88-ի համաժողովրդական շարժման արդիւնքում ունեցանք պետականութիւն, ազատագրուած տարածքներ

1988 թուականի Փետրուարի 12-ին Արցախեան ազգային ազատագրական շարժումը մեկնարկեց Հադրութի հանրահաւաքից, որի մասնակիցները պահանջեցին Հայաստանի հետ Արցախի վերամիաւորումը: Հանրահաւաքի կազմակերպիչը Հադրութի երկրագիտական թանգարանի տնօրէն, իսկ աւելի ուշ ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանն էր, «Կռունկ» կոմիտէի անդամներ Իգոր Մուրատեանը, Գրիգորի Հայրապետեանը, Էմիլ Աբրահամեանն ու այլոք: Հադրութի հանդիպումը վերածուեց հանրահաւաքի։

Միաժամանակ նախօրէին՝ 1988 թուականի Փետրուարի 11-ին Ստեփանակերտում Ատրպէյճանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վասիլի Կոնովալովի եւ Լեռնային Ղարաբաղի առաջնորդ, մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կեւորկովի մասնակցութեամբ տեղի ունեցաւ մարզկոմի բիւրոյի նիստ, որի ընթացքում որոշուեց ԼՂԻՄ-ի շրջաններում՝ Հադրութում, Ասկերանում, Մարտունիում, Մարտակերտում, ինչպէս նաեւ մարզկենտրոն Ստեփանակերտում Փետրուարի 12-ին անցկացնել կուսակցական եւ տնտեսական ղեկավարների հանդիպումներ, արձանագրութիւններ կազմելով դատապարտել մարզում տեղի ունեցող իրադարձութիւնները՝ ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ վերամիաւորելու ստորագրահաւաքը, ղարաբաղեան պատուիրակութիւնների այցերը Մոսկուա։

Հասարակութիւնը պաստառներով քայլում էր փողոցներով՝ վանկարկելով «Մի-ա-ցում, մի-ա-ցում, մի-ա-ցում»: Կարճ ժամկէտում հանրահաւաքների ալիքը շրջաններից հասաւ մայրաքաղաք Ստեփանակերտ: Փետրուարի 13-ին ԼՂԻՄ-ում ընդյատակեայ խմբերը, որոնք ստորագրահաւաք էին կազմակերպել Ղարաբաղը Հայաստանին միաւորելու միջնորդութեամբ Մոսկուային դիմելու համար, առաջին խոշոր հանրահաւաքն են անցկացնում Ստեփանակերտի կեդրոնական հրապարակում, որտեղ տեղադրուած էր Լենինի արձանը։ Հանրահաւաքին մասնակցում էր շուրջ 8000 մարդ։

Արցախյեան շարժման ակտիւիստներից Համլետ Գրիգորեանը նշել է․ «Այդ պահին ամբողջ հրապարակը թնդաց, փոքրիկ երկրաշարժ տեղի ունեցաւ եւ դրանից յետոյ հայ ու ատրպէյճանցի իշխանաւորները ստիպուած էին գալ նստաշրջանին ու լսել նախագահութեանը։ Ֆանտաստիկ միաբանութիւն կար 80-ականներին»։

Շարժմանն իր ակտիւ մասնակցութիւնն է ունեցել ուսանողութիւնը, ուսանող ակտիւիստներից Սերգէյ Շահվերդեանը խօսելով այս մասին նշել է․ «Երեւի ամենայիշուող դրուագը Փետրուարի 13-ի առաջին ուսանողական ցոյցն է: Մենք իրեն անուանում ենք ուսանողական, որովհետեւ հիմնականում Մանկավարժական համալսարանի եւ Գիւղատնտեսական տեխնիկոմի ուսանողութիւնն էր: Ցոյցի մասնակիցները պատկերացում չունէին՝ այդ պահին կը հասնե՞ն իրենց տները թէ ոչ։ Դա շատ ծանր հոգեբանական պահ էր, որ յաղթահարեց ժողովուրդը, ու հենց այդ յաղթահարումը բեկում ստեղծեց Արցախեան շարժման մէջ. մարդիկ հասկացան, որ կարող են ազատ արտայայտել իրենց կամքը՝ գիտակցելով, թէ ինչ դժուարութիւններ ապագայում կը լինեն»։ Նա այլ առիթով, իր հարցազրոյցներից մէկում նշել է. «1988-ին շատ կարեւոր էր Արցախեան շարժումը ամրագրել իրաւական ուժ ունեցող որոշմամբ»։

Արկադի Կարապետեանը, ով ընդյատակեայ խմբերի ձեւաւորման նախաձեռնողներից էր նշել է․ «Արցախի ընդյատակեայ խմբերի իւրաքանչիւր անդամ իւրովի է ներգրաւուել շարժման մէջ: Մեզանից իւրաքանչիւրը կարող էր տարբեր մօտեցում ունենալ այս կամ այն հարցի շուրջ, կարող էինք համաձայն չլինել միմեանց հետ, բայց դա մեզ երբեք չէր խանգարել աշխատել միասին, ընկերութիւն անել եւ պայքարել մէկ նպատակի համար: Մենք՝ ընդյատակեայ ընկերներով, պատրաստ էինք կեանք տալ միմեանց համար: Շարժման ամենամեծ ձեռքբերումն էլ հենց դա է: Երբեւէ չեմ կասկածել ընկերներիս հաւատարմութիւնն եւ նուիրուածութիւնը: Համոզուած եմ, որ այդ վստահութիւնն էլ միաւորեց մեզ եւ յաղթանակ բերեց»։

Շարժումը շրջաններում նոր թափ էր ստանում, Ասկերանի շրջանում շարժման ակտիւիստ Ալիոշա Գաբրիէլեանի կարծիքով, անկախ քաղաքական զարգացումներից, 88-ի համաժողովրդական շարժման արդիւնքում ունեցանք պետականութիւն, Արցախի Հանրապետութիւն, ազատագրուած տարածքներ, ինչն ամենամեծ ձեռքբերումն էր։

Մարտունիում կայացած առաջին հանրահաւաքի ժամանակ ելոյթ ունեցած Եուրի Գրիգորեանը նշել է, որ եթէ ակտիւիստները նոյնիսկ կրակ էլ դառնային, էլի ոչինչ չէին կարողանայ անել, եթէ ժողովուրդը ընդունած չլինէր ոտքի կանգնելու որոշումը. «Ժողովուրդը զգում էր, որ թուրքական նուրբ դիւանագիտական եղանակով ազերիները յափշտակում են մեր պատմութիւնը, իսկ եթէ պատմութիւնը գողանաս, ժողովուրդը կը վերանայ»: