«Ապերջանկութիւն» գեղարուեստական ֆիլմի բեմագրութեան վերաբերեալ

ՀԱՇՈՒԻ ԱՌՆԵԼՈՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԺԽՏՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ՓԱՍՏԸ ՆԱԵՒ ՖԻԼՄԱՐՈՒԵՍՏ՝ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ ԱՐԺԵՒՈՐՒՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՍՑԵՆԱՐՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱՅ ՖԻԼՄԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Թուրքիայի Հանրապետութեան ժխտողական քաղաքականութիւնն ազդել է ոչ միայն գիտական համաժողովների, քաղաքական որոշումների կայացման գործընթացի, այլ նաև մշակութային ոլորտի վրայ, որը սկիզբ է առել դեռևս 1920- ական թուականներից1։ Այսպէս, օրինակ, գիտակցելով արուեստի ուժն ու հոգեբանական ազդեցութիւնը հասարակութեան վրայ՝ թուրքական քաղաքական վերնախաւը ժամանակին դադարեցրել է Հայոց ցեղասպանութեան մասին պատմող առաջին գեղարուեստական «Հոգիների աճուրդ» ֆիլմի ցուցադրութիւնը2։ Այսօրինակ նախաձեռնութեան «յաջող փորձից» յետոյ փոխւում է ժխտողական քաղաքականութեան ծաւալման ռազմավարութիւնը, իսկ 2000-ականներից թուրքական ժխտողական քարոզչամեքենան սկսում է արտադրել պատմական դէպքերի վերաբերեալ իր պաշտօնական տեսակէտն արտացոլող ֆիլմեր3։

Հաշուի առնելով Թուրքիայի ժխտողական քաղաքականութեան ներթափանցման փաստը ֆիլմարուեստ՝ մեր օրերում արժևորւում են Հայոց ցեղասպանութեան թեմայով սցենարներն ու դրանց հիման վրայ ֆիլմերի ստեղծումը։ Այս համատեքստում կարևորւում է Լևոն Մուշեղի Ղազարեանի «Ապերջանկութիւն» գեղարուեստական կինոնկարի սցենարը, որը հետաքրքիր է, ինքնատիպ և ուսանելի։

Լևոն Ղազարեանը «հոգ է տարել», որ ընթերցողը (ապագայում՝ հանդիսատես) հայ ժողովրդի պատմութեան հիմնաքարային ժամանակահատուածներում վերապրի հերոսների (կերպարների) ցաւն ու բաժին հասած դժուարութիւնները (1915թ․, 1937թ․, 1993թ․): Միանգամայն հասկանալի է, որ Ղազարեանը քաջատեղեակ է Հայոց ցեղասպանութեան պատմութեան մանրամասներին և հետաքրքիր լուծումներ է առաջադրել սցենարում առաջ քաշուած խնդիրներին։ Գեղարուեստական ֆիլմի սցենարն առանձնանում է հերոսական կերպարների մէկտեղմամբ։

Հեղինակը ձգտել է իր կերպարներին ներկայացնել ոչ թէ «զոհի», այլ՝ «հերոսի» կարգավիճակով, որից, մեր խորին համոզմամբ, շահել է սցենարը։ Աւելին, այս պատմութիւնն ուղերձ է, յիշեցում, պատգամ, որ մեր ժողովրդի պատմութիւնը հերոսական է, մեր ժողովուրդը՝ հերոս։ Հարկ է նշել, որ հեղինակն այս պատմութեամբ ցոյց է տուել նաև հայ ժողովրդի միտքն ու կամքը, ինչպէս նաև՝ համարձակութիւնն ու խորագիտութիւնը։

Լևոն Ղազարեանը, երբ պատմութիւնն սկսում է օսմանեան իշխանութիւնների՝ հայերի հանդէպ ունեցած յատուկ վերաբերմունքով, իրականում փորձում է ցոյց տալ այն վտանգը, որը թաքնուած էր հէնց «կեղծ գնահատականի շռայլ գովեստում»։ Հետաքրքիր է օրինակ հայ գրերի գիւտի 1500 և տպագրութեան գիւտի 400-ամեակին նուիրուած համազգային տօնին «Միութիւն և առաջադիմութիւն» կուսակցութեան պարագլուխներից Ահմէտ Ճեմալ փաշայի ելոյթը․ «Այն ժողովուրդը, որ իր սեփական տառն ու մշակոյթը չունի, չի տարբերւում վայրենի ազգերից: Մինչդեռ հայն ահա իր առաջադիմական ոգու անհերքելի ապացոյցն է պարզում աշխարհի առաջ: Իւրաքանչիւր օսմանցու խղճի պարտքն է գնահատել քաղաքակրթութեան ասպարէզում հայի գրաուած բարձր դիրքը, մանաւանդ գեղարուեստի ու գրականութեան մէջ: Կառավարութիւնը պարծենում է դրա համար: Ատանայում կուսակալ եղած ժամանակ առիթ ունեցայ մօտիկից ճանաչելու հայերին և համոզուելու, որ ձեր ցեղն ամէնից հաւատարմօրէն է կապուած օսմանցիութեան ապագայի հետ»4:

Ինչպէս վերը յիշատակեցինք՝ Լևոն Ղազարեանն անցումներ է կատարում 1915 թուականից՝ 1937 թ․, ապա՝ 1993 թ․, վերադառնում 1915 թ․՝ հետաքրքիր լարուածութիւն ապահովելով․ օրինակ, ցոյց է տալիս Երևանում տիրող ծանր իրավիճակը, և իր հերոսների միջոցով ներկայացնում, որ կենսական տարրական պայմանների բացակայութեան պատճառով շատ ընտանիքներ մեկնում են արտերկիր5, սակայն իր հերոսներին «յիշեցնում» հայրենիք վերադառնալու մասին։

Սցենարը համեմուած է նաև սիրոյ ինքնատիպ պատմութեամբ (Գոհարի ու Սամուէլի), ովքեր կարողանում են պայքարել և ընդդիմանալով Գոհարի հօր` Արարատի յորդորներին, թէ՝ «․․․․Հիմա բոլորիս վիճակը ծանր է, ամուսնանալու մասին մտածելը` անիմաստ․․․»6, ամուսնանում են՝ գերադասելով «միասին մեռնելը»։

Լևոն Ղազարեանը Գրիգոր Զօհրապի կնոջ՝ Գլարա Զօհրապի կերպարի մէջ ամբողջացրել է հայ կնոջ ուժեղ յատկութիւնները։

Հեղինակի պատմութեան մէջ հետաքրքիր կերպով նկատելի են ոճրագործի՝ ցեղասպանութեան ժխտման օրինակներ, որոնք, ի դէպ տեղի են ունենում յանցագործութեանը համընթաց։ Ժխտումը ոճրագործի առաջին հակազդեցութիւնն է կատարուածին։ Այն կարելի է դիտարկել որպէս ինքնապաշտպանական բնազդ, խուսափում պատասխանատուութիւնից և այլն։ Հետաքրքիր է Մեհմէտ Թալեաթի և Զաւէն պատրիարքի երկխօսութիւնը՝ կապուած հայերի նկատմամբ իրականացուող համատարած սպանդի հետ։ Տեղին է մէջբերել Թալեաթի պատասխանը․ «Ինձ համար, անշուշտ, շատ հաճելի է, որ կրկին առիթ ունեմ այսպիսի սքանչելի մարդկանց հանդիպելու, բայց արժէ՞ր նման ոչ ճշտուած լուրերի համար այսքան անհանգստանալ ու նեղութիւն կրել ինձ մօտ գալու: Պատերազմ է, ինչ ասես կը պատահի, հապա ի՞նչ էք կարծում, ամէն ինչ էլ կը պատահի»7:

Մինչդեռ, երբ ոճրագործը շարունակաբար ժխտում է յանցանքը, աւելին, ստեղծում և մշակում է ժխտման նոր մեթոտաբանութիւն, ակնյայտ է, որ միտում կայ թաքցնելու յանցանքը, որը ծանրանում է պետութեան ուսերին։ հէնց այս խնդրին է անդրադառնում հեղինակը, երբ ներկայացնում է Սայիտ Հալիմ փաշայի հետևեալ ելոյթը․ «Ինձ վրայ տխուր պարտականութիւն է դրուած՝ մեճլիսին յայտնելու մեր հռչակաւոր պատգամաւորների մահը: Խօսքը վերաբերում է Էրզրումի պատգամաւոր Վարդգէս Սէրէնկիւլեանին և Պոլսոյ պատգամավոր Գրիգոր Զօհրապին, որոնք Տիարպեքիրի ճանապարհին դաժանաբար սպանուել են երկու բիրտ աւազակների՝ Չերքէզ Խալիլի և Չերքէզ Ահմէտի ձեռքով: Ոճրագործները Դամասկոսի ռազմական ատեանի կողմից դատապարտուել են մահուան, և վճիռն արդէն ի կատար է ածուած: Զօհրապ ու Վարդգէս էֆենտիները թուրքական մեճլիսի պարծանքն են եղել միշտ, նրանք իրենց փայլուն և կրակոտ ելոյթներով պաշտպանել են օսմանեան հայրենիքի բարձրագոյն շահերը: Թուրքիան կարող է հպարտանալ իր երկու արդարակորով ու արժանաւոր զաւակներով: Մենք խորին ցաւակցութիւն ենք յայտնում նրանց հարազատներին, բարեկամներին և անձամբ նաև Մեծ եպարքոս Մեհմէտ Թալեաթ փաշային, որի մտերիմներն են եղել մեր հանգուցեալ ընկերները: Խնդրում եմ մէկ րոպէ լռութեամբ յոտնկայս յարգել նրանց պայծառ յիշատակը….»8:

Ամփոփելով նշենք, որ Լևոն Ղազարեանի «Ապերջանկութիւն» գեղարուեստական կինոնկարի սցենարը յաջողուած է։ Այն հայ ժողովրդի պատմութեան ողբերգական էջերի միջև ամուր կամուրջներ կառուցող յաւերժի ճամփորդի իրապատում է, կամուրջներ, որոնք ընդդիմացան ծառացած դժուարութիւններին, լուսարձակեցին Հայաստանի նորոգ Հանրապետութեան դժուար տարիներին, հայրենիք բերեցին տարագիրներին՝ ապագայի հանդէպ հաւատով ու լաւատեսութեամբ։

 

Թեհմինէ Մարտոյեան

Պատմական գիտութիւնների թեկնածու

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.