«Արցախը Հայաստանից ակնկալում է միասնական անվտանգային համակարգ, որը Փաշինեանի եւ իր վարչախմբի թեթեւ ձեռքով տապալւել է». Արթուր Մոսիեան
«Ալիեւը ոչ միայն սպառնում է, այլեւ արդէն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայութեան ցեղասպանութիւն»։ Նիկոլ Փաշինեանն այս արտայայտութիւնն անում է՝ ուժ, սպառնալիք չկիրառելու մասին Սոչիի հանդիպմանը պայմանաւորւածութիւններ ձեռք բերելուց 10 օր անց։ Ենթադրեալ խաղաղութեան պայմանագիր կնքող Փաշինեանի ու Ալիեւի միջեւ ի՞նչ «սեւ կատու» է անցել դժուար է հասկանալ. կողմերից երկուսն էլ ձգտում են «խաղաղութեան»՝ մէկը տարածքներ նուաճելով, միւսը՝ յանձնելով։
Արցախում օրերս կայացած բազմահազարանոց հանրահաւաքի ուղերձը, վստահաբար պնդում է ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը, հասել է հասցէատէրերին՝ ոչ մի գնով թոյլ չեն տալու Արցախը յայտնուի Ադրբեջանի կազմում։
«Արցախի կարգավիճակը կախուած է Արցախի ժողովրդից եւ արցախահայութիւնն արդէն իրացրել է իր ինքնորոշման իրաւունքը։ Միջազգային հանրութիւնը Ադրբեջանին ինչպէս կարձագանքի Հայաստանի իշխանութիւնների նման ոչ ճիշդ պահուածքի պայմաններում, չեմ կարող ասել»,- mediahub.am-ի հետ զրոյցում նշեց Մոսիեանը։
Փաշինեանի թէզը, թէ Ադրբեջանը կտրականապէս հրաժարւում է Հայաստանի հետ խօսել Արցախի կարգավիճակի մասին, Արթուր Մոսիեանի մեկնաբանմամբ վկայում է Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների դիւանագիտական ձախողման մասին։
«Ասում է՝ Ադրբեջանը չի համաձայնում, բայց Հայաստանը ի՞նչ է առաջարկում։ Դեռ բերանները չբացած, Փաշինեանը ամէն ինչին համաձայն է։ Ցանկացած բանական մարդու համար Փաշինեանին մեկնաբանելը հեշտ չէ, որովհետեւ ինքը առաւօտեան մի բան է ասում, կէսօրին մէկ այլ բան, երեկոյեան՝ մի ուրիշ»,-ասաց Մոսիեանը։
Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետութիւնից, Արցախի ԱԺ պատգամաւորը պատասխանում է՝ Արցախը Հայաստանից ակնկալում է միասնական անվտանգային համակարգ, որը Փաշինեանի եւ իր վարչախմբի թեթեւ ձեռքով տապալւել է։
«Փաշինեանի վարած արտաքին քաղաքականութիւնը տանելու է նրան, որ Ադրբեջանը Արցախն ամբողջութեամբ իր կազմի մէջ տեսնելու նկրտումներ է ունենալու. խօսքը վերաբերում է ինչպէս արդէն օկուպացրած ու դեռ օկուպացուելիք տարածքների մասին»,-նշեց Մոսիեանը։