Բրիւսէլ․ կապիտուլեացիայի նոր նշաձող․ Լիլիթ Գալստեան

ԵԽ նախագահ Շառլ Միշէլի՝ Փաշինեան-Ալիեւ հանդիպումից յետոյ կատարած յայտարարութիւնը ոչ միայն Արցախի հիմնահարցի վերջնական թաղման, այլեւ Հայաստանի կազմաքանդման եւ պետականութեան վերջնական կապիտուլեացիայի մասին է։

Ըստ էութեան․

1․ Ոչ մի խօսք արդէն մէկ տարի շարունակուող ադրբեջանական ագրեսիայի՝ Հայաստանի տարածքային ամբողջականութեան խաթարման եւ ադրբեջանական զօրամիաւորումների ներկայութեան մասին։

2․ Ոչ մի խօսք գերիների վերադարձի մասին։

3․ Ոչ մի խօսք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքի, կարգավիճակի մասին․ հիմնահարցի տոտալ ուրացում եւ փակում։ Արցախի հիմնախնդրի կարգաւորումն իջեցուել է «հարցերի» մակարդակի, որոնք կապուած են Ղարաբաղի՝ ազգութեամբ հայ բնակչութեան անվտանգութեան եւ իրաւունքների հետ (այսինքն, եթէ հայ մնայ՝ դասագիրք, պարախումբ, պատի թերթ)․․․

4․ Պարտադրւում է սահմանազատման արագ ընթացակարգ, որն ուղղուած է Հայաստանից տարածքներ պոկելուն, Արցախն Ադրբեջանին թողնելուն, Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչմանը։

  1. Կոմունիկացիաներ կէտի տակ յստակ է, որ Հայաստանն արձանագրելու է տարածքային, աւելի շատ ինքնիշխանութեան նոր կորուստներ։ Ադրբեջանն ու Թուրքիան տրանսպորտային թրատման են ենթարկելու Հայաստանը, որը նշանակում է, որ սահմանափակուելու է Հայաստանով մեր ազատ տեղաշարժը։ Սա հայաթափման եւ անվտանգային աներեւակայելի սպառնալիք է։
  2. Խաղաղութեան համաձայնագիր. Բնականաբար, սա արդէն վերջնագծուել է, եւ այն ազդարարելու է Հայաստանի վերջնական կապիտուլեացիան։ Մի բան, ինչի համար «Ժողովրդավարութեան» անգլոսաքսական պրոյեկտը 2018-ին Հայաստանում իշխանութեան բերեց այս ազգակործան պատուհասին։
  3. Այս ամենին զուգահեռ ընթանում են Ռուբինեան-Քըլըչ բանակցութիւնները, որոնք իրենց հերթին նպաստում են Հայաստանի քաղաքական նոքդաունին։

8․ Սոցիալ-տնտեսական զարգացման ԵՄ խոստումները մօտաւորապէս համարժէք են Աֆղանստանում եւ արաբական աշխարհում ԱՄՆ-ի կողմից հաստատուող ժողովրդավարութեանը։

Ձեր խորհուրդները մեր կործանման գինն ունեցան։

Եւ մինչ վիրտուոզօրէն ընտրուած մի ստոր կտոր-կտոր վաճառում է մեր պետականութիւնն ու երկիրն էլ հետը, ոմանք շարունակում են դեռեւս իրենց պատկանող բնակարանում սուրճ խմել՝ չհաւանելով ասենք Իշխանի ձայնը, Վանեցեանի սանրուածքը, Աշոտեանի մարզաշապիկի գոյնը, իմ մարզական կօշիկները, հրապարակից հնչող «Զարթիր լաօ» երգի մշակումը կամ խարոյկներից բարձրացող ծուխը։

 

Դատաստան կայ, կայ դատաստան!!!!!

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան»

խմբակցութեան պատգամաւոր

Leave a Comment

You must be logged in to post a comment.