Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի յայտարարութիւնը արցախահայութեան ազգային-ազատագրական պայքարի 35-րդ տարեդարձի առթիւ
35 տարի առաջ՝ 1988 թուականի փետրուարի 20-ին, ԼՂԻՄ բարձրագոյն ներկայացուցչական մարմինը, ժողովրդական պատգամաւորների 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում արտայայտելով ինքնավար երկրամասի ժողովրդի բացարձակ մեծամասնութեան կամքն ու ցանկութիւնը, պատմական որոշում կայացրեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու եւ Հայաստանի ԽՍՀ-ին վերամիաւորուելու մասին: Այդ որոշումը համապատասխանում էր ԽՍՀՄ գործող սահմանադրութեանը եւ միջազգային իրաւունքի սկզբունքներին: Փետրուարի 20-ի որոշումը պայմաններ ստեղծեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան կազմաւորման եւ նրա միջազգային ճանաչման գործընթացը տանել համաշխարհային հանրութեան կողմից դաւանուող իրաւական նորմերով:
1988 թուականի իրադարձութիւնները զօրաշարժի ենթարկեցին համայն հայութեանը: Սեփական հայրենիքում արժանապատիւ ու ազատ ապրելու եւ ազգային պետականութիւն ունենալու շարժումը համահայկական բնոյթ ստացաւ: Արցախը դարձաւ համազգային զարթօնքի խորհրդանիշ, իսկ ազգային-ազատագրական պայքարի արդիւնքում հայ ժողովուրդը վաստակեց անկախ պետականութիւն ունենալու իրաւունքը:
1988 թուականի փետրւարի 20-ի անկիւնաքարային նշանակութեան որոշմանը յաջորդեց 1991 թուականի սեպտեմբերի 2-ի ԼՂԻՄ մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ ընդունած հռչակագիրը, որը նոյն թուականի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքուէի միջոցով, միջազգային իրաւունքի նորմերին համապատասխան, ամբողջացրեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան կազմաւորման գործընթացը:
35 տարիների ընթացքում համահայկական տիրոյթում իրագործուած ազգային ամէն մի ծրագրի գաղափարական հենքը 1988-ի իրադարձութիւններն էին:
Երեք ու կէս տասնամեակների ընթացքում մենք անցել ենք բազմաթիւ փորձութիւնների միջով: Այսօր էլ Ադրբեջանը շրջափակման միջոցով փորձում է կոտրել արցախահայութեան կամքը:
ՊԱՅՔԱՐԸ պէտք է դառնայ մեր կեանքի բոլոր ասպարէզների կարգախօսը:
Արտայայտելով Արցախի ժողովրդի կամքն ու ցանկութիւնները` Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը՝
կոչ է անում միջազգային կառոյցներին եւ ՄԱԿ-ի անդամ, մասնաւորապէս Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ յայտարարութիւններից եւ յորդորներից զատ, գործնական քայլերով՝ քաղաքական, տնտեսական, ռազմական գործիքակազմերով, կանխել Ադրբեջանի էթնիկ զտումների եւ ցեղասպան քաղաքականութիւնը:
դիմում է Սփիւռքի եւ ՀՀ մեր հայրենակիցներին՝ հայ ժողովրդի արժանապատուութիւնը եւ լինելիութիւնը պաշտպանելու նպատակով համախմբել հայութեան ներուժը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել՝ սանձելու Ադրբեջանի ծաւալապաշտական գործողութիւնները:
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը` որպէս ժողովրդի ձայնը ներկայացնող հաւաքական մարմին, հաւատարիմ է մարդու հիմնարար իրաւունքներին եւ, առաջնորդուելով ՄԱԿ-ի կանոնադրութեան արժէքներով ու սկզբունքներով, վճռական է տրամադրւած՝ իրացնելու իր պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու համաժողովրդական կամքը: Մեր խոնարհումը բերելով բոլոր ժամանակներում յանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ իրենց կեանքը նուիրաբերած հազարաւոր նահատակների յիշատակին, պատրաստակամ ենք շարունակել նրանց սուրբ գործը՝ յաղթական հանգրուանի հասնելու համար:
Համայն հայութեանը եւ Արցախի բարեկամներին շնորհաւորելով յիշարժան տօնի կապակցութեամբ, լիայոյս ենք, որ փետրուարեան զարթօնքը նոր լիցք կը դառնայ համազգային իղձերի իրականացման ճանապարհին:
Ստեփանակերտ
20.02.2023թ.