Գանատայում ՀՀ դեսպան Արմէն Եգանեանի ելոյթը‘ Անկախութեան 22-րդ յոբելեանի կապակցութեամբ


Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան, Գանատայում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան եւ անձամբ իմ անունից շնորհաւորում եմ Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 22-րդ յոբելեանի կապակցութեամբ:

Ընդամէնը 22 տարին է բոլորում հազարամեակների պատմութիւն ունեցող մեր ժողովրդի երիտասարդ հանրապետութիւնը: Վստահ եմ, քաջատեղեակ էք Հայոց պատմութեանը, գիտէք, թէ ինչ երկար ճանապարհ ենք անցել ինքնիշխանութիւնը վերականգնելու համար: Դարերով պայքարել ենք նուաճողների դէմ, երազել ենք, ծրագրել ենք, կեանք ենք տուել անկախ հայրենիքի համար. ինչպէս պատմահայր Խորենացին էր ասում, «փոքր ածու» ենք, ըստ այդմ պայքարը հեշտ չէր տրւում, «բայցեւայնպէս մեր երկրումն Էլ գրելու եւ յիշատակելու արժանի շատ սխրագործութիւններ են կատարուել»: Այդ բոլոր սխրագործութիւնները, մեծ ու փոքր քայլերը, Իսրայէլ Օրու, Յովսէփ Էմինի, Դաւիթ Բ՚էկի, Արցախեան մելիքների, մեր հոգեւոր առաջնորդների ու Առաջին Հանրապետութիւնը կերտողների յոյսերն ու յոյզերն իրենց մեծ ներդրումն ունեն այսօրուայ Հայաստանի գոյութեան համար:

Հայոց պետականութեան վերականգնումը վերջապէս հնարաւորութիւն ընձեռեց հայ ժողովրդին ինքնուրոյն որոշել սեփական ազգի ու հայրենիքի զարգացման ուղղութիւնները, պատասխանատու լինել սեփական ապագայի համար, հանդէս գալ ազգային դրօշի ներքոյ, ինչից զրկուած էինք աւելի քան վեց հարիւրամեակ: Եւ անկախ այն հանգամանքից, որ, ինչպէս եւ Առաջին Հանրապետութեան դէպքում, Անկախութիւնը մեզ շատ ծանր տրուեց, կարողացանք ոտքի կանգնել եւ այսօր կայուն քայլերով շարժւում ենք դէպի բարօրութիւն:

Մեր երիտասարդ հանրապետութեան ուսերին ինքնիշխանութեան առաջին իսկ օրերից հսկայածաւալ բեռ էր դրուած. անկախութեան ձեռքբերման հետ մէկտեղ մենք ունէինք Սպիտակի երկրաշարժի հոգսերը, որոնց լուծումն արդէն ամբողջովին մեզ վրայ էր մնացել, սկսուել էր Արցախեան հերոսամարտը, Հայաստանը փաստացի շրջափակման մէջ էր: Այսօր Սպիտակի աղէտի գօտու վերականգնման, աղէտից տուժած ընտանիքների բնակեցման հարցը գրեթէ լուծուած է, Արցախեան հերոսամարտում յաղթական դուրս ելանք եւ այսօր հպարտանում ենք քոյր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեամբ: Թշնամական պետութիւններով շրջապատուած լինելով‘ Հայաստանը շարունակաբար զարգացնում է իր բանակը, որն ամենամարտունակն է տարածաշրջանում: Հայաստանի սահմանների 70 տոկոսը դեռ փակ են մեր հարեւանների հակահայկական քաղաքականութեան արդիւնքում, սակայն այս երկու տասնամեակի ընթացքում մենք կարողացել ենք գտնել ճանապարհներ այս խոչընդոտը յաղթահարելու համար:

Հակառակ բոլոր խոչընդոտներին‘ Հայաստանի Հանրապետութեան տնտեսութիւնը կայուն աճ է արձանագրում: Հայաստանը ներկայանալի է աշխարհում իր հանքարդիւնաբերութեան, բնամթերքի եւ բարձր թեքնաբանութեան ոլորտներում: Նոյնիսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամից յետոյ, որն ուժեղ հարուած հասցրեց մեր տնտեսութեանը, կառավարութիւնը կարողացաւ այն թօթափել – 2012թ. ընթացքում պետութիւնն արձանագրեց 7.2 տոկոսի տնտեսական աճ:

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան կարեւորագոյն նուաճումներից էր աշխարհասփիւռ հայութեանը միաւորելու հնարաւորութիւնը, որի վառ ապացոյցն է վեց հարիւր տարուայ ընդմիջումից յետոյ վերջերս կայացած Հայ Առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը: Թէկուզ նոյնիսկ Խորհրդային Միութեան փակ համակարգի պայմաններում Հայաստանը կարողանում էր կապը պահպանել Սփիւռքի հետ, ներկայումս առկայ հնարաւորութիւնները անսահման են: Տարիներ շարունակ Հայաստանի իշխանութիւնները յատուկ կացութեան կարգավիճակ էին շնորհում մեր հայրենակիցներին‘ տրամադրելով Հայաստանում 10 տարուայ բնակութեան իրաւունք, իսկ 2008 թուականից, երբ ընդունուեց «Երկքաղաքացիութեան մասին օրէնքը», տասնեակ հազարաւոր հայեր արդէն ստացել են ՀՀ քաղաքացիութիւն:

Այսօր համայն հայութիւնը կանգնած է մեծ խնդրի առաջ, երբ Սիրիայում երկարուձիգ քաղաքացիական պատերազմի արդիւնքում կործանման եզրին է յայտնուել սիրիահայ համայնքը: Բազմահազարանոց սիրիահայ համայնքի կէսն արդէն լքել է իր տները եւ ապաստարան գտել տարբեր երկրներում: Նրանցից շուրջ 10.000-ը բնակութիւն է հաստատել հայրենիքում: Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը իր կորովն ու եռանդն է ներդնում‘ հնարաւոր օգնութիւն տրամադրելու կրկին վտարանդի դարձած մեր հայրենակիցներին‘ սկսած համալսարանական սիրիահայ ուսանողների վարձերը վճարելուց մինչեւ Աշտարակ քաղաքի մատոյցներում Նոր Հալէպ թաղամասի կառուցումը: Աշխարհասփիւռ հայութիւնը եւս պէտք է զօրավիգ լինի սիրիահայերին, ինչպէս նաեւ պէտք է տխուր դասեր քաղի‘ ըմբռնելով օտարութեան մէջ հայկական գաղութի երկարատեւ գոյակցութեան անհնարինութիւնը եւ դէպի հայրենիք գաղթելու անհրաժեշտութիւնը:

Եւս մէկ կարեւոր հանգրուան է Հայոց Ցեղասպանութեան մօտալուտ 100-ամեայ տարելիցը: Արդէն աւելի քան մէկ տարի է, ինչ տարբեր պետութիւններում գործում են 100-ամեակի յանձնաժողովները, որոնք նախապատրաստում են համապատասխան միջոցառումներ ցեղասպանութեան տարելիցի կապակցութեամբ: Այս միջոցառումներով մենք պէտք է ցոյց տանք Թուրքիային, որ հայերը շարունակում են պահանջատէր մնալ, եւ որ հայերը մշտապէս պայքարելու են Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման համար:

Երկար դարերով պետականութեան բացակայութիւնը դժուարին մարտահրաւէրներ է դրել նորանկախ պետութեան առաջ: Մասնաւորապէս մեծ խնդիր է հայկական մշակոյթի հանրահռչակումը, ինչի գործում մեծ օժանդակութիւն ենք ստանում Սփիւռքի ազգային կազմակերպութիւններից, որոնք իրականացնում են տարբեր միջոցառումներ, համերգներ, ցուցահանդէսներ եւ ինչի համար մշտապէս ստանում են դեսպանութեան ողջոյնի խօսքերն ու հովանաւորութիւնը: Հայաստանի մշակոյթին եւ պատմութեանը ծանօթանալու համար միայն 2012 թ. Հայաստան է ժամանել շուրջ մէկ միլիոն զբօսաշրջիկ, ինչը հսկայական թիւ է մեր նորանկախ հայրենիքի համար:

Կը ցանկանայի նաեւ, օգտուելով առիթից, խօսել Հայաստանի եւ Գանատայի արդի յարաբերութիւններից: Երախտապարտ ենք Գանատային Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար: Ժողովրդավարական արժէքների եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան առաջատար Գանատայի այս քայլը մեծ դեր ունի Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործում:

Երկու երկրների յարաբերութիւնները աստիճանաբար զարգանում են ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ մշակութային ուղղութիւններով: Դրանում մեծ է նաեւ հայ համայնքի ներդրումը:

2012թ. Հայաստան, ինչպէս նաեւ Արցախ գանատական պաշտօնեաների մի շարք այցերից յետոյ, այս տարի առաջին անգամ գանատական պատուիրակութիւնը‘ Գանատայի Խորհրդարանում արտաքին գործերի նախարարի խորհրդարանական քարտուղար Դիփակ Օբրայի գլխաւորութեամբ, մասնակցութիւն ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան նախագահի երդմնակալութեան արարողութեանը:

2012թ. ընթացքում Գանատան Հայաստանում ամենախոշոր ներդրողներից էր: Մշտապէս ակտիւ հանքարդիւնաբերութեան ոլորտում, մեր երկու երկրների առեւտրատնտեսական կապերը օրէ օր խորանում են բարձր թեքնաբանութեան ոլորտում:

Գանատայի եւ այլ բարեկամ պետութիւնների աջակցութեամբ նախորդ տարի Հայաստանը դարձաւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան անդամ: Մեծ կարեւորութիւն ունէր Օթթաուայի հայկական ամենամեայ փառատօնի հիմնադրումը, որը հայկական մշակոյթին, արուեստին ու խոհանոցին ծանօթանալու լաւ դաշտ է ստեղծում երկրի մայրաքաղաքում:

Հայաստանի Հանրապետութիւնն այսօր միջազգային հանրութեան յարգուած ու վստահուած անդամ է, հանդէս է գալիս քաղաքական ու տնտեսական տարբեր կազմակերպութիւններում եւ օրէ օր աւելացնում իր կշիռը համաշխարհային քաղաքականութեան մէջ, ինչպէս օրինակ‘ այս տարի նախագահելով Եւրոպայի Խորհրդում: Մեր երիտասարդ հանրապետութիւնը պէտք է բարգաւաճի եւ պէտք է յարատեւի: Կեցցէ՛ Հայաստանը:

27.09.2013

Թորոնթօ

Leave a Comment

You must be logged in to post a comment.