Բերձորով «միջանցքի» յանձնումը բերելու է Արցախի ամբողջական յանձնմանը
Այսօր Արցախը ՀՀ-ին կապում է Տեղ-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհը՝ «միջանցքը»։
Այդ «միջանցքով» են անցնում Արցախ մտնող միակ գազատարը, էլեկտրական հաղորդուղիները, հեռախօսակապը, ինտերնետ կապը և այլն։
Այսօր Ադրբեջանը մեծ թափով կառուցում է Արցախը ՀՀ-ին կապող նոր՝ Ստեփանակերտ-Մեծ Շեն-Հին Շեն-Կոռնիձոր ճանապարհը, որն իբր եռակողմ յայտարարութեան համաձայն՝ պիտի «փոխարինի» Տեղ-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին։ Ոչ պաշտօնական տեղեկութիւններով՝ 2022 թ. յուլիսի 1-ին Ալիևը Բերձորում դրոշ է բարձրացնելու և յայտարարելու է քաղաքի ու նախկին խորհրդային Լաչինի շրջանի ամբողջական բռնազաւթման մասին։ Միամիտ պիտի լինել՝ մտածելու համար, որ Ալիևի առաջնային նպատակը Բերձոր քաղաքն ու մօտակայ մի քանի դեռևս հայաբնակ գիւղերն են
Ալիևի առաջնային նպատակը Տեղ-Բերձոր-Ստեփանակերտ «միջանցքի» բռնազաւթումն է, որտեղով, կրկնեմ, ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽ ՄՏՆՈՂ
-ՄԻԱԿ ԳԱԶԱՏԱՐԸ,
-ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՂԻՆԵՐԸ,
-ՀԵՌԱԽՕՍԱԿԱՊԸ,
-ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԸ և ԱՅԼՆ։
Ի տարբերութիւն հայկական կողմի՝ Ալիևը շատ լաւ հասկանում է, որ երբ իր ձեռքում յայտնուի Արցախը սնուցող միակ «պորտալարը», Արցախի հայաթափումն ու վերջնական նուաճումը էլ աւելի հեշտ է լինելու և շատ աւելի արագ։
Ալիևը դասը սերտած գերազանցիկի պէս յստակօրէն կրկնում է «Արցախը բռան մէջ պահելու և ցանկացած պահին խեղդելու» իր հօր և նրան նախորդածների քաղաքականութիւնը․ խորհրդային տարիներին, երբ Արցախը բռնակցուեց Խորհրդային Ադրբեջանին, և նրա մի մասի վրայ ձևաւորուեց ԼՂԻՄ-ը, մարզը սնուցող բոլոր կարևորագոյն ենթակառուցուածքները՝ ջրամատակարարման, գազամատակարարման, էներգամատակարարման բոլոր կայանները, ճանապարհային հանգոյցները և այլն, կառուցուեցին մարզի սահմաններից դուրս, որ երբ պէտք լինի, կտրեն ջուրը, լոյսը, գազը, փակեն ճանապարհներն ու մարզը զրկեն անգամ սննդից։ 1991-1992 թթ․ նրանք հէնց այդպէս էլ արեցին․ կար շրջան երբ արցախցին, մութ ու ցուրտ նկուղներում ապաստանած, ոչ ջուր ունէր, ոչ սնունդ, մէկ շնչին մէկ ամսուայ համար ընդամենը 400 գրամ ալիւր էր բաժանւում․․․
Բերձորը, ասել է թէ՝ Արցախը սնուցող բոլոր կենսական նշանակութիւն ունեցող ենթակառուցուածքներն ու հաղորդուղիները թշնամուն յանձնելով մենք փաստացի թշնամուն ենք յանձնելու Արցախից մնացած այս վերջին կտորն էլ՝ միաժամանակ դատապարտելով վերջնական հայաթափման ու ադրբեջանականացման, որովհետև երբ երեխադ ինքնուրոյն շնչելու հնարաւորութիւն չունի, իսկ դու կտրում ես նրան սնուցող թթուածնի խողովակը, երեխադ ապրելու շանս չունի, դու էդպէս սպանում ես նրան, ուրիշ ոչինչ․․․
Ալւինա Աղաբաբեան
«Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ նախագահ