Անվտանգութեան խորհուրդն իր քարտուղարով դարձել է ՀՀ-ում Թուրքիայի դեսպանատուն․ Գեղամ Մանուկեան

Անվտանգութեան խորհուրդն իր քարտուղարով դարձել է ՀՀ-ում Թուրքիայի դեսպանատուն, իսկ խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը հանգիստ կարող է ասել, որ ՀՀ-ում Թուրքիայի դեսպանն է։ Այս մասին ՀՅԴ-ականների՝ Անվտանգութեան խորհրդի շէնքի մօտ տեղի ունեցած ակցիայի ընթացքում յայտարարեց ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան լրատուական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրէն Գեղամ Մանուկեանը։
Յիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը Հանրային ՀԸ եթերում 3 անգամ խուսափել է պատասխանել հարցին՝ Թուրքիան ՀՀ թշնամի՞ն է, թէ՞ ոչ՝ նշելով, թէ պէտք է մօտեցումներում որոշակի շտկումներ անել։
«Մարդ և կառոյց, որ Նիկոլ Փաշինեանի ձեռքում դարձել են գործիք՝ հայ ժողովրդի յիշողութիւնը, պայքարը, 1,5 միլիոն նահատակներին ուրանալու և Էրտողանի ու Թուրքիայի գիրկն ընկնելու համար։ Այդ մարդիկ իրաւունք չունեն զբաղեցնել որևէ պետական պաշտօն, նրանք պէտք է դուրս նետուեն պետական համակարգից, քանի Արցախեան պատերազմում տանուլ տալուց յետոյ յստակ քայլերով ՀՀ-ին նետում են Թուրքիայի գիրկը։ Ալիևը քիչ էր, հիմա արդէն Էրտողանն է»,-յայտարարեց Մանուկեանը։
Ըստ նրա՝ նոր չէ, որ գործող իշխանութեան կողմից վարւում է այս քաղաքականութիւնը։ «Դեռ երկու տարի առաջ ջահերով երթից յետոյ «նիկոլականներից» մէկն սպառնացել էր, որ քրէական գործ պէտք է յարուցել Թուրքիայի դրօշը վառողների դէմ։ Արդէն երկու տարուց աւել է՝ այդ իշխանութիւններն իրենց քաղաքականութեամբ, ամէնօրեայ գործունէութեամբ մոռացութեան են տալիս հայութեան յիշողութիւնը, ինչն անհնար է լինելու»,-ասաց նա։
Մանուկեանի խօսքով՝ պետական աշխատանքը, աշխատավարձը համայնքներում, Անվտանգութեան խորհրդում մարդկանց ստիպում են ուրանալ իրենց նախնիների յիշատակը։
«Դա անհնար է լինելու, հայ ժողովուրդը թոյլ չի տալու, որ ՀՀ-ն դառնայ Թուրքիայի վիլայէթներից մէկը։ Մի քանի օր առաջ հողատուն մարզերում սկսեց իր քարոզարշաւը, և բոլոր վայրերում կրկնում է «թշնամու թշնամի» մոլագար արտայայտութիւնը, որի նպատակը մէկն է՝ ապրիլի 24-ի նախօրեակին վիժեցնել աշխարհասփիւռ հայութեան, քաղաքական կառոյցների պահանջը, վիժեցնել հայ դատի համար պայքարը․ վիժեցնել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման համար պայքարը։ Հիմա շատ աւելի վտանգաւոր մի եզրագծի ենք հասել, որ գլխաւոր հողատուն փորձում է իբր կոմունիկացիաներ բացելով ու դրանով հայութեան օգուտների մասին խօսելով՝ ժողովրդի գլխից հանել նրա յիշողութիւնը»,-ասաց Մանուկեանը։
Վերջինիս կարծիքով՝ իշխանութիւնները 3 տարիների ընթացքում իրականացնում են հետևեալը՝ ՀՀ-ն զէնքերը վայր է դնում Թուրքիայի դէմ քաղաքական պայքարում, իր իրաւունքների, յիշողութեան համար պայքարում և գլուխը խոնարհում է Թուրքիայի առջև։
«Ցանկացած նման փորձ ձախողուել է և կը ձախողի։ ՀՀ-ում չի կարող լինել թրքահաճոյ, Թուրքիային ծառայող իշխանութիւն, որը հիմա կայ։ Թոյլ չենք տալու, որ ՀՀ-ում գործեն թուրքական գործակալները։ Դաւաճանները ծառայում են թուրքին, Ալիևին և այդ ծառայութեան համար զոհաբերեցին մեր հազարաւոր զաւակներին, մեր ժողովրդի լաւագոյն որդիներին»,-յայտարարեց Գեղամ Մանուկեանը։

Leave a Comment

You must be logged in to post a comment.