«Արդարութիւնը ոչ մի կերպ չի վերականգնուի միայն ներում հայցելով. Փոխհատուցումն այդ արդարութեան վերականգնման գործիքներից մէկն է»․ թուրք ցեղասպանագէտ
- (0)

Այս օրերին ԱՄՆ Գալիֆորնիա նահանգի Քլարկի համալսարանի Հայկական ինստիտուտի Հայոց Ցեղասպանութեան հետազօտական ծրագրի հիմնադիր տնօրէն, թուրք պատմաբան, ցեղասպանագէտ Թաներ Աքչամը Հայաստանում է։ Ապրիլի 22-ին տեղի ունեցաւ նրա հեղինակած «Ցեղասպան պետութեան ակունքները» գրքի շնորհանդէսը։
Այս մենագրութիւնը հայերէն թարգմանել է թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու, Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կեդրոնի թուրքերէն բաժնի պատասխանատու Մելինէ Անումեանը։ Ապրիլի 29-ին ՀՅԴ «Արամ Մանուկեան» երիտասարդական կեդրոնում տեղի ունեցաւ քննարկում գրքի վերաբերեալ։
Թաներ Աքչամը յայտարարեց՝ այդ գիրքը գրելու գաղափարը յղացել է 2023-ին, երբ նշւում էր Թուրքիայի Հանրապետութեան ստեղծման 100-ամեակը։
Մեսխեթցի թուրք Թաներ Աքչամը 23 տարեկանում ձերբակալուել է քաղաքական հայեացքների համար եւ դատապարտուել 10 տարուայ ազատազրկման, սակայն 1 տարի անց փախել է բանտից եւ ապաստան գտել Գերմանիայում։ Այժմ նա ապրում է ԱՄՆ-ում։ Հայոց Ցեղասպանութեան հիմնահարցի մասին Աքչամի բազմաթիւ գրքերից հայերէն թարգմանուել է հինգը, որոնցից երկուսի թարգմանիչը Մելինէ Անումեանն է։
«Ցեղասպան պետութեան ակունքները» գրքում ոչ թէ ցեղասպանութեան զոհ դարձածների, այլ Թուրքիայում մնացած ու կրօնափոխ եղած հայերի, քրտերի ու յոյների պատմութիւններն են ներկայացուած, որոնք խտրականութեան են ենթարկւում։ Թուրքական իշխանութիւնը բացայայտում էր փոքրամասնութիւններին։ Բացայայտում էր անգամ այն հայերին, որոնց պապի պապերն էին իսլամ ընդունել, եւ գուցէ իրենք էլ չգիտէին, որ ծագումով հայ են։ Թաներ Աքչամն այս եզրակացութեանն է յանգել՝ օգտուելով 2013-ին «Ակօս» շաբաթաթերթում հրապարակուած արխիւային փաստաթղթերից․
Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրման օրուանից իւրաքանչիւր յոյնի անձնագրում նշւում էր 1 գոտը, հայերի անձնագրում՝ 2, իսկ հրեաներինը՝ 3։ «Այսինքն, եթէ անգամ դուք իսլամը ընդունել էք եւ թուրքական անուններ էք կրում, պետութիւնը ձեզ գաղտնի գոտաւորել է», ասաց Թաներ Աքչամը։
Նա յիշեցրեց՝ 1920 թուականի խորհրդարանական ընտրութիւններում արգելուեց քրիստոնեաների մասնակցութիւնը, 1923-ին Սթանպուլի քրիստոնեայ աշխատողները սկսեցին հեռացուել աշխատանքից։ Սրանք 20-րդ դարի Թուրքիայի իրական ռեժիմի բազմաթիւ օրինակներից մի քանիսն են, որոնք յաջողուել է գաղնտազերծել։ Թուրք գործիչներն այս ամէնը ներկայացնում են «ազատագրման» համատեքստում։
«Թուրքիայի բոլոր քաղաքական գործիչները՝ Էրտողանից մինչեւ Քըլըչտարօղլու, ժողովրդահանրապետական, քեմալիստական կուսակցութեան այլ ներկայացուցիչներ, այս պատմութիւնը ներկայացնում են որպէս ազատագրման պատմութիւն։ Հետեւաբար, եթէ այդ կերպ է ներկայացւում պատմութիւնը, ապա հնարաւոր չէ, որ նրանք հասկանան, որ իրականում խօսքը ապարտէիդի (ռասայական խտրականութեան քաղաքականութիւն – հեղ․) ռեժիմի մասին», նշեց Թաներ Աքչամը։
Աքչամն ասաց՝ Թուրքիայում մինչեւ այսօր չեն հասկացել, թէ ինչպէ՛ս ու ի՛նչ հիմքերի վրայ է ստեղծուել Թուրքիան։ Թուրքիայում ստեղծուած համակարգին անդրադառնալով Աքչամն ասաց. «Թուրքիայում այնպիսի համակարգ ստեղծուեց, որ այդ երկրի պատմութեան ընթացքում շատ կարեւոր ռազմական ու պետական պաշտօններում ոչ մի քրիստոնեայ կամ քուրտ չնշանակուի։
«Այսինքն՝ եթէ քրիստոնեայ ես կամ քուրտ, ապա այնպիսի պաշտօններ, ինչպիսիք են Ազգային հետախուզութեան պետը, նահանգապետը, անհասանելի են քեզ համար։ Հնարաւորութիւն չունես այդ ոլորտներում կարիերայ անելու», մանրամասնեց Թաներ Աքչամը։
Պատմաբանը ինքնութեան նոր հասարակարգի ստեղծման առաջամարտիկներից է համարում Հրանդ Տինքին։
«Ես մի համեմատութիւն արեցի գրքում եւ նշեցի, որ եթէ Աթաթուրքը Թուրքիայի հանրապետութեան հիմնադիրն է, ապա Հրանդ Տինքն էլ մեր նոր մտածելակերպի հիմնադիրը պէտք է դառնայ։ Նա Թուրքիայի Մարթին Լիւտեր Քինկն է։
Հրանդ Տինքը փոխեց թուրքական հասարակութեան վերաբերմունքը Հայոց Ցեղասպանութեան հանդէպ։ Մենք պարտական ենք Հրանդին։ Մեր պարտքն է քայլել նրա ճանապարհով եւ պայքարել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման համար։ Ես վստահ եմ, որ թուրք քաղաքացիական հասարակութիւնը՝ մասնաւորապէս քրտական քաղաքացիական հասարակութիւնը կարող են շատ բաներ փոխել Թուրքիայում։ Կարող եմ ասել՝ Հայոց Ցեղասպանութեան հանդէպ վերաբերմունքը մի փոքր փոխուել է։ Իրականում հենց սկզբից՝ Հայոց Ցեղասպանութեան կազմակերպման օրուանից ի վեր, թուրքական կառավարութիւնը սկսեց դրա մերժումը։ Դրանք կազմակերպուած գործողութիւններ էին։ Իւրաքանչիւր պետութիւն, որը յանցագործութիւն է կատարում, փորձում է թաքցնել դրա հետքերը։ Այդպէս արել է Օսմանեան կառավարութիւնը եւ շարունակում է նոյնն անել», ասաց Թաներ Աքչամը։
Նրա պնդմամբ՝ գիտական շրջանակներն այլեւս կասկածի տակ չեն դնում Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը, իսկ Թուրքիայի իշխանութեան համար ցեղասպանութեան ուրացումը քաղաքական նպատակայարմարութիւն է, եւ դրան պէտք է հակազդել ոչ թէ գիտութեամբ, այլ քաղաքականութեամբ։
«Ուրացումը չէք կարող գիտական փաստաթղթերի միջոցով վերացնել։ Ուզում էք, տասնեակ փաստաթղթեր բերէ՛ք, որոնք ապացուցում են, որ Թալիաթը հրամայել էր հայերին սպաննել, Էրտողանը դարձեալ կ’ուրանայ Հայոց Ցեղասպանութիւնը, որովհետեւ ուրացումը, ժխտումը քաղաքական նախընտրութիւն է, եւ դա քաղաքական միջոցներով հնարաւոր կը լինի փոխել», բացատրեց Թաներ Աքչամը։
Ըստ նրա՝ ՀՀ բոլոր իշխանութիւնները, երբ փորձել են Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարգաւորել, Հայոց Ցեղասպանութեան հարցը «գլխաւոր թեմա չեն դարձրել»։
«Ոչ մի կերպ արդարութիւնը չի վերականգնուի միայն ներողութիւն հայցելով։ Փոխհատուցումն այդ արդարութեան վերականգնման գործիքներից ընդամէնը մէկն է։ Եւ դա պէտք է ապահովուի երկու ժողովուրդների քննարկումների միջոցով», ասաց Աքչամը։
Թաներ Աքչամը գիրքը գրելիս տարբեր ուսումնասիրութիւններ է կատարել, փաստեր բացայայտել․ «Մենք գիտէինք, որ միայն 1915 թուականի Մարտ, Ապրիլ ամիսներին է ընդունուել տեղահանութեան, ոչնչացման որոշումը, մինչդեռ պարզւում է, որ Պիթլիսում հայ տղամարդկանց բնաջնջման մասին գաղտնի որոշում է կայացուել դեռեւս 1914 թուականի Դեկտեմբերի 1-ին։ Բազմաթիւ նահանգապետերից դէպի կեդրոնական իշխանութիւն յղուած հեռագրեր կան, որտեղ նշւում է՝ «Մենք բնաջնջեցինք», այսինքն՝ ըստ օսմանեան փաստաթղթերի եւս Հայոց Ցեղասպանութեան հարցը վերջականապէս ապացուցուած է»։
Հարցին՝ կարելի՞ է փաստել, որ Թուրքիայի կողմից ցեղասպան գործողութիւններն այսօր էլ շարունակւում են Հայաստանի նկատմամբ՝ հաշուի առնելով, որ Արցախի դէմ պատերազմում Ատրպէյճանը մեծ աջակցութիւն է ստացել Թուրքիայի կողմից, Թաներ Աքչամը պատասխանեց․ «Ճիշդ չեմ համարում Արցախի դէպքերը որպէս ցեղասպանութիւն որակելը։ Ի հարկէ, խօսքը մարդկութեան դէմ ուղղուած լուրջ յանցագործութիւնների մասին է, սակայն ո՛չ ցեղասպանութեան։ Ոչ ոք չգիտի՝ արդեօ՞ք նման մտադրութիւն ունի Թուրքիան, իսկ միջազգային յարաբերութիւնները չեն կառուցում մտադրութիւնների հիման վրայ։ Եթէ առաջիկայ ամիսներին Թուքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանադուռը բացուի, ես չեմ զարմանայ։ Դա միջազգային դերակատարների կատարած գործը կարող է լինել, եւ Թուրքիան կարող է ելնելով միրջազգային իրողութիւններից՝ Հայաստանի հետ սահմանադուռը բացել»։
«Հորիզոն»-ի թղթակցի հարցին՝ Հայոց Ցեղասպանութիւնն ընդունած ու ցեղասպանութեան ճանաչման գործում ջանքեր գործադրող թուրքերը Թուրքիայում ապրո՞ւմ են, եւ եթէ այո, ապա արդեօ՞ք այնտեղ նրանց կեանքին վտանգ է սպառնում, փրոֆեսոր Աքչամը պատասխանեց․ «Շատ կան այդպիսիք, սակայն ներկայիս աւտորիտար, ճնշող ռեժիմի պատճառով շատերը ստիպուած եղան արտասահման մեկնել։ Կան նաեւ այնպիսիք, որոնք մնացել են Թուրքիայում եւ իրենց հնարաւորութեան սահմանում փորձում են պայքարել։ Որքան Թուրքիան աւելի ժողովրդավար դառնայ, այդքան այդ պոտենցիալը տեսանելի կը դառնայ։ Հիմա դրսից դժուար է այս ամէնը նկատելն ու հասկանալը»։
Նրա պնդմամբ՝ հիմա հարկաւոր է Թուրքիայում տիրապետող դարձնել այնպիսի մթնոլորտ, որտեղ քաղաքացիները հանգիստ կարող են ասել թէ՛ իրենց ինքնութեան ու ազգային ծագման մասին, թէ՛ իրենց քաղաքացիութեան, այսինքն՝ այնպէս, ինչպէս անում էր Հրանդ Տինքը։
«Հորիզոն»-ի թղթակիցը հարցեր յղեց նաեւ «Ցեղասպան պետութեան ակունքները» գրքի թարգմանիչ Մելինէ Անումեանին։ Նա պատմեց՝ փրոֆեսոր Թաներ Աքչամի հետ առաջին անգամ անձամբ ծանօթացել է 2005 թուականի Ապրիլին, Հայոց Ցեղասպանութեան թեմայով Երեւանում կազմակերպուած գիտաժողովի ընթացքում։
«Հետագայում դարձեալ Հայաստանում հանդիպել ենք 2010 թուականին։ Այդ ժամանակ ատենախօսութիւն եւ գիրք էի պատրաստում 1919-1921 թուականներին Սթանպուլում տեղի ունեցած երիտթուրքերի դատավարութիւնների թեմայով։ Քանի որ փրոֆեսորն այդ թեմայով լուրջ ուսումնասիրութիւններ ունէր, նրանից որոշ օսմանեան փաստաթղթեր խնդրեցի այդ թեմայով, եւ նա սիրայօժար ինձ տրամադրեց օսմանեան «Մեմլեքէթ» օրաթերթի այդ ժամանակաշրջանի համարները։ Ես էլ իրեն տուեցի դարձեալ նոյն տարեթուերին Կոստանդնուպոլսում լոյս տեսած հայկական թերթերի որոշ համարներ։ 2015 թուականին, երբ տեղեկացայ, որ Սթանպուլում թուրքերէնով հրատարակուել է Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը․ լռութիւն, ժխտում եւ ուծացում» գիրքը, իրեն հարցրի, թէ արդեօք ծրագրւում է այդ աշխատութեան հայերէն թարգմանութիւնը։ Փրոֆեսորը դրական պատասխան տուեց եւ առաջարկեց թարգմանել այն։ Այդ գրքի թարգմանութիւնը Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կեդրոն գիտահետազօտական հիմնադրամի կողմից տպագրուեց 2016 թուականին «Ժիրայր Նշանեան» հիմնադրամի հովանաւորութեամբ»,- պատմեց Մելինէ Անումեանը։
«Ցեղասպան պետութեան ակունքները» գրքի թարգմանութեան մասին
2023 թուականի վերջերին պարոն Աքչամը Մելինէ Անումեանին գրել է, որ ցանկանում է հայերէն հրատարակել «Ցեղասպան պետութեան ակունքները» գիրքը եւ խնդրել է նրան ստանձնել թարգմանչի աշխատանքը։
«Ես ի հարկէ սիրով ընդունեցի այդ առաջարկը, գիրքը հրատարակուեց «Newmag» հրատարակչութեան կողմից, եւ այսօր այդ կարեւոր աշխատութիւնն արդէն հասանելի է նաեւ հայ ընթերցողներին։ Թարգմանութիւնն աւարտել էի դեռեւս 2024 թուականին։ Ընդհանրապէս, ինձ հեշտ է տրւում նման մասնագիտական գրքերի թարգմանութիւնը, քանի որ ինքս լինելով պատմաբան թուրքագէտ՝ տիրապետում եմ այդ բառապաշարին, եզրաբանութեանը եւ պատմաքաղաքական իրադրութեանը։
«Ցեղասպան պետութեան ակունքները» աշխատութեան մէջ բազմաթիւ նոր փաստեր են դրւում գիտական շրջանառութեան մէջ, սակայն ինձ համար, որպէս գիտնականի, առաւելապէս ուշագրաւ էր գրքում հեղինակի կողմից առաջարկուող նոր թեզը Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրման պատմութեան մասին։ Փրոֆեսորն այս գրքում ամբողջովին նորովի մօտեցում է ցուցաբերում եւ նոր տեսութիւն առաջարկում, եւ եթէ այն ընդունուի թուրքական պաշտօնական պատմագրութեան մէջ (որն ի հարկէ քիչ հաւանական է Թուրքիայի ներկայիս ներքաղաքական իրավիճակում), ապա հարկ կը լինի վերստին շարադրել Թուրքիայի պետութեան ստեղծման պատմութիւնը․․․»,- մանրամասնեց Մելինէ Անումեանը։
Նա համագործակցել է ցեղասպանութիւնը ճանաչած այլ թուրքերի հետ։ Մասնագիտական գործունէութեան ընթացքում Անումեանը ծանօթացել է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած ու դատապարտած գրեթէ բոլոր թուրք ու քուրտ մտաւորականների հետ, մասնաւորապէս՝ թուրք գրող, իսլամացած հայութեան մասին բազմաթիւ գրքերի հեղինակ Քեմալ Եալչընի, Ֆրանքֆուրթում հիմնադրուած «Միութիւն ընդդէմ Ցեղասպանութեան» կազմակերպութեան նախագահ Ալի Էրթէմի, պատմաբան եւ հրապարակախօս, մի շարք գրքերի հեղինակ Այշէ Հիւրի, պատմաբան Սայիտ Չեթինօղլուի, հրատարակիչ Ռագըպ Զարաքոլուի, գրող Տողան Ակհանլըի, մտաւորական Հասան Պուրկուճուօղլուի եւ այլոց հետ։
«Պատահել է նաեւ, որ նրանց հետ մասնակցեմ համաժողովների եւ գիտաժողովների։ 2018 թուականին իմ թարգմանութեամբ Գերմանիայում հրատարակուել է Քեմալ Եալչընի «Վերջին ցանկութիւնս․ պոլսահայ Բրենդա Ժամկոչեան – Բաշարի յիշատակին» գիրքը։ Այդ գրքում ներկայացւում է Սթանպուլից Գերմանիա տեղափոխուած պոլսահայ մտաւորական Բրենդա Ժամկոչեանի կեանքի պատմութիւնը, որը, Թուրքիայում լինելով հայ համայնքի ներկայացուցիչ եւ բախուելով այստեղ փոքրամասնութիւն լինելու հետ կապուած բոլոր խնդիրներին, փորձել է Գերմանիայում օգտակար լինել տեղի փոքրամասնութեան ներկայացուցիչներին։
Յասմիկ Բալէեան