Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին

Բրիւսէլ, 22 մայիս – «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը պէտք է անկիւնաքարային կէտ լինի, հետեւաբար Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին»:

Երկու ամսից պակաս ժամանակահատուածում, Եւրոպական Խորհրդի նախագահ՝ Շառլ Միշէլը երկրորդ անգամ հիւրընկալում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին այսպէս կոչուած «խաղաղութեան պայմանագրի» շուրջ բանակցելու համար, ինչպէս նախկինում յայտարարել է նախագահ Շառլ Միշէլը:

Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից յետոյ Ադրբեջանը բազմաթիւ անգամներ եւ տարբեր ձեւերով խախտել է ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները.

– Յայտարարութեան մէջ ասուած է, որ կողմերը հրադադարից յետոյ մնում են իրենց տեղերում, սակայն ադրբեջանական զօրքերը Արցախում եւ Հայաստանում տասնեակ կիլոմետրեր առաջ են եկել եռակողմ յայտարարութիւնից յետոյ։

– Օգտուելով հանգամանքից, որ Արցախին սպասարկող գազատարը անցնում է ադրբեջանական հսկողութեան տակ գտնուող տարածքով, ձմռան ցրտաշունչ ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը փակեց այն՝ Արցախի ազգաբնակչութեանը մատնելով աղէտալի պայմանների։

– Սահմանամերձ հատուածներում հայ ազգաբնակչութեան հանդէպ կատարւում է հոգեբանական սպառնալիքների կիրառում հայերէն լեզուով։

– Հայկական մշակոյթի կոթողներ, եկեղեցիներ եւ յուշարձաններ պղծւում եւ ոչնչացւում են, փորձելով նրանց հայկական ծագումը աղաուաղել։

– Շարունակւում է էթնիկ զտումների տասնամեակների քաղաքականութիւնը, որի վերջնական նպատակը Արցախն ամբողջութեամբ հայերից դատարկելն է։

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը, իր տարբեր երկրներում գործող Հայ Դատի յանձնախմբերի հետ միասին, որոնք հարիւրհազարաւոր հայկական ծագումով եւրոպացի քաղաքացիներ են ներկայացնում կոչ են անում Եւրոպական Խորհրդի նախագահին եւ Եւրոպայի գործադիր իշխանութեանը այս հանդիպմանը ընդառաջ հաշուի նստել հետեւեալ յոյժ կարեւոր հանգամանքների հետ.

– Եւրոխորհրդարանը մարտի 10-ին բանաձեւ է ընդունել, որտեղ խիստ մտահոգութիւն է յայտնում Արցախում էթնիկ զտումների յանցաւոր գործողութիւնների նկատմամբ եւ հայկական մշակութային կոթողների եւ կրօնական ժառանգութեան ոչնչացումը։

 

– Արցախի հակամարտութեան շուրջ բանակցութիւնները պէտք է անպայմանօրէն տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում, որտեղ ի թիւս այլ հիմնարար սկզբունքների Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը դիտւում է որպէս գերակայ առաջնահերթութիւն։

– Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները պէտք է տեղի ունենան երկու երկրների համար ընդունելի պայմաններում, հաշուի առնելով սահմանամերձ տարածքներում ապրող ազգաբնակչութեան մարդու իրաւունքները եւ սահմանների առաջացման պատմական անցեալը։ Ադրբեջանի կողմից ռազմական յաջողութիւններով պայմանաւորուած յարձակողապաշտ նկրտումները դատապարտելի են։

– Բազմաթիւ հայ ռազմագերիներ մինչեւ օրս գտնւում են անմարդկային խոշտանգումների պայմաններում Բաքուի բանտերում։ Ադրբեջանը չի իրագործում իր ստորագրութեամբ հաստատուած պարտաւորութիւնները՝ արհամարելով բազմաթիւ երկրների կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպութիւնների կոչերը։

– Թուրքիայի եւ ահաբեկչական միաւորումների օգնութեամբ ձեռք բերուած ռազմական յաջողութիւնը Ադրբեջանը չի կարող օգտագործել Հայաստանի ինքնիշխան տարածքը, որպէս միջանցք օգտագործելու համար:

Հաշուի առնելով վերը նշուած հանգամանքները Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը, եւրոպական երկրների Հայ Դատի յանձնախմբերի հետ միասին յայտարարում է, որ Եւրոմիութեան միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւններում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը պէտք է անկիւնաքարային կէտ լինի, հետեւաբար Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին։

Եւրոպան պէտք է օգտագործի իր բոլոր լծակները ազդելու Ադրբեջանի յարձակողապաշտ քաղաքականութեան վրայ եւ Արցախի հայ ազգաբնակչութեան էթնիկ զտումը կանխելու համար։ Ադրբեջանը չի կարող Արցախի ժողովրդին խաղաղութիւն պարտադրել, որը վերջին հաշւով նրա ոչնչացումն է նշանակում իր իսկ հազարամեայ հայրենիքում։

Leave a Comment

You must be logged in to post a comment.