«Անցել է 2,5 տարի․ ի՞նչ շահեցինք ու ի՞նչ կորցրինք… շահեցինք ոչինչ, կորցրինք գրեթէ ամէն ինչ». Վազգէն Մանուկեան

«Հայրենիքի փրկութեան շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգէն Մանուկեանն Փետրուար 5-ին հանդիպում ունեցաւ երիտասարդների հետ։ Հանդիպումը կազմակերպել էր ՀՅԴ երիտասարդական միութիւնը։

Հանդիպումն ընթացաւ հարց ու պատասխանի ֆորմատով։ Վազգէն Մանուկեանը  պատասխանեց երիտասարդների հնչեցրած բոլոր հարցերին։

«Հայրենիքի փրկութեան շարժման» վարչապետի միասնական թեկնածուն յիշեցրեց՝ 2018 թուականին ասպարէզ եկաւ մի ուժ, որն ասաց․ «Մենք երկիրը կը կառուցենք։ Ասացին՝ կը լինի օրինականութիւն, արդարութիւն, այնպիսի երկիր, որի մասին մարդիկ երազել են։ Անցել է 2,5 տարի․ ի՞նչ շահեցինք ու ի՞նչ կորցրինք։ Շահեցինք ոչինչ, կորցրինք գրեթէ ամէն ինչ։ Հարց է  առաջանում․ հնարաւո՞ր է նորից ոտքի կանգնել, շարունակել կառուցել այն երկիրը, որի մասին մենք երազում ենք։ Ես համոզուած եմ՝ հնարաւոր է․ դրա համար պէտք է հաւատ, կամք և աշխատանք», —  ասաց Վազգէն Մանուկեանը։

Երիտասարցների հարցին՝ իսկ ոտքի կանգնելու համար ո՞րը պէտք է լինի առաջին քայլը, Վազգէն Մանուկեանը պատասխանեց՝  առաջին կարևոր քայլն այս իշխանութիւնից ազատուելն է։

«Այս իշխանութիւնը պէտք է գնայ։ Ցանկացած իշխանութիւն, որն իր երկիրը հասցնում է կապիտուլիացիայի,  պարտաւոր է գնալ։ Մի երկիր, որտեղ չի խրախուսւում լաւը ու չի պատժւում վատը, ապագայ չունի։ Այս 2,5 տարուայ ընթացքում ոչ մի ոլորտում առաջընթաց չենք ունեցել», —  յայտարարեց Վազգէն Մանուկեանը՝ շեշտելով՝ Նիկոլ Փաշինեանը վատ ղեկավար է, և նա ինքնակամ չի հեռանալու, այս իշխանութիւնն էլ ինքնակամ չի հեռանայ։

«Նիկոլ Փաշինեանը վախենում է իր անվտանգութեան համար, և դա միայն  ֆիզիքական անվտանգութիւնը չէ, նաև դատարանն է․․․ Այս իշխանութիւնը մարդկանց խումբ է, որի ներկայացուցիչները ժամանակին լուացքի մեքենայի ապառիկի վճարումները չէին կարողանում տալ,  բայց հիմա ինքնաթիռներում են, դղեակներում են ապրում, իրար պարգևատրում են, պիւտճէն այնպէս են ծախսում, որ ոչ մէկը չի հասկանում՝ որ գումարն ուր է գնում․ նրանք այդքան հեշտ չեն հրաժարուի այս ամէնից։ Ժողովրդի ցասումն այնքան մեծ պիտի լինի, որ պետական  կառոյցները, ուժայինները  պէտք է ենթարկուեն ոչ թէ նրանց, այլ ժողովրդին», –  ասաց Վազգէն Մանուկեանը։

Նա փաստեց՝ Նիկոլ Փաշինեանը պարտուած մարդ է, նրա հետ հնարաւոր չէ ճանապարհ անցնել, նրան չեն ընդունում նաև միջազգային ասպարէզում։ Վազգէն Մանուկեանը նշեց՝ մենք չպէտք է հրաժարուենք մեր ազգային հաւակնութիւններից՝ մեր Արցախից, հզօր բանակ ունենալու, ուժեղ պետութիւն ունենալու, աշխարհի հետ մրցելու՝ մեր պոտենցիալից։
Նա հակիրճ անդրադարձաւ «Հայրենիքի փրկութեան շարժման»  հիմնական նպարակներին ու օրակարգին։

«Մեր օրակարգն է՝ առաջին՝ հերթին ազատուել Փաշինեանից, երկրորդ՝ ստեղծել ժամանակաւոր կառավարութիւն, որը կը կարողանայ վիճակը կայունացնել, շուտափոյթ հացերը լուծել և մէկ տարի անց ընտրութիւն անցկացնել, որ ժողովուրդը կարողանայ դրա  միջոցով իր իշխանութիւնը ձևաւորել։ Մենք հենց այդ ճանապարհով էլ գնալու ենք», — վստահեցրեց Վազգէն Մանուկեանը՝ շեշտելով՝ «Հայրենիքի փրկութեան շարժման»  սկսած պայքարից յետոյ վարչապետի հրաժարականը պահանջեցին բազմաթիւ հասարակական կազմակերպութիւններ, եկեղեցին, բազմաթիւ համալսարաններ, գիտութիւնների ազգային ակադեմիան։

«Իսկ բացասականն այն է, որ  չնայած՝  հարիւր հազարաւոր դժգոհ մարդիկ կան, բայց մենք չկարողացանք անել այնպէս, որ այդ բոլոր դժգոհ մարդիկ փողոց դուրս գան։ Սակայն, պէտք է հասկանալ՝ մարդիկ կոտրուած են։ Ամէն մէկը մի բան է կորցրել, մարդիկ կորցրել են Արցախը, կորցրել են հաւատը․․․ Մարդկանց այդ կոտրուած վիճակից պէտք է դուրս բերել, պէտք է ցոյց տալ, որ այս  ճանապարհը մեզ դէպի անդունդ է տանում,  բայց մենք ի վիճակի ենք դուրս գալ այս ճանապարհից ու այլ ճանապարհով գնալ առաջ։ Այս հաւատի վերականգնումն է  պակասում մեր ժողովրդի լայն հատուածներին։ Ժողովրդին պէտք է հոգատարութեամբ վերաբերուել, փաստարկներր բերել։ Մենք պէտք է  ժողովրդին բարձրացնենք, փոխենք այս իշխանութիւնը, որպէսզի կարողանանք գնալ առաջ», -ընդգծեց Վազգէն Մանուկեանը։

Յասմիկ Բալեյեան

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.