Արցախեան ճիհատի հրաւէրը անվտանգութեան նոր մարտահրաւէր է ստեղծում տարածաշրջանում


Հայաստանի Հանրապետութեան տարածքից ընդամէնը 700 քիլոմեթր հեռաւորութեան վրայ աշխարհն առերեսւում է  21-րդ դարի անվտանգութեան գլխաւոր սպառանլիքներից մէկի‘ «իսլամական պետութեան» ISIS արիւնոտ  եւ բարբարոս գործունէութեան հետ: Հնագոյն քաղաքակրթութեան գոհարներն ընկնում են մէկը միւսի ետեւից, միլիոնաւոր մարդկային  ճակատագրեր են խեղւում‘ դառնալով իսլամի ծայրայեղ չափաբաժնի գլխաւոր զոհերը: «Իսլամական պետութիւն» ծայրայեղական կազմակերպութիւնը,  որը հիմնուել է 2006 թուականին Իրաքում‘ որպէս «ալ Քաիտայի» ուղղութիւններից մէկը, այսօր աստիճանաբար ձեռք է բերում պետութեանը բնորոշ յատկանիշներ‘ տարածք, բնակչութիւն, վերահսկողութեան մեխանիզմներ, որոնցից կարեւոր են բանակը եւ կայուն պիւտճէն: Արդիւնքում, 2014 թուականի յունիսի 29-ին Իրաքի Մոսուլ քաղաքում Աբու Բաքր ալ Բաղդադիի գլխաւորած ահաբեկչական խմբաւորման կողմից Իրաքի արեւմուտքում գրաւած տարածքներում հռչակուեց խալիֆայութիւն:

Հռչակման ամսաթիւը պատահական չէ, քանի որ մահմետական աշխարհում այդ օրն սկսւում է Ռամատան սուրբ ամիսը: «խալիֆայութիւն» բառը նշանակում է խալիֆի ղեկավարութեան ներքոյ գտնուող իշխանութիւն: Խալիֆայութիւն առաջին անգամ ստեղծուել է Մուհամեդ մարգարէի մահուանից յետոյ‘ եօթերորդ դարում: Իսկ «խալիֆ» բառն արաբերէնից նշանակում է հետեւորդ, այսինքն‘ Մուհամէտի հետեւորդ: Խալիֆը հանդիսանում է իսլամական պետութիւնների գլխաւոր հոգեւոր եւ քաղաքական առաջնորդը: Նա հանդիսանում է ամբողջ աշխարհի մահմետականների հոգեւոր առաջնորդը: Նրան յաճախ անուանում են նաեւ Ամիր ալ-մումինին կամ հաւատացեալների տիրակալ:

Իսկ ի՞նչ է քարոզում նորօրեայ այս տիրակալը: Նա իր կոչերում յաճախ է նշում, որ իսլամը խաղաղութեան կրօն չէ, եւ իրենք չեն հանգստանայ‘ մինչեւ երկրագնդի վրայից չվերացնեն կամ դարձի չբերեն անհաւատներին: Բաղդադին ճիհատի կոչ է անում բոլոր մահմետականներին եւ առաջարկում է ամբողջ մարդկութիւնը բաժանել երկու հատուածի‘ մոճահետներ եւ հակառակորդներ‘ անհաւատներ:

Խալիֆայութեան հիմնական սկզբունքներից էր հետեւեալը‘ հիմնուել եւ ընդլայնուել: Խալիֆայութիւնը հիմնուեց Իրաքում եւ Սիրիայում գրաւուած տարածքների հաշուին եւ միտում ունի ընդլայնուելու եւ գրաւելու ու ազդեցութեան գօտիներ ստեղծելու այլ տարածքներում եւս: Այսօր համամարդկային այս սպառնալիքի ազդեցութեան ներքոյ է գտնւում Իրաքի, Սիրիայի տարածքների համապատասխանաբար 40 եւ 50 տոկոսը, որտեղ ընդհանուր առմամբ շուրջ 5 միլիոն մարդ է ապրում: Բացի այս ամէնից‘ Իսլամական պետութիւնը աշխարհի տարբեր մահմետական երկրներում ունի նաեւ 35 վիլայեթ: Իսկ վերջերս յայտարարեց Հիւսիսային Կովկասում ազդեցութեան գօտի կամ վիլայեթ ստեղծելու մասին‘ մատնանշելով, որ  հերթը հասնելու է նաեւ Ատրպէյճանին:

Ատրպէյճանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանն, անդրադառնալով «Իսլամական պետութիւն» ահաբեկչական կազմակերպութեան մուտքին Կովկաս, նշել է. «Իսլամական պետութիւնը երկու հիմնական նպատակներ ունի Կովկասում: Առաջինը‘ Հիւսիսային Կովկասում, որտեղ անկայունութիւններ հրահրելով, քայլեր է ձեռնարկում‘ ճնշում գործադրելու Ռուսաստանի վրայ‘ փոխելու Սուրիայի եւ Իրաքի նկատմամբ վերաբերմունքը: Իսկ երկրորդ նպատակը շիա դաւանանքի հետեւորդ Ատրպէյճանն է, որի մասին «իսլամական պետութիւնը» մէկ անգամ չէ , որ յայտարարել է»:

ԻՊ-ին հարողները վահապիզմի հետեւորդներ են եւ հակադրւում են իսլամի շիական ուղղութեանը, ուստի պատահական չէ, որ ի տարբերութիւն նախորդ ծայրայեղական կազմակերպութիւնների, որոնք պայքար էին մղում «մեծ շէյթանի» դէմ, այս կազմակերպութիւնն իր պայքարն ուղղում է նաեւ միեւնոյն հաւատակից, սակայն տարբեր դաւանանքի պատկանող ուղղութիւնների դէմ‘ որակելով նրանց «փոքր շէյթան»: Ատրպէյճանի բնակչութեան շուրջ 80 տոկոսը իսլամութեան շիա ուղղութեան հետեւորդներ են, իսկ 20-ը‘ սուննի: Գնալով Ատրպէյճանում լուրջ վտանգ է ներկայացնում սուննիզմի  ծայրայեղական ուղղութիւնների տարածումը, որոնք էլ դառնում են դէպի Սուրիա մեկնող եւ «իսլամական պետութեան»  շարքերում կռուող մոճահեդների հիմնական սնուցման օճախները:

Իրանի Արդեբիլ նահանգի այաթոլլա Սէիդ Հասան Ամելին Ատրպէյճանում գործող ծայրայեղական կազմակերպութիւնների մասին հերթական զեկոյցում անհանգստութիւն է յայտնել, որ այդ պետութիւնում առկայ Իսլամական պետութիւն ահաբեկչական խմբաւորման ներկայութիւնը լուրջ սպառնալիք է իրանեան նահանգին համար:

Այսօր ստոյգ տուեալներ չկան Իրաքի եւ Սուրիայի տարածքում կռուող Ատրպէյճանի քաղաքացիների վերաբերեալ: Այս թիւը տատանւում է 100-1000-ի սահմաններում: Ատրպէյճանական պաշտօնական աղբիւրները փորձում են ամէն կերպ թաքցնել կամ  նուազագոյնի հասցնել  ահաբեկչութեան սպասարկու իրենց քաղաքացիների քանակը, սակայն ատրպէյճանական մամուլի մէկի յայտնած տուեալների համաձայն, միայն Սուրիայում արդէն իսկ զոհուել է 200 ատրպէյճանցի:  Ընդ որում‘ հարկ է փաստել, որ Ատրպէյճանի քաղաքացիներն ընդգրկուած են եւ մարտեր են մղում ոչ միայն Մերձաւոր Արեւելքում գործող ահաբեկչական կառոյցների կազմում, այլ նաեւ մասնակցում են Փաքիստանում, Աֆղանստանում ընթացող ռազմական գործողութիւններին: «սրբազան պատերազմներին» մասնակցելու շարժառիթը ամենեւին էլ կրօնական պարտքը չէ, այլ այն հսկայական գումարները, որոնք ստանում են ահաբեկիչ-զինեալները:

Ատրպէյճանի  քաղաքացիների համար ահաբեկիչներին միանալու մի շարք դրդապատճառներ կան, որոնց թւում հարկ ենք համարում նշել երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, երիտասարդութեան շրջանում գործազրկութեան բարձր եւ կրթութեան չափազանց ցածր մակարդակը, ինչպէս նաեւ ալիեւեան վարչակազմի կողմից մօտալուտ պատերազմի եւ յաղթանակի չիրականացուած խոստումը:  Պատահական չէ, որ, օրինակ,  Պաքուից  ընդամէնը մի քանի քիլոմեթր հեռաւորութեան վրայ գտնուող Սումգայիթ քաղաքը, որը հիմնականում բնակեցուած է փախստականներով եւ սոցիալապէս ծանր վիճակում գտնուող քաղաքացիներով,  դարձել է ահաբեկչութեան հիմնական օճախներից մէկը:

Բայց կայ նաեւ մետալի միւս երեսը:  Չնայած տարածուած կարծիքին, որ ահաբեկիչների շարքերը համալրած ատրպէյճանցիները կռւում են յանուն փողի, Կովկասի մահմետականների առաջնորդ Ալահշուքիւր Փաշազադեն մէկ անգամ չէ, որ դժգոհել է‘ նշելով, որ իսլամական ծայրայեղականութիւնը տարածում է գտնում նաեւ մեծահարուստ ատրպէյճանցիների որդիների շարքերում: Դրանք  մի քանի դէպքեր են, սակայն անհանգստութիւն են առաջացնում Ատրպէյճանի հոգեւոր ղեկավարութեան շրջանում:

Յատկանշանական է, որ ատրպէյճանցիները յանուն փողի կռւում են ինչպէս «Իսլամական պետութեան» շարքերում, այնպէս էլ Ասատին սատարող վարձկանների թւում: «Իսլամական պետութեան» հովանաւորութեան տակ գտնուողները Սուրիա են ներթափանցում Թուրքիայի, իսկ Ասատի աջակիցները‘ Իրանի տարածքով: Եւ  ստացւում է այնպէս, որ յանուն փողի Ատրպէյճանի մի շարք քաղաքացիներ մարտնչում են  հակամէտ ճակատներում, ինչու՞ չէ‘ նաեւ միմեանց դէմ:

Մօտ կամ հեռու ապագայում պատերազմը Մերձաւոր Արեւելքում կը վերջանայ, եւ մոջահեդները տուն կը վերադառնան, որն իսկական քաոսի կը վերածի մեր հարեւան պետութիւնը:  Փորձենք անդրադառնալ այն մարտահրաւէրներին, որոնք պայմանաւորուած կը լինեն ծայրայեղականների վերադարձով: Այդ մարտահրաւէրները սպառնալու են ոչ միայն Ատրպէյճանին, այլեւ ողջ տարածաշրջանին:

Վերադառնալուն պէս իսլամիստ-ծայրայեղականների թիրախը կը լինեն գործող իշխանութիւնները, որոնց կը փորձեն բերել «ճշմարիտ» դաւանանքի: Իրատեսական ենք համարում իսլամական ընդդիմութեան ձեւաւորումը, որը կարող է լրացնել Ատրպէյճանում  ընդդիմութեան դաշտը: Ատրպէյճանում «Իսլամական ընդդիմութեան» վտանգն իրական է համարում նաեւ Կրօնական կառոյցների գծով պետկոմիտէի նախագահի նախկին տեղակալ, փորձագէտ Էլչին Ասկերովը: «չնայած ներկայ դրութեամբ այդ վտանգը դեռեւս փոքր է, բայց ասել, թէ այն բացակայում է, ճիշդ չէ: ճիհատի համար Մերձաւոր Արեւելք գնացողները մի օր կը վերադառնան: Նրանք պոտենցիալ վտանգի աղբիւր են Ատրպէյճանում: Չի բացառւում, որ նրանք կ՚ակտիւանան քաղաքական ուղղութեամբ եւս»,- կարծում է նա:

Հաշուի առնելով այս վտանգը‘ Ատրպէյճանի կրօնական եւ քաղաքական ղեկավարութիւնը փորձում է ճիհատիստների հնարաւոր  թիրախային նետը ուղղել Արցախեան հակամարտութեան ուղղութեամբ:  Մէկ անգամ չէ, որ  Կովկասի մահմետականների առաջնորդ Ալահշուքիւր Փաշաձադեն Ատրպէյճանի քաղաքացիներին կոչ է արել  չմեկնել օտար ափեր, այլ  ճիհատն իրականացնել Արցախի տարածքում: Սա Արցախեան հակամարտութեանը կրօնական երանգաւորում տալու ակնյայտ փորձ է, որ կարող է  բացասական հետեւանքներ ունենալ ինչպէս Հայաստանի, այնպէս էլ հէնց նոյն Ատրպէյճանի համար:

Արցախեան հակամարտութիւնն ի սկզբանէ չի ունեցել կրօնական ուղղուածութիւն, քանի որ Խորհրդային Միութեան աթէիզմի երկարատեւ ժամանակաշրջանում կրօնի ազդեցութեան մասին կարելի է խօսել մեծ վերապահումով:  Սկսած 1992 թուականից, Հայտար Ալիեւի ջանքերով, փորձ արուեց հիմնախնդրին հաղորդել կրօնական  բնոյթ‘ ակնկալելով իսլամական աշխարհի ներկայացուցիչների քաղաքական, ռազմական, տնտեսական աջակցութիւնը: Նման քարոզչութիւնը պարարտ հող գտաւ մի շարք իսլամադաւան երկրների շրջանում: Օրինակ, Փաքիստանը Արցախեան հակամարտութեան պատճառով ցայսօր  դիւանագիտական յարաբերութիւններ չի հաստատել ՀՀ-ի հետ:

Հօր քաղաքականութիւնը շարունակում է նաեւ որդի Ալիեւը, ինչն է կարող է դառնալ սեփական  իշխանութիւնը կորցնելու պատճառներից մէկը: Արցախեան հակամարտութիւն ներկայացնելով որպէս կրօնական հակամարտութիւն, Ատրպէյճանը պատերազմի պոտենցիալ գօտի է ստեղծում ճիհատիստների համար, որոնց հրապարակած քարտէսում մեր տարածաշրջանը եւս ընգրկուած է խալիֆայութեան մէջ: Մերձաւոր Արեւելքում որոշակի խնդիրներ լուծելուց յետոյ «իսլամական պետութեանէ գրոհայինները, Թուրքիայի տարածքը հատելով, կարող են յայտնուել Նախիջեւանում, իսկ այնտեղից էլ ծաւալուել դէպի Արցախ եւ դէպի Արեւելք: Բնականաբար, մեծ վտանգ կայ, որ  արմատականները կարող են յարձակուել նաեւ Հայաստանի վրայ, սակայն, դիտարկելով նրանց գործողութիւնների տրամաբանութիւնը, կարծում ենք, որ ռազմական գործողութիւնների առաջնային թիրախ կարող է հանդիսանալ Ատրպէյճանը, որը ռեսուրսապահովուածութեամբ կը բաւարարի իսլամիստների ախորժակը:

Որքան էլ «իսլամական պետութեան» ներկայցուցիչները հռչակում են ճիհատի մասին, այնուամենայնիւ‘  նրանք պատերազմում են յատկապէս այն վայրերում, որտեղ կան ածխաջրածնային հարուստ աղբիւրներ եւ գումարային ինքնաբաւութեան հնարաւորութիւն: Բացի այդ, նրանց գաղափարախօսութեան մէջ առանացքային դեր ունի «փոքր շեյթանի» կամ շիաների դէմ պայքարը, ուստի Ատրպէյճանի այս քաղաքականութեան սուրն առաջնային վտանգ է ներկայացնում հէնց իր համար: Սա նշանակում է նաեւ, որ Ատրպէյճանի իշխանութիւնների անհեռատեսութիւնը վտանգի տակ է դնում նաեւ ամբողջ տարածաշրջանի անվտանգութիւնը: Իսլամիստ ծայրայեղականների մուտքը տարածաշրջան կարող է աղէտալի հետեւանքներ ունենալ ոչ միայն հարաւկովկասեան հանրապետութիւնների, այլ նաեւ Իրանի համար, որը եւս արմատականներու հեռահար թիրախում է գտնւում:
Գիտակցելով ստեղծուած իրավիճակի լրջութիւնը‘ կարեւոր է, որ այս ոլորտում Հայաստանն ու Իրանը խորացնեն համագործակցութիւնը: Արցախեան պատերազմի տարիներին Իրանը կարեւորագոյն դերակատարութիւն ունեցաւ Իսլամական Համաժողով կազմակերպութեան շրջանակներում արցախեան հակամարտութեանը  կրօնական երանգաւորում տալուց խուսափելու հարցում: Հարկ է, որ Հայաստանը, օգտագործելով Իրանի հետ  աւանդական բարեկամական կապերը եւ իսլամական աշխարհում ունեցած նրա կշիռը, հէնց մահմետական երկրներում բարձրացնի իրազեկութիւնը եւ սանձազերծի հակամարտութեանը կրօնական բնոյթ տալու Ատրպէյճանի ջանքերը: Եթէ Իսլամական պետութիւնը հասնի մեր տարածաշրջան, ապա այդ պարագայում արդէն առկայ հակամարտութիւնները երկրորդական բնոյթ կը կրեն, եւ տարածաշրջանի երկրների ստիպուած կը լինեն միասնաբար պայքարել կործանարար չարիքի դէմ:

Հաշուի առնելով վերահաս վտանգի առկայութիւնը‘ կարեւոր է նաեւ խնդիրն ընգրկել հայ-ատրպէյճանական բարձրաստիճան բանակցութիւնների օրակարգ  եւ փորձել կանխարգելիչ ծրագիրներ մշակել: Ահաբեկչութեանը դիմագրաւելոււ վտանգը կարող է դառնալ այն ազդակը, որից էլ,  հնարաւոր է, սկսուի հայ-ատրպէյճանական համագործակցութիւնը:

Աննա ԲԱՐՍԵՂԵԱՆ

Վերլուծաբան

Անալիտիկոն


Leave a Comment

You must be logged in to post a comment.