Դիտարկում
Արդարացնելու համար իրենց ողորմելի պահուածքը, չտեսնելով ներկայիս իշխանութեան, ոչ միայն պատերազմ հրահրելը, պարտութիւնը, հազարաւոր զոհերն ու հայրենիքի յանձնումը, այլեւ ոստիկանական վայրենութիւններն ու տասնեակ քաղբանտարկեալների առկայութիւնը, իրենց քաղհասարակութիւն համարողները բարբաջում են ընդդիմութեան դէմ, որպէս հիմնական մեղադրանք ներկայացնելով նրանց, որպէս նախկիններ եւ կոռուպցիոներներ։
Այն որ Հայաստանը, մեղմ ասած զերծ չէր կոռուպցիայից անվիճելի է։ Ի դէպ կոռուպցիան ծաղկել է ոչ թէ ստի եւ կեղծիքի յեղափոխութիւնից առաջ քսան տարիների ընթացքում, այլ սկսած 90-ականների սկզբից, չհաշուած ԽՍՀՄ տարիները։
Չվիճելով նախկինում կոռուպցիայի մասին, հարցեր են առաջանում․
- Ո՞ւր են դատավճիռները։ Ի՞նչ ճակատագիր ունեցաւ գեներալ Մանուէլ Գրիգորեանի կոռուպցիոն քրէական գործը։ Մարդուն սպանեցին եւ ոչ մի բողոք։ Իսկ Գագիկ Ծառուկեանի գործն ի՞նչ եղաւ։ «Ջենտլմենական» համաձայնութի՞ւն։ Շարքն անվերջ է։
- Իսկ ի՞նչ կարծիքի էք, այսօրուայ ձեր կողմից պաշտելի իշխանութեան մասին։ Իսկապէ՞ս վստահ էք որ սրանք զերծ են կոռուպցիայից։
Յիշեցնե՞մ․ վարչապետուհու հիմնադրամներ, օրինականացուած կոռուպցիա՝ պարգեւավճարներ, ծառայողական շքեղ մեքենաներ, արտասահմանեան շքեղ վոյաժներ եւ այլն, Քաջարանի կոմբինատի «նուէրը» վարչապետի աշխատակազմին բաժնետոմսերի տեսքով, ԱԺ խօսնակի եղբոր ասֆալտակոռուպցիան, վարչապետի եղբօր տնօրէնակոռուպցիան եւ այլն, և այլն։Էլ չխօսենք քաղաքական ծաղկող կոռուպցիայի մասին։
- Իսկ ձեր կարծիքով, նոյն ձեր կողմից պաշտելի իշխանութեան շարքերում բացակայո՞ւմ են նախկիններն ու կոռուպցիոներները․ Անդրանիկ Քոչարեան, Վիգէն Խաչատրեան, Գագիկ Մելքոնեան, Սերգէյ Բագրատեան, Շիրակ Թորոսեան, Խաչատուր Սուքիասեան, Գուրգէն Արսէնեան, Գագիկ Ջհանգիրեան․․․ շարքը կարելի է շարունակել։
- «Դիմադրութեան շարժման» հանրահաւաքների շարքերում հիմնականում մասնակիցները երկրի ճակատագրով անհանգստացած քաղաքացիներ են, ովքեր երբեւէ չեն եղել իշխանութիւն եւ չեն էլ ձգտում։ Այնպէս որ դուք, այ ողորմելիներ, իրաւունք չունէք այպանելու հանրահաւաքներին մասնակցող հազարաւոր նուիրեալներին։
Յ.Գ. Այս յօդուածով նպատակ չունեմ պաշտպանելու «Դիմադրութեան շարժման» ղեկավարներին,նրանք քաղաքական գործիչներ են։ Նրանց կարելի է ընդունել կամ չընդունել, նաեւ անպայման քննադատել։ Ես պաշտպանում եմ հանրահաւաքներին մասնակցող նուիրեալ քաղաքացիներին, այսօրուայ բազմաթիւ քաղբանտարկեալներին, ովքեր յաճախ շատ աւելի վճռական են տրամադրուած, քան շարժման կազմակերպիչները։
ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ