Ազատութեան հրապարակում մեկնարկեց «Հայրենիքի փրկութեան շարժման» յամառ պայքարը․ այսուհետև ամէն օր բողոքի ակցիաներ են լինելու

Այսօր՝ փետրուարի 20-ին, Ազատութեան հրապարակում տեղի ունեցաւ «Հայրենիքի փրկութեան շարժման» կազմակերպած հանրահաւաքը՝ Նիկոլ Փաշինեանի և նրա իշխանութեան հրաժարականի պահանջով։

Յիշեցնենք՝ հանրահաւաքի օրը  յատուկ էր  ընտրուել․ 1988 թուականի փետրուարի 20-ին Ազատութեան հրապարակում տեղի ունեցաւ Արցախեան շարժման առաջին հանրահաւաքը։ Հանրահաւաքի կազմակերպիչները լիայոյս են, որ այս անգամ էլ հայ ժողովուրդը կը կարողանայ  իր իսկ ձեռքերով զարթօնք կերտել՝ ազատուելով  այս իշխանութիւնից։ Թէև հանրահաւաքի ողջ ընթացքում ձիւն էր տեղում,  դրսում բաւական ցուրտ էր, բայց այսօր էլ, ինչպէս 1988-ի օրերին, ժողովուրդը չհեռացաւ  Ազատութեան հրապարակից։

Հանրահաւաքի մեկնարկին հնչեց շեփորի այն մեղեդին, որը հնչում էր 1988-ի ղարաբաղեան շարժման ժամանակ, այնուհետև ելոյթ ունեցաւ «Հայրենիքի փրկութեան շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկեանը, որը կանգնած է եղել Արցախեան շաչժման ակունքներում։ Նա  յայտարարեց՝  Նիկոլ Փաշինեանի ու նրա թիմի պաշտօնավարումից ի վեր՝ մենք միայն կորուստներ ենք ունեցել։

«Ողբերգութիւն եղաւ, կորցրինք գրեթէ ամէն ինչ, պարտուեցինք պատերազմում, բանակը ջարդուեց, մեր ռազմական յաղթանակները ոչնչացան, պետութիւնն անկախ չէ, մեր անվտանգութիւնն ապահովում է Ռուսաստանը․․․ Այդ առումով մենք լրիւ դառնում ենք Ռուսաստանից կախուած: Սրանք մտածում են՝ եթէ գնան քծնեն Պուտինին, տակից իրենց ուզածն անեն, դա ընկերութիւն կը լինի: Ո՛չ, դա ընկերութիւն չէ․ անգամ բակի խաղերի ժամանակ  դա չէր անցնում», —  ասաց Վազգեն Մանուկեանը։

Նա յայտարարեց՝ թէև մեր երկիրն այսօր սարսափելի վիճակում է գտնւում, բայց, այդուամենայնիւ,  հնարաւոր է այս վիճակից դուրս գալ, պարզապէս դրա համար կայ նախապայման․ Փաշինեանի վարչախումբը պէտք է դուրս շպրտուի:

«Հայաստանը պէտք է եռայ, ամէն օր պէտք է լինեն ցոյցեր, պարալիզացվի քաղաքը, լինեն գործադուլներ: Աւտոշարայսիւներով պէտք է պտտուել ամբողջ Հայաստանով, ոտքի հանել մարդկանց եւ ջարդել այն յենարանները, որոնց վրայ յենւում է Նիկոլ Փաշինեանը», — յայտարարեց Վազգեն Մանուկեանը։

Հանրահաւաքի ընթացքում ելոյթ ունեցաւ նաև  ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանը, որը փաստական տուեալներով ներկայացրեց, թէ  ինչպէս է գահավիժել մեր երկրի տնտեսութիւնը։  Այնուհետև Բագրատեանը հայ ժողովրդին կոչ արեց ոտքի ելնել ու ձերբազատուել  այս իշխանութիւնից։

«Մեր երկրում համախառն ներքին արդիւնքը 2017 թ. աճել է 5,2 %-ով, 2018-ին՝ 5,2 %-ով, 2019-ին՝ 7․5 %-ով, 2020-ին պակասել է 7․5 %-ով։ Երբ ինքն ասում է, որ դա պանդեմիայի պատճառով է եղել, ապա ձեզ թւեր կարող եմ ասել, թէ այդ նոյն պանդեմիայի  ժամանակ  այլ երկրներում 2020 թուականին համախառն ներքին արդիւնքն ինչքան է պակասել․ Ադրբեջան՝ 4․3%, Վրաստան՝ 5 %, Ռուսաստան 3%, ԱՄՆ՝ 3․5%, Թուրքիայում և Իրանում տնտեսութիւնն աճել է», — ասաց Հրանտ Բագրատեանը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն էլ  իր ելոյթում յայտարարեց․ «Փետրուարի 20-ը յայտարարում ենք մեր շարժման նոր սկիզբ, նոր էջ ենք բացում ՀՀ ժողովրդի պատմութեան մէջ»։

Իշխան Սաղաթելեանը յաւելեց՝ երկուշաբթի օրուանից սկսած՝ ամէն օր տեղի են ունենալու բողոքի ակցիաներ, մինչև այս կառավարութիւնը հեռանայ։ Երկուշաբթի՝ ժամը 18։00-ին, Արաբկիրի Պրահայի այգու դիմացից սկսուելու է «Հայրենիքի փրկութեան շարժման» անհնազանդութեան երթը։

«Սա մէկ գործողութեամբ ակցիա չէ, այսպիսի գործողութիւններով և յամառ, ծրագրաւորած պայքարով  հասնելու ենք  չարիքի կառավարութեան հեռացմանը։ Հայաստանի Հանրապետութեան իւրաքանչիւր քաղաքացի իւրովի կարող է իր դժգոհութիւնն արտայայտել։

Սա տարբերուելու է մեր միւս արժանապատուութեան ակցիաներից, որովհետև սա լինելու է անհնազանդութեան ակցիա։ Երկուշաբթի օրուանից ամէն օր առանց դադարի մայրաքաղաքում, յետոյ մարզերում, անգամ ամենահեռաւոր գիւղերում լինելու են ակցիաներ։ Առանց շտապելու և առանց յապաղելու հասնելու ենք չարիքի կառավարութեան հեռացմանը», — եզրափակեց  Իշխան Սաղաթելեանը։

Հասմիկ Բալեյեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.