Գաղտնիքը միջանցք բառի սահմանման մէջ է. Արթուր Խաչատրեան
- (0)

Մենք ՔՊ-ականներին ասում ենք՝ Քիւեսթի փաստաթուղթը հրապարակէք, եթէ տենց կինոյի տղայ էք, ասում են՝ չկայ, կորած է, մի թուղթը մի տեղից ենք անում, մի թուղթը՝ ուրիշ տեղից: Բա որ չէք տեսել Քիւեսթի փաստաթուղթը, ինչի՞ց ենթադրեցիք, որ այնտեղ Մեղրիի փոխանակման հարց կայ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով պնդումներին, որ Ռոպերթ Քոչարեանը իր ասուլիսում, ըստ էութեան, հաստատեց, որ այո, Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու շուրջ բանակցել է:
«Նիկոլ Փաշինեանը 2001 թուականին մի յօդուած է տպագրում, որտեղ ասում է՝ տէ տուէք այդ միջանցքը, հայի չուզողութի՞ւն էք անում, որ չէք տալիս։ Ինքը չի խօսում տարածքային փոխանակման մասին, որովհետեւ գիտէր, որ այդտեղ խօսքը ԼՂԻՄ-ի սահմաններում գումարած ինչ-որ լայնութեամբ միջանցք, անցնում է Հայաստանի ամբողջական ինքնիշխանութեան տակ, փոխարէնը Հայաստանը Ատրպէյճանին տրամադրում է նախիջեւանեան ինքնիշխան անցում։ Տէ հրապարակէք։
Բանակցութիւնները սկիզբ ունեն եւ վերջ ունեն։ Եւ վերջիվերջոյ, եթէ աշխարհի երեք հզօրագոյն պետութիւնները՝ Միացեալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնութիւնը եւ Ֆրանսան օրակարգ խնդիր են բերում, դու չես կարող կամակոր երեխայի նման ոտքդ գետնին խփել, ասել՝ չեմ քննարկում ու վերջ։ Ինքը դա արեց 2019 թուականին, երբ իրեն Ապրիլի 15-ին Մոսկուայում ներկայացրեցին կարգաւորման առաջարկ, յետոյ դա վերախմբագրուած տարբերակը ներկայացրեցին 2019 թուականի Յունիսի 20-ին Ուաշինկթոնում: Իրենք դա չընդունեցին ինչ-ինչ պատճառներով, բանակցութիւնները կտրուեցին:
Թող հրապարակի 2001-ի Ապրիլի 4-ի Քիւեստի փաստաթուղթը, թող հրապարակի ամբողջական Կրակովի փաստաթուղթը, որը ինքը ժառանգել է 2018 թուականի Յունուարին, թող հրապարակի 2019 թուականի Ապրիլի 15-ի եւ Յունիսի 20-ի փաստաթղթերը։ Եւ սա հնարաւորութիւն կը տայ հասկանալ՝ բանակցութիւնները ո՛ր կէտից են սկսել եւ իր օրօք ուր են հասել», ընդգծեց Արթուր Խաչատրեանը:
Անդրադառնալով Քոչարեանի պնդմանը, որ Մեղրիի թեման շրջանառելու պատճառն այն է, որ իշխանութիւնը՝ հնարաւոր է այդ ճանապարհի հետ կապուած զիջումների գնայ, ու փորձում է մեղքը բարդել իր վրայ, ընդդիմադիր պատգամաւորն ասաց. «Գաղտնիքը միջանցք բառի սահմանման մէջ է: Միջանցքի իւնիվերսալ սահմանում չկայ, եւ դրա համար Փաշինեանը Ատրպէյճանին տալու է այդ ճանապարհով երթեւեկելու «արտօնեալ» ռեժիմ՝ ասելով, դա մեր ճանապարհն է, տեսէք հայկական դրօշներ են շարած ճանապարհի երկայնքով, ուրեմն դա մերն է: Ալիեւն էլ ասելու է՝ անխոչընդոտ մտնում, դուրս ենք գալիս, ուրեմն դա միջանցք է։ Այսինքն այս երկուսը յանցաւոր համաձայնութեան են գալիս, որպէսզի կարողանան սեփական ժողովրդների մօտ յաղթանակած երեւան։ Սա ուղղակի լեզուի ֆիզկուլտուրնիկութիւն է:
Փաշինեանը դեռ 2021-ին, թէ 2022-ին ասում էր՝ 47 քլմ. է, հօ ֆիտոսանիտարական սերտիֆիկատ չե՞նք ստուգել։ Այսինքն, այդ ճանապարհի վրայ գործելու է այլ իրաւական ռեժիմ, քան դիցուք Երեւան-Գիւմրի M1 միջպետական ճանապարհի վրայ։ Դա հենց միջանցքն է»:
Մանրամասները՝ տեսանիւթում.