Անընդունելի է զուգահեռներ անցկացնել 1918-1920 թթ-ի եւ 2018-2024 թթ-ի հայկական իշխանութիւնների դրութեան եւ նրանց որդեգրած քաղաքականութեան միջեւ․ Գայիանէ Մանուկեան

Անընդունելի է զուգահեռներ անցկացնել 1918-1920 թուականների եւ 2018-2024-թուականների աշխարհաքաղաքական փոթորիկների առջեւ հայկական իշխանութիւնների դրութեան եւ, որպէս հետեւանք, նրանց որդեգրած քաղաքականութեան միջեւ։ Նման համադրութիւնը միայն անարգում է Հայոց պատմութեան փառապանծ էջերից մէկը, երբ Սարդարապատում յաղթական դրօշն է ծածանուել, եւ գաղափարական, ազգային ուժը վերականգնուել է 600 տարուայ ընդմիջումից յետոյ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆութիւնը, իսկ հետագայում նաեւ կազմակերպել է Սփիւռքն՝ իր ազգային ինստիտուտներով․․․ Համեմատել այդ նուիրեալներին՝ Արամներին, Դրօներին, Ռուբէններին, Նիկոլ Դումաններին եւ հայ ժողովրդի այլ փառապանծ որդիներին ազգադաւ խունտայի հետ՝ պարզապէս մեղսագործութիւն է։

Գայիանէ Մանուկեան

Նկատենք՝ մինչեւ 1920 թուականի գարուն փլուզուած Ռուսական կայսրութեան տարածքում՝ Ռուսաստանում, ընթանում էր թէժ քաղաքացիական պատերազմ, եւ ամենեւին յստակ չէր, թէ որ կողմն էր լինելու յաղթող, ուստի ՀՀ իշխանութիւնների համար կողմերից ոչ մէկը չէր կարող դիտարկուել որպէս Ռուսաստանի կեդրոնական իշխանութիւն։

1818-ից մինչեւ 1920-ի սկիզբը Ռուսաստանի հարաւային շրջանները վերահսկւում էին սպիտակեւարդիականների կողմից, եւ այդ տարածքով էր տեղի ունենում ամերիկեան հացահատիկի մատակարարումը հարիւր հազարաւոր սովալլուկ գաղթականներով Հայաստան։

Պոլշեւիկներն իրենք իշխանութեան են եկել Արեւմուտքի հետ իրենց սերտ գործակալական կապերի շնորհիւ։ Բաւական է նշել, որ նախայեղափոխական ժամանահակատուածում լենինեան կուսակցութիւնն իր համագումարները գումարում էր Լոնտոնում, իսկ պոլշեւիկեան կառավարութեան թիւ երկրորդ պարագլուխը՝ Տրոցկին, ԱՄՆ քաղաքացի էր։ Հետեւաբար՝ այն ժամանակուայ պոլշեւիկները իւրաքանչիւր հայ ազգային գործիչի համար չէին կարող ասոցացուել ռուս ազգային եւ հայրենասէր իշխանութեան հետ։

Պոլշեւիկներն ի սկզբանէ թշնամական դիրքորոշում որդեգրեցին ազգային աւանդական արժէքների եւ ինստիտուտների նկատմամբ, ինչպիսիք էին հայութեան պարագայում եկեղեցին-քրիստոնէութիւնը, հայ բուրժուազիան եւ վաճառականութիւնը, հողատէր գիւղացիութիւնը եւ սկզբնական շրջանում՝ նոյնիսկ ընտանիքը։

1918-ին նորաթուխ հայ պետական գործիչները չունէին ամբարուած պետական փորձ, որը յաջորդ 100 տարուայ ընթացքում ժառանգեցին յաջորդող քաղաքական սերունդները, եւ աշխարհն այդ ժամանակահատուածում այդպիսի ցնցումային իրադարձութիւններ թերեւս Հռոմէական կայսրութեան փլուզման ժամանակ էր ապրել, հետեւաբար պատմական զուգահեռներ անցկացնելու փորձառութիւն էր բացակայում։

Նման համեմատութիւնը միայն անարգում է Հայոց պատմութեան փառապանծ էջը։ Դա հաւասարազօր է ազգային արժէքների պղծմանը․․․ եւ որդեգրուած ազգադաւ քաղաքական ընթացքի եւ տրամաբանութեան շրջագծում է։

Գայիանէ Մանուկեան

«Երկիր»-ի նախկին խմբագիր

 

Comments are closed.