Ատրպէյճանի նպատակն Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումն է. Քաղաքագէտ
- (0)

Քաղաքական գիտութեան Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրէն Բենիամին Պօղոսեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մասին Ատրպէյճանի նախագահի օգնական Հիքմէթ Հաջիևի յայտարարութեանը։
Եթէ Ատրպէյճանը մինչև 2020 թուականի պատերազմը առաջնորդւում էր «Արցախը Ատրպէյճան է և վերջ» քաղաքականութեամբ, ապա այժմ պատերազմում յաղթելուց և Արցախի 75 տոկոսը օկուպացնելուց յետոյ որևէ հիմք չունի դրանից հրաժարուելու։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց իսրայէլագէտ Բենիամին Պօղոսեանը։
«Ատրպէյճանի դիրքորոշումը յստակ է, որ Արցախը դա Ատրպէյճան է, իսկ այն տարածքները, որտեղ հիմա ռուս խաղաղապահներն են տեղակայուած, իրենք դիտարկում են Ատրպէյճանի տարածք, որտեղ 2020 թ-ին նոյեմբերի 9-ի յայտարարութեան հիման վրայ ռուսական խաղաղապահներ են տեղակայուել»,- ասաց նա։
Իսկ 2020 թուականի նոյեմբերի 9-ի յայտարարութեան մէջ նշուած է, որ ռուս խաղաղապահներն Արցախում տեղակայուել են 5 տարի ժամկէտով, որը կարող է երկարաձգուել, եթէ կողմերից որևէ մէկը չառարկի նրանց ներկայութեանը։
Յայտարարութեան այդ կէտը բաւականին անորոշ է, քանի որ ոչինչ չկայ այն մասին, թէ ինչ է լինելու կողմերից մէկի առարկութեան դէպքում։
Պօղոսեանի խօսքով`հազիւ թէ Ռուսաստանն ուզենայ 2025 թուականի նոյեմբերին զօրքը դուրս բերել Արցախից, մինչդեռ Ատրպէյճանի նպատակը նրանց հեռացումն է, ու, քանի որ Ատրպէյճանում էլ են հասկանում, որ խաղաղապահները 2025-ին դուրս չեն գայ Արցախից, չի բացառւում, որ կողմերը բանակցութիւններ սկսեն ռուս խաղաղապահների` Արցախում մնալու վերաբերեալ։
Իսկ բանակցութիւններից առաջ Ատրպէյճանական կողմը բոլոր հնարաւոր մեթոդներով փորձում է սեփական դիրքերն ամրապնդել։
«Թէ Հաջիևի յայտարարութիւնը, թէ Ալիևի` ռուս խաղաղապահների հասցէին հնչեցրած ուղղակի և անուղղակի յայտարարութիւնները այդ մասին են վկայում»,- նշեց Պօղոսեանը։
Պօղոսեանի կարծիքով` չի բացառւում, որ Ռուսաստանի և Ատրպէյճանի միջև բանակցութիւնների արդիւնքում կնքուի մի նոր համաձայնագիր, որն արդէն իրաւական ուժ կ’ունենայ։
Յիշեցնենք, որ Ատրպէյճանի նախագահի օգնական Հիքմէթ Հաջիևը BBC-ին տուած հարցազրոյցում նշել էր, որ Արցախում ռուս խաղաղապահների մանդատի հետ կապուած իրաւական մեխանիզմների վերաբերեալ քննարկումները շարունակւում են։
armeniasputnik.am