«Դուք հերոսներ ծնած մայրեր էք, ձեր զաւակներն իրենց կեանքը տուին, զոհուեցին մեր հայրենիքի բագինի ու խորանի վրայ»․ տեղի ունեցաւ մեծարանքի ցերեկոյթ՝ նուիրուած հերոսածին մայրերին

Կանանց միջազգային օրուայ կապակցութեամբ «Մշակութային և ժառանգութեան գրուպ» ընկերութիւնը Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Հերոսածին մայրեր» խորագիրը կրող միջոցառում էր կազմակերպել՝ նպատակ ունենալով մեծարել Արցախեան 44-օրեայ պատերազմում նահատակուած քաջերի մայրերին։ Յատուկ հրաւիրեալների թւում էին նաև քաջերին տիկնայք, քոյրերը, դուստրերը։

Միջոցառման կազմակերպիչները ջանացել էին այդ կանանց օրը դասական ու ազգային երաժշտութեամբ լցնել ու գոնէ մի փոքր մեղմել չսպիացող վէրքը։

«Մշակութային և ժառանգութեան գրուպ» ընկերութեան ծրագրերի համակարգող Դիանա Մնացականեանը «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում նշեց՝ պատասխանատուութիւնը մեծ էր․ միջոցառումը կազմակերպելիս ի սկզբանէ պարզ էր, թէ ինչքան զգայուն թեմա է ընտրուել, ուստի հարկաւոր էր այդ ձեռնարկի հետ կապուած ամէն քայլ կատարելիս նրբազգաց և զգօն լինել։

«Սա միջոց էր՝ այդ մայրերին ու կանանց շնորկաեալութիւն յայտնելու համար։ Սա մեր կազմակերպութեան ձեռնարկած առաջին միջոցառումն էր։ Առաջիկայում լինելու են նաև այլ միջոցառումներ», — նշեց Դիանա Մնացականեանը։

Միջոցառման ընթացքում տեսակապի միջոցով հնչեցին սփիւռքահայ հոգևոր և աշխարհիկ համայնքի ներկայացուցիչների շնորհաւորանքի ու սփոփանքի խօսքերը՝ ուղղուած հերոս կանանց։

Սփիւռքահայ փոքրիկներից ոմանք էլ նամակներ էին ուղարկել հերոսածին մայրերին։ Հերոսածին մայրերին ու հերոսների տիկնանց մխիթարանքի ու մեծարանքի ուղերձ յղեց նաև Գանատայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արքեպիսկոպոս Չարեանը։

«Նահատակ հերոսների սիրելի՛ մայրեր, այս պահին հաւաքուած էք մի յարկի տակ՝ յիշելու մեր հերոսներին, նահատակներին։ Դուք հերոսներ ծնած մայրեր էք։ Ձեր զաւակները յանուն հայրենիքի, հողի, ազգութեան, արժանապատուութեան՝ իրենց կեանքը տուին, զոհուեցին մեր հայրենիքի բագինի ու խորանի վրայ, որպէսզի մենք արժանապատւօրէն ապրենք։ Մեր աշակերտները իրենց նամակներով ձեզ հետ են, ձեզ մխիթարելու, սփոխելու, բայց նաև ասելու՝ հպարտացէ՛ք սիրելի մայրեր։ Մենք ձեր հերոս, նահատակ զաւակներին չենք մոռանայ, մենք ձեզ չենք մոռանայ, ձեր կողքին ենք, հայրենիքի կողքին ենք», — իր ուղերձում նշեց Բաբգէն արքեպիսկոպոս Չարեանը՝ յոյս յայտնելով, որ Արցախում, մեր հայրենիքում տեղի ունեցող այս գործընթացնրը ժամանակաւոր են, հաւիտենական չեն, ուստի մեր ոգով պիտի շարունակենք պայքարը՝ յաղթելու ու վերստին մեր հողերը, սրբութիւնները, իրաւունքները վերադարձնելու համար։

Արցախի հերոս Դաւիթ Առուշանեանի մայրը՝ Լիդա Առուշանեանը մեր թղթակցի հետ զրոյցում նշեց՝ որդու զոհուելուց յետոյ իր համար բոլոր տօներն իմաստազրկուել են, բայց ինքը անպայման կամեցել է ներկայ գտնուել այն միջոցառմանը, որտեղ խորին յարգանքով յիշում ու մեծարում են մեր քաջերին։ Պատերազմում զոհուած Ռոլանդ Սարգսեանի կինը՝ տիկին Աննան էլ նշեց՝ Կանանց միջազգային օրը մի տեսակ դատարկուել է առանց սիրելի ամուսնու։ Հիմա ինքն իր 16-ամեայ տղայի ու 12-ամեայ դստեր համար պէտք է և՛ հայր լինի, և՛ մայր։ «Դա չափազանց դժուար է, բայց ես զգում եմ, որ ամուսինս ինձ վերևից ուժ է տալիս, որ կարողանամ մեր զաւակներին դաստիարակել։ Այս ցերեկոյթի ընթացքում մեծարանքի արժամանացան մեր քաջերն ու նրանց մայրերը։ Մենք պիտի յիշենք մեր բոլոր քաջերին։ Մենք պիտի անմահ պահենք նրանց անունը։ Ես ջանք չեմ խնայելու, որ իմ որդուն դաստիարակեմ որպէս հայրենասէր ու քաջ մարդ, ուզում եմ, որ նա իր հոր պէս խիզախ ու հայրենասէր մարդ դառնայ», — նշեց տիկին Աննան։

Հերոս կանայք այսօր ապրում են իրենց զաւակների կամ ամուսինների մասին վառ յիշողութիւններով, որոնք ապրեցնում են նրանց։ Երեկոյի ընթացքում հնչեցին կանանց, հայրենիքն ու հայ ազգին նուիրուած երգեր, երգեր, որոնք մայրերին տարան անցեալ, երջանիկ դրուագներ յիշեցրին․․․ Ռազմի երգերով իրենց որդներին օրորոց դրած, հայրենասիրական երգերի ներքոյ իրենց զաւակներին դաստիարակած հայ մայրերի զաւակները այդ պատգամներով ու անսահման հայրենասիրութիւնն իրենց հոգում կրելով՝ ընկան կռիւներում։ Նրանք ընկան, որ մեր հայրենիքն ու մենք ապրենք։ Փա՛ռք այդ քաջերին, ո՛ւժ ու կորով մեր հերոսածին մայրերին։

https://fb.watch/bL2l4ZFjSj/

Leave a Comment

You must be logged in to post a comment.