Դաւիթ Իշխանեան. «Հ. Յ. Դաշնակցութիւնը կ՚աջակցի Արցախի միջազգային ճանաչմանը»
Յունուարի 26-28-ը ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կեդրոնում կայացել է ՀՅԴ Արցախի կառոյցի Շրջանային ժողովը։ ՀՅԴ Արցախի կառոյցի 2018-20 թուականների գլխաւոր անելիքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ԿԿ-ի վերընտրուած ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի հետ։
«Որպէս ռազմավարական նպատակ՝ Հ.Յ. Դաշնակցութիւնն իր համահայկական կառոյցների միջոցով պէտք է աջակցի Արցախի միջազգային ճանաչմանը, Արցախի քաղաքական անկախութեան ու տնտեսական ինքնաբաւութեանը, բարեկամական խմբերի եւ շրջանակների ընդլայմանը եւ երկրի անվտանգութեան ու պաշտպանութեան համակարգի ամրապնդմանը»,- ընդգծել է Դաւիթ Իշխանեանը։
Ներքին քաղաքական իմաստով՝ կարեւորւել է Արցախի քաղաքական դաշտի կայացումը եւ քաղաքական ուժերի հետ փոխյարաբերութիւնների անհրաժեշտութիւնը։ «Ապագայ երկամեակում լուրջ ուշադրութիւն ենք դարձնելու «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» եւ «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքների ընդունմանը, ինչպէս նաեւ Սահմանադրութիւնից բխող մի շարք օրէնքների»,- նշել է ՀՅԴ Արցախի կառոյցի ներկայացուցիչը։
Շրջանային ժողովն ուշադրութեան արժանացրեց նաեւ ժողովրդագրական իրավիճակի բարելաւմանը միտուած քայլերը։ «Կեդրոնական կոմիտէին յանձնարարուեց համատեղ աշխատանք տանել իշխանութիւնների հետ եւ մշակել համապատասխան ռազմավարական ծրագրեր՝ ժողովրդագրական իրավիճակի բարելաւման, վերաբնակեցման եւ հայրենադարձութեան նպատակով»,- նշել է Դ. Իշխանեանը։
Օրակարգային կարեւոր հարցերից էր նաեւ 2020 թուականին կայանալիք համապետական ընտրութիւնները։ Քննարկուեցին «որոշակի առաջարկներ» իսկ ընտրութիւններին ՀՅԴ Արցախի կառոյցի մասնակցութեան ձեւաչափի հարցը կը յստակեցուի ապագայ քննարկումների արդիւնքում: