Դաշնակցական Երիտասարդները Կրում Են Հայաստանում Սոցիալիստական Եւ Ժողովրդավարկան Արժէքների Կայացման Եւ Ամրապնդման Յանձնառութիւնը

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը՝ հանդիսանալով աշխարհասփիւռ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնների աշխատանքներն համադրող եւ համակարգող մարմին, կրում է բոլոր այդ հասարակութիւններում՝ յատկապէս Հայաստանի ընկերվարական եւ ժողովրդավարական արժէքների կայացման եւ ամրապնդման յանձնառութիւնը:

Հաւատարիմ մնալով Հայաստանում ընկերվարական եւ ժողովրդավարական արժէքների ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու իր յանձնառութեանը, Երիտասարդական գրասենեակը խորը մտահոգութիւն է յայտնում ՀՀ կառավարութեան կողմից առաջարկուած Հարկային օրէնս-գրքում փոփոխութիւններ կատարելու փաթեթին, որով նախատեսուած է համահարթեցնել եկամտային հարկը, ինչի արդիւնքում աւելի ծանր սոցիալական պայմաններում են յայտնուելու ցածր եկամուտ ստացող բնակչութեան մեծամասնութիւնը, որն իր մէջ ներառում է աշխատաւորներին, երիտասարդներին, ուսանողներին, նորակազմ ընտանիքներին եւ հասարակութեան այլ խոցելի խաւերի ներկայացուցիչներին:

Ցանկացած իշխանութիւն՝ ներկայ թէ ապագայ, պետք է առաջնորդուի եւ համապատասխան բարեփոխումների առաջարկութիւններով հանդէս գայ՝ ելնելով տուեալ ժամանակահատուածում բնակչութեան կարգավիճակից բխող կարիքներից եւ պահանջներից: Այսօր ՀՀ կառավարութեան կողմից առաջարկուող եկամտային հարկի համահարթեցման նախագիծը ամբողջութեամբ հակասում է ՀՀ բնակչութեան մեծամասնութեան շահերին:

Աստիճանական (պրոգրեսիւ) հարկման համակարգը աշխարհի բազմաթիւ երկրներում՝ յատկապէս Հայաստանի նման աղքատութեան եւ գործազրկութեան ցուցանիշներ ունեցողներում, գործող ամէնից արդիւնաւէտ հարկային համակարգն է, որի կիրառմամբ է միայն հնարաւոր հաղթահարել հասարակութեան շերտերի միջեւ առկայ բեւեռուածութիւնը, արդար բաշխել պետական միջոցները եւ ստեղծել սոցիալական հիմքերի վրայ հիմնուած համերաշխ եւ երջանիկ հասարակութիւն:

Մենք համոզուած ենք, որ միայն արդար եւ առողջ եկամտային հարկի համակարգ ունենալով կարելի է կառուցել ուժեղ եւ երկրի շահերը սպասարկող տնտեսութիւն եւ ունենալ կայացած միջին խաւ, որը հանդիսանում է իւրաքանչիւր երկրի տնտեսութեան զարգացման կարեւորագոյն բաղադրիչը:

Հաշուի առնելով վերոնշեալը՝ մեր մտահոգութիւնն ենք յայտնում առաջարկուող փոփոխութիւնների փաթեթի վերաբերեալ եւ կոչ ենք անում ՀՀ իշխանութիւններին ետ կանչել համահարթեցման նախագիծը:

Վերահաստատելով Հայաստանում սոցիալական արդարութեան կերտման մեր առաքելութիւնը, կոչ ենք անում բոլոր համախոհներին դէմ արտայայտուել կառավարութեան առաջ քաշած նախագծին եւ համախմբուել հասարակութեան մեծամասնութեան շահերի պաշտպանութեան շուրջ:

ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ

Leave a Comment

You must be logged in to post a comment.