Այսօր Արցախի հերոս հրամանատար Պետոյի նահատակութեան 25-րդ տարելիցն է

Այսօր Արցախեան շարժման ու պատերազմի առաջամարտիկ ու հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար, Հ.Յ.Դաշնակցութեան գաղափարակիր, «Մարտական խաչ առաջին աստիճանի»  եւ «Ոսկէ արծիւ» շքանշանակիր Պետրոս Ղեւոնդեանի նահատակութեան օրն է:

Պետրոս Ղեւոնդեանը ծնուել է 1964թ. յունուարի 30-ին, Պռոշեան գիւղում։ Ղարաբաղեան շարժման ալիքի վրայ Հայաստանում օր օրի ահագնացող յուզումների, զանգուածային ցոյցերի մասնակից էր։ Բայց երբ օղակը սկսեց սեղմուել «Ազատութեան կղզեակի» շուրջ, նա, որպէս կամաւոր, մեկնեց Արցախ։

Երեւանի Պետական Համալսարանի ռադիոֆիզիկայի ուսանող Պետոն, մարտի դաշտում շատ արագ մայոր Պետրոս Ղեւոնդեան դարձաւ, ընտրոուեց Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար: Ոչ միայն մշակեց Օմարի լեռնացքի գրաւման դժուարին ծրագիրը, այլեւ իր գումարտակով, առանց զոհ տալու, իրականացրեց այն:

Շահումեանի շրջանում անցկացւած հէնց առաջին իսկ օրերից Պետոն աչքի ընկաւ մարդկանց հետ աշխատելու իր բացառիկ վարուելակերպով, մարդկանց հասկանալու կարողութեամբ:

1991 թ. ապրիլի 18-ին պռոշեանցիների խումբն ուղղաթիռով Շահումեանից մեկնեց Գետաշէն ու տեղ հասնելուն պէս Պետոն ու իր ընկեր Կարօտը անմիջապէս ներկայացան Թաթուլ Կրպէյեանին` քննարկելու իրենց ջոկատի հետագայ անելիքների մանրամասները: Դա Թաթուլի, Պետոյի եւ Կարօտի առաջին, եւ, ցաւօք վերջին հանդիպումն էր:

Մահը բազմիցս անցել է Պետոյի կողքով, սակայն նա Արցախի ամենաօրհասական օրերին, անգամ Գետաշէնի, Մարտունաշէնի ողբերգական դէպքերից յետոյ, երբեք չապրեց պարտուողի հոգեբանութեամբ, նրա դաւանանքը միայն յաղթանակն էր:

Անգամ Շահումեանի դէպքերի ողբերգական ընթացքն ու իր մարտական ընկեր-հրամանատար Կարօտի անհետանալու վիշտը չխանգարեցին, որպէսզի նա կորցնէր իր վճռականութիւնն ու անսասան ոգին:

Մի շատ հետաքրքիր պատմութիւն է՝ կապուած Պետոյի հետ: Մի անգամ, երբ Սրխաւենդի դիրքերում Պետոն մի քանի տղաների բացատրում էր ինչպէս պէտք է օգտագործել հակօդային հրթիռը, յանկարծ երկնքում յայտնւում է ադրբեջանական մի ռազմական ինքնաթիռ: Պետոն առանց վարանման՝ նշանառութեան է վերցնում արձակում հրթիռը ու կործանում է ինքնաթիռը:

Սակայն 1994թ. փետրուարի 14-ին Քելբաջարում, երբ նոր էր լրացել նրա 30 տարին, Պետրոս Ղեւոնդեանը զոհուեց:

Պետրոս Ղեւոնդեան Ղարաբաղեան ազգային-ազատագրական պայքարի լաւագոյն ներկայացուցիչներից է, ովքեր զգալով օրհասական պահը՝ աճապարեցին Արցախ, զէնքը ձեռքներին կանգնեցին ազերի հրոսակների հեղեղի առաջ, սեփական արեամբ ամրագրեցին մեր լինելութեան գաղափարը։

Պետոյի գործի միակ չափանիշը անմահութիւնն է, քանզի մահն անգամ նրան չբաժանեց իր ժողովրդից. Արցախի հերոս, ազատամարտիկ, հրամանատար Պետրոս Ղեւոնդեանը 1996 թւականին ԼՂՀ-ի կողմից յետմահու պարգեւատրուել է «Մրտական խաչ» շքանշանով: Նոյն թուականին ՀՀ-ի կողմից յետ մահու պարգեւատրուել է «Արիութեան» մեդալով, աւելի ուշ ստացել է «Ոսկէ արծիւ» շքանշան, արժանացել «Արցախի հերոս» կոչմանը: Նրա անունով են կոչւում Պռոշեանի, Եղեգնուտի եւ Քաշաթաղի շրջանի Տիգրանաւան գիւղի միջնակարգ դպրոցները: Իսկ 2007թ.-ին նրա հարազատ ֆակուլտետում բացուել է «Պետրոս Ղեւոնդեան» անունը կրող լսարան:

Պետոյի վերջին մարտի մասին կարդալ այստեղ՝

http://www.alikonline.ir/news/national/item/11550-%D5%8A%D5%A5%D5%BF%D5%B8%D5%B5%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%A8

Հրամանատար Պետոյի յիշատակին
Մեծ Մռաւից մինչ Հորադիզ
Փառքի ճամբայ ես անցել
Ու այդ ճամբին քո համբաւից
Մեր ձորերն են թնդացել:
 
Հրամանատար անվախ ընկեր,
Դաշնակցական քաջ զինուոր,
Քո քաջ բազկի հուժկու զարկից
Թուրքն էր ընկնում ամէն օր:
 
Դէպ Օմար սար, դէպ մեծ Ջամբազ,
Դէպի կարօտ սուրբ երդում,
Ուր Օմարում յաղթած վայրում
Լուսէ խաչն է իր կերտում:
 
(Կրկներգ) Հրամանատար …
 
Զինուորն ընկաւ, քաջ ֆեդային,
Մեծ Մռովը սարսռաց
Ու երկնքից ձմռան կէսին
Անձրեւ տեղաց՝ որպէս լաց:
 
Գնաց Պետօն, մեծ երամին
Մի նոր արծիւ միացաւ,
Փա՜ռք քեզ, Պետօ, փա՜ռք երամիդ,
Հայոց սրտերն դառնացան:
 
Դաշնակցական դու քաջ զինուոր,
Հրամանատար մեր ընկեր,
Քո բազուկի հուժկու զարկից
Քանի թուրքեր են սատկել:

Leave a Comment

You must be logged in to post a comment.