«Դիմադրութիւն» շարժման բողոքի ակցիան` ի պաշտպանութիւն քաղբանտարկեալների
«Դիմադրութիւն» շարժումը յուլիսի 19-ին, ի պաշտպանութիւն ապօրինի ձերբակալուած քաղբանտարկեալների բողոքի ակցիայ է իրականացրել Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչութեան դիմաց, ապա երթով շարժուել դէպի կառավարութեան շէնք:
Երթի մասնակիցների ձեռքին կային «Նիկոլ մարդասպան», «Նիկոլ դաւաճան», «Բանտը Նիկոլի տեղն է», «Ազատութիւն քաղբանտարկեալներին», «Քաղաքական հայեացնքները դատավճիռ չեն» եւ այլ գրութիւններով պաստառներ։
«Ակցիայի նապատակը ՄԱԿ-ի հայաստանեան ներկայացուցչութեան մօտ մեր ձայնը բարձրացնել Հայաստանում քաղբանտարկեալների, ապօրինի անազատութեան մէջ պահուող անձանց վերաբերեալ։ Այս ընթացքում շուրջ 5 տասնեակ քաղաքական բանտարկեալ է եղել Հայաստանում, վստահաբար իշխանական կենտրոններից են եղել այն հրամանները, որ այս մարդիկ պէտք է գտնուեն անազատութեան մէջ»,- ՄԱԿ-ի գրասենեակի մօտ յայտարարեց ՀՅԴ անդամ Սեւակ Նազարեանը։
Նա յիշեցրեց, որ յուլիսի 15-ին հէնց դատական նիստի ժամանակ մահացաւ Արմէն Գրիգորեանը, մարդ, ով վերջին տարիներին անկախ ամէն ինչից, երբեք չէր վախեցել խօսել, իսկ մահացել է, որովհետեւ չի դիմացել այն ճնշմանը, որը ստեղծել էր այս իշխանութիւնն իր եւ մեր հայրենիքի նկատմամբ։
Սեւակ Նազարեանի խօսքով, այսօր էլ անազատութեան մէջ գտնուող մեր որոշ հայրենակիցներ ունեն առողջական խնդիրներ, ինչը նորից անտեսւում է իրաւապահ մարմինների կողմից։
«Յստակ արձանագրում ենք՝ այս իշխանութիւնը յագենում է այն արիւնից, որը թափում է իր հայրենակիցը, այն արիւնից, որն իր իշխանութիւնը պահելու համար պատաստ է ամէն օր հեղել»,- ընդգծեց նա։
Ակցիայի աւարտին, մասնակիցները քաղբանտարկեալներին վերաբերող պաստառները փակցրեցին ՄԱԿ-ի գրասենեակի մուտքի ճաղավանդակներին եւ երթով շարժուեցին դէպի կառավարութեան շէնք։
Կառավարութեան շէնքի մօտ մեծ թիւով ոստիկաններ էին կանգնած:
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պտգամաւոր Գեղամ Մանուկեանը յայտարարեց, որ իրենց պահանջն է, որ ՄԱԿ-ը իր յտակ դիրքորոշումն արտայայտի ՀՀ-ում քաղաքական հետապնդումների նկատմամբ, որպէսզի այս իշխնութիւնը չկարողանայ ամէն անգամ հպարտանալ, արդարանալ, թէ իրենց վրայ միջազգային որեւէ ճնշում չկայ:
«Նիկոլի կառավարման 4 տարիները Հայաստանում բերել է արիւն, արցունք, հազարաւոր մահեր»,- ասաց նա:
Կառավարութեան շէնքի մօտ ակցիայի ժամանակ ընդդիմադիր պատգամաւորները պատասխանեցին լրագրողների հարցերին։
Հիմա տեղի է ունենում շատ կարեւոր գործընթաց, որը կանխորոշելու է մեր բոլորի ապագան, բայց դաշտ ներտւում է շատ քիչ ինֆորմացիա. ասաց ՀՅԴ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ պաշտօնեաների շփումներին թուրք եւ ադրբեջանցի պաշտօնեաների հետ:
«Այս հանդիպումներում պակասում է հայկական շահը, մարդիկ, որոնք ի պաշտօնէ պէտք է ներկայացնէին մեր շահերը, հրապարակաւ հրաժարուել են դրանից: Այս գործելաոճը յանգեցրեց աղէտալի պատերազմի եւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի, մենք հիմա գտնւում ենք նոյն վիճակի մէջ: Փակ դռների յետեւում տեղի է ունենում գործընթաց»,- ասաց նա:
Այսօրուայ իշխանութիւններն իրենց գալու օրուանիցից բռնատիրութեան հիմքեր են դրել եւ հետեւանքները մենք տեսնում ենք նաեւ քաղբանտարկեալների ձեւով. լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Թադէոս Աւետիսեանը։
«Էդ սեւերի-սպիտակների բաժանելը, մարդկանց տարանջատելը, հանրութեանը պառակտելն այն հիմքերն էին, որոնք բերելու էին նաեւ այսօրուան: իսկ այսօր կատարւում է այն, որ մարդիկ արտայայտում են իրենց տեսակէտը, քաղաքական հայեացքների համար ենթարկւում են ամենատարբեր բռնաճնշումների՝ ֆէյքերի ֆէյսբուքեան յարձակումներ, աշխատանքից ազատումներ, նաեւ ապօրինի բանտարկութիւններ: Արդէն այս բռնաճնշումների հետեւանքը դառնում է ոչ թէ ազատազրկումը, աշխատանք կորցնելը, մարդկանց բարոյական ճնշումները, այլ ուղղակի կեանքից զրկելը»,- ասաց նա:
Գեղամ Մանուկեանը ընդդիմութեան անելիքների վերաբերեալ լրագրողի հարցին ի պատասխան նշեց․ «Ընդդիմութիւնն իր առաքելութիւնն ունի, իր ստացած մանդատն ունի եւ ըստ այդ մանդատի էլ շարժւում է»։ Խորհրդարան վերադառնալու հարցին ի պատասխան նա նշեց․
«Խորհրդարան վերադառնալը ֆիզիկական գործողութիւն է, որը օրակարգ չի կարող լինել, այլ հարց, որ ՀՀ-ի առջեւ ծառացած բազմաթիւ հիմնախնդիրների շուրջ գործունէութիւն ծաւալել, դա մեր պարտականութիւնն է եւ այդ պարտականութիւնների շրջանակում էլ գործունէութիւն ծաւալում ենք։ Անցնող երկու շաբաթուայ ընթացքում Սէյրան Օհանեանի հետ, ես, որպէս Պաշտպանութեան յանձնաժողովի անդամ, այցելել ենք ե՛ւ Սիւնիք, Ներքին Հանդ, ուր թշնամին առաջխաղացում էր ունեցել, իսկ իշխանութիւնը փորձում էր արդարանալ, որ առաջխաղացման մասին չէ խօսքը, այցելել ենք Տաւուշի մարզ, որոշ անվտանգային մտահոգիչ տարրեր կան, որ չեմ բացայայտի, այլ որպէս պաշտպանութեան յանձնաժողովի անդամ, պատգաամաւորական հարցապնդումներ եմ անելու»,- ասաց Գեղամ Մանուկեանը։