Այս իշխանութեան օրերը հաշուած են». Իշխան Սաղաթելեան

Այն տասնեակ հազարանոց հանրահաւաքները, որ ունենում ենք երեկոյեան՝ պէտք է ունենանք առաւօտեան, որ քաղաքը կասեցնենք․ յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը մայիսի 15-ին «Դիմադրութիւն» շարժման համահայաստանեան հանրահաւաքի աւարտին․

Նա նախ՝ յայտարարութիւն արեց․

Կառավարութեան շէնքի շրջափակման ժամանակ բազմաթիւ պետծառայողներ մեզ ողջունեցին, որոշները՝ միացան․ տեղեկութիւն կայ, որ նրանց նկարել են եւ փոխանցել իրենց նախարարին․ես պատասխանատու կերպով յայտարարում եմ՝ եթէ որեւէ աշխատակցի նկատմամբ լինի սպառնալիք կամ մարդն իր քաղաքական հայացքների համար հետապնդուի՝ այդ նախարարն ի դէմս մեզ հիւր է ունենալու․ բոլորս գնալու ենք իր աշխատասենեակ եւ բացատրենք՝ ինչը ինչից յետոյ է։

2020 թ-ի նոյեմբերից յետոյ Հայաստանում փոխուել է քաղաքական գործընթացների տրամաբանութիւնը․ այն դուրս է եկել ընդդիմութիւն-իշխանութիւն դասական ընկալումից։ Օրուայ իշխանութիւնն ասում է՝ ապագայ կայ զիջելով, մենք ասում ենք՝ ապագա չկայ զիջելով, մենք մերժում եւ անընդունելի ենք համարում երկրի ապագայի մասին օրուայ իշխանութիւնների պատկերացումները՝ համարելով դրանք ինքնաոչնչացման եւ կործանման ճանապարհ։ Հետեւաբար, այս իշխանութիւնների ընթացքը պէտք է կասեցնենք։

Մէկ անգամ եւս այս հրապարակից դիմում եմ Հայաստանի, Արցախի, Սփիւռքի պատասխանատու քաղաքական անհատներին եւ ուժերին, գիտական, մշակութային, հոգեւոր, գործարար համայնքին, պահանջատէր երիտասարդութեանը՝ դուրս եկէք փողոց մեր երկրի դէպի անդունդ ընթացքը կասեցնելու մանդատով, դուրս եկէք, միացէք ձեր քոյրերին, եղբայրներին՝ օր առաջ սրանց հեռացնելու։

Այն խնդիրները, որ մեր առջեւ դրել ենք՝ քայլ առ քայլ իրականացնում ենք։ Սրանց բոլոր հաշուարկները՝ ինչպէս մտածում էին, որ ժողովուրդը համակերպուել է պետականութիւնը կորցնելու հետ, այնպէս էլ մտածում էին, որ այս պայքարն ինչ-որ փուլի նահանջ կ’ունենայ, ես ձեզ վստահեցնում եմ՝ ամէն օր մեր պայքարին միանում են նորանոր շերտեր, մեզ անհրաժեշտ է կազմակերպուածութեան նոր մակարդակ, որպէսզի մեր շարժմանը նոր թափ եւ նոր ընթացք հաղորդենք․ մենք գնում ենք այդ ճանապարհով։

Ակնյայտ է՝ Նիկոլն իշխանութեան մնալու որեւէ ռեսուրս չունի, իր օրերը հաշուած են։

Ի՞նչ պէտք է անենք․

Փողոցային պայքարով, համընդհանուր համաժողովրդական ընդվզման միջոցով պէտք է երկրում ստեղծենք լիարժէք երկիշխանութիւն։ Դրա համար մեր անհնազանդութեան ակցիաները, բողոքները պէտք է նոր ծաւալների հասնեն, որ ապացուցենք, որ ինքը այլեւս իշխանութիւն չունի, եւ ժողովրդի իշխանութիւնն արդէն փաստ է եւ այս հրապարակում։

Դրա համար մենք պէտք է աւելացնենք ծաւալները։

Առաջիկայ գործողութիւնների մասին Իշխան Սաղաթելեանը նշեց․

 

Մայիսի 16-ի առաւօտից՝ ժամը 8։00-ից, պէտք է սկսենք անհանզանդութեան ակցիաներ, տեղի են ունենալու աւտոերթեր։

Հաշուի առնելով եղանակային պայմանները՝ վաղը հանրահաւաք չենք ունենալու, բայց ամբողջ օրուայ ընթացքում պէտք է շարունակենք անհնազանդութեան ակցիաները։

Իսկ երեքշաբթի օրն առաւօտեան համարում եմ շատ կարեւոր օր․

Այդ օրը առաւօտեան ժամը 8։00-ին պէտք է ամբողջ մայրաքաղաքում տեղի ունենան անհնազանդութեան ակցիաներ․ առնուազն մենք պէտք է ձեւաւորենք 80-100 խմբեր, ովքեր առաւօտեան 8։00-ին՝ թողնելով իրենց գործը, աշխատանքը, առօրեայ հոգսերը, պէտք է դուրս գան փողոց։

Այն բազմաքանակ, տասնեակ հազարաւոր հանրահաւաքները, որ ունենում ենք երեկոյեան, պէտք է ունենանք առաւօտեան, որպէսզի ամբողջ քաղաքը կասեցնենք։

Այն, ինչ այս օրերին մենք իրականացրել ենք՝ հսկայական գործ է ի պատիւ ձեզ, բայց շատ կարեւոր է, որ այս ամէն ինչը անենք նաեւ ոչ թէ աշխատանքից յետոյ, այլ առաւօտեան 8։00-ին, որ իրականում հասնենք գործադուլի եւ դասադուլի։

Հանրային գործիչները թող կոչ անեն իրենց ընկերներին, որ միանան իրենց կոնկրետ հասցէում։

Շատ կարեւոր է, որ երեքշաբթի առաւօտ 8։00-ին ամբողջ քաղաքում տեղի ունենան այդ անհնազանդութեան ակցիաները։

Իսկ երեքշաբթի երեկոյեան՝ 19։30-ին, տեղի է ունենալու հանրահաւաք։

Երեքշաբթի օրուանից շարժմանը ամբողջութեամբ նոր թափ ենք տալու․ մեր առջեւ դրուած խնդիրները, ինչին հասել ենք՝ բաւարար չէ, պէտք է կազմակերպուածութեան նոր մակարդակ, որ ձեռքբերումները դարձնենք անշրջելի։

Յոգնել չկայ, նահանջ չկայ, մինչեւ վերջ՝ յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

Leave a Comment

You must be logged in to post a comment.