Ալիևի նպատակը մէկն է, որ Հայաստանը ձեռքերը լուանայ  և մի կողմ քաշուի, Ղարաբաղը մնայ միայնակ․ Վահրամ Բալաեան

Արցախի ՀՅԴ խմբակցութեան  պատգամաւոր , ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի  անդամ Վահրամ Բալաեանի խօսքով՝  հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը յաղթողի  դիրքերից է խօսում  Լեռնային Ղարաբաղի մասին, չնայած որ նոյն  բանն արդեն երեսուն տարի է` կրկնում է։ Նա Tert.am-ի հետ զրոյցում  նման դիտարկում արեց՝ անդրադառնալով  Ադրբեջանի նախագահի յայտարարութիւնին , որ Լեռնային Ղարաբաղ տարածքային միաւոր  չկայ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն այլևս լուծուած է։

«Իսկ թէ  ինչ ճանապարհով կը գնայ հարցի կարգաւորումը, դեռ պարզ չէ։ Ամէն դէպքում, միջազգային հանրութիւնը, մասնաւորապէս՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի նախագահը, Ֆրանսիայի նախագահը բաց տեքստով, իսկ ԱՄՆ-ը՝ տողատակերով յայտարարել են, որ հիմնախնդիրը պէտք է լուծել խաղաղ ճանապարհով, հիմնախնդրի խաղաղ կարգաւորման  անհրաժեշտութիւն  կայ»,- ասաց նա։

Յիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակի ղեկավարութեան  հետ հանդիպման ժամանակ յայտարարել  էր, Հայաստանը մի ճանապարհ ունի՝ նորմալ յարաբերութիւններ  հաստատել իր հարևանների հետ և հրաժարուել  տարածքային պահանջներից և ընդհանուր առմամբ, չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտայայտութիւնը»,- ասել է ադրբեջանցի ղեկավարը: Նրա խօսքով՝ «Լեռնային Ղարաբաղ տարածքային միաւոր գոյութիւն չունի, և ղարաբաղեան  հակամարտութիւն  հասկացութիւնը  չկայ»։

Վահրամ Բալաեանի խօսքով՝ եթէ ցանկանում ենք, որ հիմնախնդիրը խաղաղ լուծուի, բանակցութիւնները  շարունակուեն, պէտք  է սկսել Հայաստանից։ «Երկիրը պէտք  է ոտքի կանգնի և դառնայ  իսկապէս  Արցախի անվտանգութեան  երաշխաւորը։  Այսօրեայ  պարագայում դա տեսանելի չէ ամեն դէպքում»,- ասաց նա։

Արցախցի պատգամաւորի  նկատառմամբ՝ Ալիևի յայտարարութիւնը՝  խաղաղութեան  պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման վերաբերեալ հենց այդ նպատակն են հետապնդում՝ Հայաստանը Արցախից հեռացնել։

«Նպատակը մէկն է, որ Հայաստանը ձեռքերը լուանայ  և մի կողմ քաշուի, Ղարաբաղը մնայ միայնակ։ Գաղտնիք չէ, որ Ղարաբաղը միայնակ ի զորու չէ պայքարելու թուրք-ադրբեջանական տանդեմի դէմ։ Դա անհնարին է բոլոր առումներով՝ մարդկային, տնտեսական, ռազմական ռեսուրսով»,- ասաց նա։

Վահրամ Բալաեանի համոզմամբ՝ Հայաստանը պէտք է որոշակի դիրքորոշում ունենայ Արցախի ապագայի վերաբերեալ։ «Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետութեան բնակչութեան 25 տոկոսը իր քուէով մերժեց Արցախը, որոշեց տէր չկանգնել Արցախին։ Հարցը նրանում չէր, թէ  ընտրութիւններում  «Հայաստան» դաշինքը, թէ՞  «Քաղաքացիական պայմանագիրը» կը յաղթեր։  Հարցը վերաբերում էր Արցախի ճակատագրին։ Ցաւօք  սրտի, տեսանելի ոչինչ չկայ։  Տուեալ  պարագայում, որ ՀՀ քաղաքացին, այս դէպքում  25 տոկոսը, գնում, ձայն է տալիս՝ իր մտքում ունենալով, որ իր որդին Արցախում չի ծառայի կամ Արցախն իր համար գլխացաւանքը  է։ Այս ամենը տեսանելի է և շատ ցաւալի է։ Մեզ հենց այդ ճանապարհով յաղթեցին, որ տարիներ շարունակ պայմաններ ստեղծեցին, բաժանումներ արեցին՝ արցախցի, հայաստանցի․ այս ծրագրով կարողացան այնպէս  անել, որ հասնենք այս իրավիճակին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, թէ  ինչ է մտածում Արցախն այն պարագայում, երբ Հայաստանը կարծես ցանկանում է «ձեռքերը լուանալ»  Արցախից, ապա, ըստ Վահրամ Բալաեանի, իր յոյսը կապում է Ռուսաստանի մօտեցումների  հետ։

«Կարծում եմ՝ Ռուսաստանի Դաշնութիւնը  սկզբունքայնութիւն  կը դրսևորի․ այստեղ շահերի համընկնում կայ արցախահայութեան  և Ռուսաստանի Դաշնութեան  միջև։ Կարծում եմ, որ Արցախը, վերջիվերջոյ , այն կէտն  է, որը կարող է առաջիկայ  տասնամեակներում  Ռուսաստանի անվտանգութեան  համակարգի մի մասնիկը դառնալ, և այդ կտրուածքի  մէջ  կարող է արցախահայութիւնն  ապրել»,- ասաց նա։

Հռիփսիմէ Յովհաննիսեան 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.