Այսօր Վահան Յովհաննիսեանը կը դառնար 66 տարեկան
«…Ո՛չ Ղարաբաղեան շարժման սկզբում, ո՛չ Սպիտակի երկրաշարժի սարսափելի օրերին, ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ մութ ու ցուրտ, սովի 90-ականներին, ո՛չ, առաւել եւս, 2000-ականների սկզբին մենք չէինք կարող պատկերացնել, որ, որպէս ազգ ու երկիր, կարող ենք յայտնուել այն կեղտի մեջ, որում այսօր ենք: Հասկանալ իրադրութիւնը մեզ կ՚օգնի ոչ միայն այսօրուայ իրավիճակի` որպէս մեր քաղաքական պատմութեան առանձին փուլի, վերլուծութիւնը (մեր լրատվուամիջոցներում այդ թեմայով նիւթերի պակասութիւն չկայ), այլ նաեւ մեզ այսօրուայ աննախանձելի վիճակին հասցրած իրադարձութիւնների շղթայի սթափ ուսումնասիրութիւնը…». Վահան Յովհաննիսեանի՝ տարիներ առաջ ասուած այս խօսքերը գրեթէ ոսկերչական ճշգրտութեամբ բնորոշում են Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների և համայն հայութեան այսօրուան վիճակը:
Օգոստոսի 16-ին լրանում է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, մտաւորական, պատմաբան, քաղաքական գործիչ Վահան Յովհաննիսեանի ծննդեան 66 ամեակը:
1973 թ. Երևանի թիւ 55 դպրոցը աւարտելուց յետոյ, կիսատ թողնելով ուսումը Վ. Բրիւսովի անուան ինստիտուտում, Վահան Յովհաննիսեանը մեկնեց Մոսկուա և 1978 թուականին այնտեղ աւարտեց Մոսկուայի պետական մանկավարժական համալսարանը: Աւարտելուց յետոյ նշանակուեց աշխատանքի Հարաւային Սիբիրում գտնուող Երոֆէյ Պավլովիչ անունով մի քաղաք: Բայց Վահան Յովհաննիսեանը գերադասեց վերադառնալ հայրենիք և աշխատել գիւղում որպէս ուսուցիչ: Նա պատրաստ էր դասաւանդել ամէն ինչ` պատմութիւն, գրականութիւն, ռուսերէն, գերմաներէն: Սակայն, հայրենիքը, ի դէմս այն ժամանակուայ Կրթութեան նախարարութեան, անյարմար զգալով ուղիղ մերժել վտարանդու որդուն, պատասխանեց, որ նա ՌՍԴՀ կադր է և պէտք է աշխատի հենց Ռուսաստանում:
1989 թուականից Վահան Յովհաննիսեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ էր: Հայրենիքում կուսակցութեան պաշտօնական վերահաստատումից յետոյ 1990 թուականին ընտրուել է Դաշնակցութեան առաջին Կեդրոնական Կոմիտէի անդամ և գործուղուել Արցախ, ուր մասնակցել է ինքնապաշտպանութեան կազմակերպմանն ու իրականացմանը, և որտեղ վերջապէս պէտք եկան 5-րդ գրոհային բանակի զինուորական հրաձգարաններում ձեռք բերուած գիտելիքները:
1992 թուականին Վ. Յովհաննիսեանն ընտրուեց ՀՅԴ Բիւրոյի անդամ պարտականութիւնների մօտաւորապէս նոյն շրջանակով: Սակայն քաղաքական մթնոլորտը Հայաստանում շիկանում էր ՀՀՇական իշխանութիւնների ամէն մի ապաշնորհ սայթաքումի հետևանքով, և Ղարաբաղեան հարցից զատ Դաշնակցութեան առջև կանգնում էին նորանոր խնդիրներ:
Կուսակցութիւնը միւս ընդդիմադիր ուժերի հետ միասին հաստատուն քայլերով գնում էր դեպի յաղթանակ 1995 թուականի խորհրդարանական ընտրութիւններում: Դրանից խուսափելու նպատակով իշխանութիւնները մի շարք կեղծ քաղաքական գործեր մոգոնեցին` քրէական երանգներով, մեղադրեցին Դաշնակցութեանը բոլոր տեսակի մահացու մեղքերի մեջ և բանտարկեցին կուսակցութեան շատ ղեկավարների:
Գտնուելով կալանքի տակ` Վ. Յովհաննիսեանը 1997 թուականին հեռակայ կերպով ընտրուեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ: 1999 թուականից մինչ կեանքի աւարտը՝ 2014 թուականի դեկտեմբերի 28-ը, ՀՅԴ Բիւրոյի անդամ էր: