ԴՐՍԻ ԽՐԱՄԱՏԸ ՊԻՏԻ ՊԱՀԷՔ, ՄԻՆՉԵՒ ՆԵՐՍՈՒՄ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻՑ ԱԶԱՏՈՒԵՆՔ
- (0)
Ձեր գործը կրկնակի, եռակի դժուարացել է, որովհետեւ եթէ առաջ թէ ՀՀ, թէ ԱՀ արտգործնախարարութիւնները եւ Հայ Դատի յանձնախմբերն աշխատում էին միասին ձեռք-ձեռքի տուած, ապա հիմա դուք պէտք է աշխատէք եւ Հայ Դատի, եւ իրենց փոխարէն: Այս մասին ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի ժամանակ նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիեանը՝ ուղջունելով խորհրդաժողովի գումարումն Արցախում:
«Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը գիտէք ինչով է զբաղուած եւ շատ անգամ պետական տեսակէտը եւ մեր ազգային նպատակները չեն համընկնում: Ինչ վերաբերում է Արցախին, Արցախի եւ ՀՀ արտգործնախարարութիւնների միջեւ խզում կայ: Դուք պէտք է իրականութիւնն իմանաք: Ցանկացած հիւանդութիւն հնարաւոր է բուժել միայն այն դէպքում, եթէ ճիշտ ախտորոշում ես անում»,- ասել է Արթուր Մոսիեանը:
Նրա խօսքով՝ խորհրդաժողովը լաւագոյն հարթակն է Արցախի ներկայացուցչութիւնների եւ Հայ Դատի յանձնախմբերի համագործակցութեան հարցը բարձրացնելու, այդ առումով ԱՀ ԱԳՆ ակնկալիքները հասկանալու համար:
Արթուր Մոսիեանը եւս մէկ անգամ շեշտել է, որ Հայ Դատի յանձնախմբերին ու գրասենեակներին դժուար աշխատանք է սպասւում: «Դրսի խրամատը պիտի պահէք, մինչեւ մենք ներսում եղածը մաքրենք, հակահայկական տարրերից կարողանանք ազատուել, այն ժամանակ մենք միասին յաղթանակներ կը տօնենք, մինչեւ այդ պիտի մաքառենք, պայքարենք, ինչքան հնարաւոր է»,- իր ողջոյնի խօսքում ասել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը:
aparaj.am