեամբ:
Այն պարագայում, երբ հայ ղեկավարը յաղթողների այդ շքերթում իրեն պէտք էր պահէր ամենահպարտ կեցուածքով, քանի որ Ցեղասպանութիւն ու պատերազմներ տեսած իր ժողովուրդը, թուաքանակի համեմատ, ամենամեծ մասնակցութիւն, ամենաշատ հերոսներ եւ զոհեր տուած ժողովուրդներից մէկն էր համաշխարհային այդ պատերազմում: Թէ՛ այն օրերին եւ թէ՛ դրանից յետոյ հայ ժողովուրդը բնազդով գիտակցել է, որ գերմանական ֆաշիզմը թուրքական ֆաշիզմի շարունակութիւնն է, որ իրենից հեռու թուացող այդ պատերազմում եթէ դարձեալ յաղթէր ռասիզմը, հայութեան վերջին կղզեակն էլ կարող էր խորտակուել դարչնագունած փանթուրքիզմի նոր յորձանքի հարուածից:
Թուրքիան, կրկնելով Ա. Համաշխարհային պատերազմում որդեգրած իր կողմնորոշումը, Բ. Աշխարհամարտի ճիշդ նախօրեակին բարեկամութեան եւ չյարձակուելու մասին պայմանագիր կնքեց նացիստական Գերմանիայի հետ: Մշտական շփումների ընթացքում թուրքերը հաւաստիացնում էին նացիստներին, որ նրանք կարող են հաշուարկ անել ապագայի բարեկամ երեք թուրքական պետութիւնների աջակցութեան վրայ: Թուրքիայի կողքին, երկրորդ այդպիսի պետութիւնը լինելու էր անկախ Ազրպէյճանը, իսկ երրորդը, ըստ նրանց, կը ձեւաւորուէր Ռուսաստանի թուրքացեղ ժողովուրդներից: 1941-42 թուականներին իրատեսական թուացող այս քննարկումներին մասնակցում էին նաեւ ազրպէյճանցիները, մասնաւորապէս` Ազրպէյճանի առաջին հանրապետութեան հիմնադիր Մամէտ Էմին Ռասուլզատէն:
Գերմանացիները մշտապէս պահանջում էին, որ թուրքերը ներգրաւուեն ռազմական գործողութիւնների մէջ, սակայն վերջիններս, իրենց յատուկ շրջահայեացութեամբ, ձգձգում էին ժամանակը, թերեւս յիշելով նաեւ Ա. Համաշխարհային պատերազմի ժամանակ կատարած իրենց ճակատագրական սխալի մասին, ինչը դարձաւ Օսմանեան կայսրութեան խորտակման պատճառ: 1944 թուականին, յատկապէս` Ստալինկրատի խորտակիչ պարտութիւնից, Դաշնակիցների կողմից երկրորդ ճակատի բացումից եւ խորհրդային զօրքերի յաղթական մուտքից յետոյ Եւրոպա, Թուրքիան խզեց գերմանացիների հետ կնքած պայմանագիրը: Բնականաբար հայ ժողովրդի համար ոչ մի կասկած չկար, թէ ֆաշիստական Թուրքիան որոշակիօրէն, ո՛ր ճակատում եւ ո՛ւմ դէմ էր պատերազմելու: Այդ իսկ պատճառով հայ ժողովուրդն այդ պատերազմին մասնակցեց, ինչպէս կը մասնակցէր հայրենական պատերազմի` աւելի քան 600.000 հայորդիներով, որոնց կէսից աւելին զոհուեցին: Մասնակցեց հերոսաբար, ոչ միայն խորհրդային, այլեւ դաշնակից պետութիւնների զօրքերի ու դիմադրական շարժումների կազմում, իր սեփական զօրամիաւումներով յաղթական ուղի անցաւ` հերոսութեան հաւաքական ու անհատական փայլուն էջեր գրելով: Հայ ժողովուրդը ֆաշիզմի դէմ այս պատերազմում եղաւ միասնական` իր հայաստանեան եւ սփիւռքեան թեւերով:
Մենք մեր հայրերից սովորեցինք յարգել եւ հպարտանալ նրանց հայրերի հերոսութեամբ, 4 տարի տղամարդկանցից զրկուած «թիկունքի» տոկունութեամբ: Հայաստանի գրեթէ ամէն բնակավայր ունեցաւ յիշատակի յուշարձան, որի վրայ արձանագրուեցին տուեալ վայրից նահատակուածների անունները, ստեղծուեցին այս յաղթանակի գործում հայութեան հերոսական մասնակցութեանը նուիրուած գրքեր, ժապաւէններ, երգեր, կերպարուեստի ստեղծագործութիւններ: Հետստալինեան ձնհալի շրջանում այս յաղթանակի զգացողութիւնը կարեւոր հոգեբանական գործօն դարձաւ մէջքը շտկող հայ ժողովրդի համար եւ մաս կազմեց նրա հոգեկերտուածքին:
Հայ ժողովրդի ղեկավարը յաղթանակի 80-ամեակի միջազգային տօնակատարութեանը մասնակցեց ոչ որպէս յաղթողների ներկայացուցիչ եւ չցանկացաւ զօրաշքերթին հայկական ռազմական ստորաբաժանումները մասնակից դարձնելով` շեշտել իր ներկայացրած երկրի աւանդն ու դաւանած արժէքները: Նոյն այդ ղեկավարի ցուցումով, զուգահեռաբար, Հայաստանում պետական քարոզչամիջոցներն ու իշխանութեան մանկլաւիկներն իրականացրին Բ. Աշխարհամարտի յաղթողների գնահատականների վերաքննութիւն, տասնամեակներ անց Հայաստանը, ի դէմս իր ղեկավարների, ըստ էութեան, կանգնեց ֆաշիզմի ու նրա կողմնակիցների կողքին: Հերթական անգամ Հայաստանը ներկայացնող ղեկավարը յայտնուեց պատմութեան հակառակ կողմում, արհամարհեց սեփական ժողովրդի պատմական հերոսական անցեալը` սրբացած նահատակների յիշատակը, եւ փորձեց այդ արժէքները վարկաբեկել հանրութեան աչքում: Աւելի՛ն. իրեն ապահովագրելու համար մինչ Մոսկուա մեկնելը վազեց Էստոնիա, որտեղ իր յարգանքն արտայայտեց համայնավարութեան զոհերի յիշատակին (այդ զոհերի թւում նրանք են, որոնք Բ. Աշխարհամարտի ժամանակ համագործակցեցին նացիստների հետ, իսկ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ հերոսացուեցին): Այնինչ, թերեւս ճիշդ պահն էր, օրինակ, այդ օրերին Հայաստանում բողոքի գործողութիւններ կազմակերպել այն բանի համար, որ Ազրպէյճանն Արցախում զանգուածաբար պղծում եւ աւերում է Բ. Համաշխարհային պատերազմի նահատակների, հերոսների եւ մարաջախտների յիշատակին կանգնեցուած յուշարձանները: Այնինչ, գերմանական ֆաշիզմի դէմ տարուած պայքարի ու յաղթանակի պատմութիւնն աղաւաղելուց, նսեմացնելուց յետոյ նոյն ղեկավարն արդէն բոլորովին այլ տրամադրութեամբ օրեր անց յայտնուեց Ալպանիայում եւ շնիկի պէս պոչը խաղացնելով` սկսեց պտոյտներ տալ եւ քծնել դեռ երէկ Արցախի ցեղասպանութիւնն իրականացրած եւ այսօր Հայաստանի բռնագրաւմանը ձգտող թուրքազրպէյճանական եղբայրութեան առաջ: Քաղաքական բեւեռների միջեւ գեղջկական խուսանաւումներով զբաղուած ղեկավարը, այլեւս ամէն կողմից գտնուելով ճնշման տակ, ճգնում է բաւարարել բոլորի ակնկալիքները եւ յայտնուել է քաղաքական խամաճիկի դերում:
Մի կողմից նա ունակ չէ չկատարելու արեւմտեան տէրերի քաղաքական թելադրանքները, միւս կողմից` հասկանում է, որ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների վատթարացումը տնտեսական, ուժանիւթային ու նաեւ քաղաքական առումներով կործանարար կը լինի Հայաստանի համար: Երրորդ եւ չորրորդ կողմերից նրան պատին է սեղմում թուրքազրպէյճանական դաշինքը, այլեւս չընդունելով խոստումները կատարելու ժամանակի ձգձգումը` հասկանալով, որ բարոյապէս եւ քաղաքականապէս սպառուած իշխանութիւնը նուազ հնարաւորութիւն ունի վերընտրուելու եւ դրանից յետոյ պարտաւորութիւնները կատարելու համար: Արեւմուտքը չի աջակցում նման իշխանութեանը թուրքազրպէյճանական ճնշմանը դիմակայելու համար, հիւսիսը այլեւս չի վստահում կեղծ հաւաստիացումներին եւ մեծացնելով ճնշումը` պահանջում է կողմնորոշուել, թշնամին կրակոցներով սպառնում է նոր պատերազմով, իսկ երկրի ներսում ակնառու է համաժողովրդական հակակրանքն ու աշխուժացնող դժգոհութիւնը: Իշխանութիւնն ինքնապահպանման համար կառչած է գալիք ընտրութիւններում յաղթելու գաղափարից, բայց տեսնում է, որ դա իր համար անհնարին է դարձել անգամ ամենակոպիտ ու վաղուց մոռացուած ընտրակեղծիքների պարագայում անգամ: Ամէն դէպքում, թէ՛ այլեւս անհեթեթութեան եւ ծաղրանքի վերածուած խաղաղութեան պայմանագիրը եւ թէ՛ Եւրոպական խաբուսիկ հեռանկարը պահպանելով որպէս վերջին խաղաթղթեր` երկրի համապարփակ ճգնաժամի պայմաններում, իշխանութիւնը մտել է նախընտրական ինքնանպատակ իրարանցման մէջ: Երկրի համար ճակատագրական ժամանակներում իշխանութեան պահպանման այս ճիգի մասին աւելի մանրամասն կը խօսենք յաջորդիւ: Թերեւս այս թեման պէտք չէ արծարծուէր «Դրօշակ»-ի մայիսեան համարում, եթէ դժբախտաբար հայկական իրականութիւնը չլինէր այնպիսին, որպիսին այն դարձել է այսօրուայ իշխանութեան ամբողջական մեղքով ու պատասխանատուութեամբ: Կասկած չկայ, որ նոյն նսեմացնող, իրականութիւնը կեղծող ու խեղաթիւրող մթնոլորտն է մեզ սպասւում նաեւ առաջիկայում` Հայաստանի Ա. Հանրապետութեան անկախութեան եւ պետականութեան վերականգնման մեծ տօնի օրերին:
Փաստն այն է, որ ներկայիս իշխանական խմբակն անհաղորդ է` իրեն ծնած ժողովրդի անցած պատմական ուղուն, նրա մաքառումներին, հերոսական եւ ողբերգական էջերին: Կար ժամանակ, երբ դժուար էր ըմբռնելը, թէ այդ ինչպէ՛ս ծնունդով հայ մարդիկ, պոլշեւիկի հագուստը հագած, եկան այս ժողովրդին ղեկավարելու, որպէս թշնամու դրածոներ: Այսօր, սակայն, մեր աչքով տեսանք, թէ ինչպէ՛ս օտարի ձեռքի տակ ձեւաւորուած անձինք կարող են սեփական ժողովրդի հանդէպ վերածուել օտարի կամակատարի եւ Հայաստանի նկատմամբ նրանց յաւակնութիւններն իրականացնողի:
Իրաւունք չունի որեւէ ժողովրդի առաջնորդելու այնպիսի ղեկավարութիւն, որը չի կրում նրա արժէքներն ու իտէալները, չի վստահում նրա ուժին եւ պատրաստ չէ նրա հետ մաքառելու, այլ կարող է միայն յանձնուել եւ յանձնել, պարտութեամբ եւ անվերջանալի զիջումներով մուրալ հակառակորդի ողորմածութիւնը: Այդպիսի իրաւունք չունի մի ուժ, որի քաղաքական դաւանանքին եւ հոգեկերտուածքին խորթ ու անընդունելի է պայքարի, ինքնազոհաբերութեան գաղափարը, որը կառչած է օտարի փէշերից եւ ունակ չէ գոյացնելու համազգային համերաշխութիւն:
Պատմական շրջադարձի պահերին ի յայտ եկող առաջնորդների ուժի աղբիւրը բխում է սեփական ժողովրդի ընդերքից, եւ նա պատմական օրինաչափութեամբ ասպարէզ է իջնում ժողովրդին նրա երազած ուղով տանելու եւ ոչ թէ շեղելու այդ ուղու պատմական ընթացքից` համապատասխան սեփական եւ արտածին ըմբռնումների:
Հայ ժողովուրդն իր աստեղային ժամերն է ապրել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին, երբ ազգի դարաւոր երազանքներն օրուայ սերունդները որդեգրեցին որպէս քաղաքական պատուէր եւ այրեցին իրենց այդ պատմական առաքելութեան ճանապարհին: Այսօրուայ բախտախնդիրների մեղքով ներկայ ժամանակը դարձել է նոյնքան պատմական, նոյնքան ճակատագրական եւ պահանջում է այդ բեռան տակ մտնելու պատրաստ, յանձնառու տեսակ:
Առջեւում մայիսի 28-ի տօնն է: Մայիսի 28-ը պատկանում է նրանց, որոնք հաւատում են եւ պատրաստ են գնալու ազգային վերածնութեան դժուարին ճանապարհով: Նայէք այսօրուայ արթնացող հայութեանը եւ կը տեսնէք, որ նա փակում է դռները հայրենիքի տեսլականներին, արժէքային ու հոգեւոր ըմբռնումներին խորթ, բարոյապէս սպառուած, ոչնչապաշտ, կամակատար ու սողացող տեսակի առջեւ:
Մայիսի 28-ը հպարտ ու արժանապատիւ մարդկանց ժառանգութիւնն է, մնացածը կրողն են պոլշեւիզմի կամ աշխարհաքաղաքացիութեան պիղծ, քսու եւ ապականուած մտածողութեան: Այո՛, մենք ականատես ենք, թէ ինչպէ՛ս է դանդաղ ուռճանում հայ ժողովրդի ըմբոստանալու համաժողովրդական ներուժը, ինչը որ տեղի ունեցաւ 107 տարի առաջ, ճիշտ այս օրերին: Քաղաքական մուրացկաններն աշխարհի հզօրների եւ անգամ սեփական ժողովրդի դահիճների ոտքերն ընկած` աջակցութիւն են աղերսում հայ ժողովրդից իրենց պաշտպանելու համար եւ իշխանութեան դիմաց գրաւ են դնում Հայաստանի ճակատագիրը` այնպէս, ինչպէս տեղի ունեցաւ այն նոյն տարիներին: Բայց ինչպէս այն ճակատագրական օրերին, քաղաքական դիմակայութեան այս նոր Սարդարապատում եւս յաղթելը վիճակուած է հայ ժողովուրդին: Առջեւում մեծ մարտահրաւէրներ կան եւ դժուարին անելիքներ, բայց այդ ճանապարհը սկսւում է երկիրն օտարի հինգերորդ շարասիւնից ազատագրելուց, եւ այդ ազատագրման մտասեւեռումն ամէն օր աւելի է ամրապնդւում Սարդարապատ կերտած ժողովրդի այսօրուայ սերունդների հոգում: