Աշխարհը փոխեց վերաբերմունքը՝ տեսնելով, որ հայերը չեն պաշտպանում իրենց իրաւունքը․ Կիրօ Մանոյեան

Հայաստանի իշխանութիւնների կեցուածքը պատերազմից յետոյ անցած մէկ տարուայ ընթացքում, շատ երկրների մօտ ստեղծել է տրամադրութիւն, որ այդ հարցն իրենց շատ չի վերաբերւում. Եթէ Հայաստանն իր շահերը չի պաշտպանում, մենք ինչու պէտք է պաշտպանենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի ժամանակ իր խօսքում ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը:

Նա յիշեցրեց, որ դեռեւս 2009-ին, երբ ստորագրուեցին հայ-թուրքական արձանագրութիւնները եւ այն ժամանկուայ նախագահ Սերժ Սարգսեանը շրջագայում էր Սփիւռքի գաղթօջախներով, Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի ատենապետ Քէն Խաչիկեանը շատերի ներկայութեամբ Սերժ Սարգսեանին ասել էր. «Ձեզ ով է իրաւունք տուել մեր վաստակածը մսխելու»: «Այսօր էլ մենք ստիպուած ենք որպէս Հայ դատի յանձնախմբերի ցանց, ասելու իշխանութիւններին, որ դուք չէք կարող, իրաւունք չունէք հարուածելու ոչ միայն մեր այսօրուայ անվտանգութեանը, այլեւ մեր վաղուայ իրաւունքը: Այսօրուայ մեր դժուարութիւններից մէկն այն է, որ ՀՀ իշխանութիւնների կեցուածքը եւ մեր կեցուածքը տարբեր են: Դրա համար մենք անհանգիստ ենք, որ Վաշինգտոնից մինչեւ Գերմանիա դեսպաններ են նշանակուած մարդիկ, որոնք դիւանագիտական ասպարէզում փորձ չունեն»,-ասաց Մանոյեանը:

Նա նկատեց, որ եթէ մինչեւ վերջերս Արցախի ճանաչման ուղղութեամբ պէտք է համոզէին մարդկանց, որ եթէ չճանաչէք Արցախի անկախութիւնը, մարդկանց կեանքի ֆիզիկական սպառնալիք կայ, հիմա արդէն համոզելու կարիք չկայ, Ադրբեջանն ամէն օր դա ապացուցում է:

«Հայ դատի աշխատանքների համար կարեւոր է, որ այս իշխանութիւնները փոխուեն, որովհետեւ պարզ է, որ իրենք իրենց քաղաքականութիւնը դէպի դրականը փոխելու ոչ ունակութիւն ունեն, ոչ էլ ցանկութիւն».,-ասաց նա:

 

https://youtu.be/xhR6eZa3iFo

Leave a Comment

You must be logged in to post a comment.