Արցախի ԱԺ խմբակցութիւնները հանդիպել են ռուսական խաղաղապահ զօրակազմի ղեկավարութեան հետ
Օգոստոսի 23-ի առաւօտեան, տեղի է ունեցել Արցախի Հանրապետութեան խորհրդարանական 5 ուժերի ղեկավարների հանդիպումը ռուսական խաղաղապահ զօրակազմի ղեկավարութեան հետ։
Հանդիպման շարժառիթը Հայաստանում Ռուսաստանի դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի՝ վերջերս արուած յայտարարութիւնն էր, ինչպէս նաև օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտումն ու անվտանգային հարցերը։
Հանդիպման ընթացքում վերոնշեալ հարցերի շուրջ ռուսական խաղաղապահ զօրակազմի պատասխանատուների կողմից տրուել են պարզաբանումներ։ Մասնաւորապէս յղում կատարելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեանը՝ նշուել է, որ նոր երթուղին ունենալու է նոյն միջանցքի իրաւական կարգավիճակը, և պահպանուելու են բոլոր անվտանգային բաղադրիչները՝ սկսած 5 քիլոմեթրնոց անվտանգային գօտուց մինչև ռուսական խաղաղապահ ուժերի անցակէտերի տեղակայում։
Անդրադառնալով վերջին իրադարձութիւններին՝ խաղաղապահ զօրակազմի ղեկավար անձնակազմը նշել է, որ օգոստոսեան դէպքերի հետ կապուած կատարել են անհրաժեշտ եզրայանգումներ, միաժամանակ վստահեցրել են , որ լրացուցիչ ջանքեր կը գործադրեն՝ ապագայում նմանօրինակ խախտումները կանխելու և մեր բնակչութեան պատշաճ անվտանգութիւնը ապահովելու համար։